Հայաստանը խթանում է երիտասարդների ներգրավվածությունը մասնակցային բյուջետավորմանը
8 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ, սկիզբ է դնում նոր նախաձեռնության՝ ուղղված մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։
Մեկնարկող ծրագրի շրջանակներում նախատեսվում է խթանել երիտասարդների իմաստալից և ազդեցիկ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում՝ ներառյալ մասնակցային բյուջետավորումը և քաղաքացիական մասնակցության այլ մեխանիզմները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Լարս Հեննիգը և պաշտոնատար այլ անձինք։
Միջոցառմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ծրագրի իրականացման ուղղությամբ շատ աշխատանք է տարվել, իսկ ՀՀ կառավարությունը շատ է կարևորել այս ծրագիրը։

«Մենք հաճախ ենք խոսում բարեփոխումների մասին, բայց պետք է խոստովանենք, որ դրանք միշտ չէ, որ տալիս են այն արդյունքը, որին սպասում է քաղաքացին։ Ինչո՞ւ, որովհետև օրենքները փոխելը հեշտ է, բայց մտածողություն, մշակույթ և վարքագիծ փոխելը՝ շատ դժվար։ Մենք հասկացել ենք մի կարևոր բան՝ առանց մարդկանց իրական մասնակցության, ներգրավվածության, նույնիսկ ամենալավ ծրագիրը կարող է պարզապես մնալ թղթի վրա։ Այստեղ է, որ ձեր դերը, սիրելի երիտասարդներ, դառնում է առանցքային և վճռորոշ։ Մենք ձեզ չենք դիտարկում որպես վաղվա օրվա կադրեր, դուք այսօրվա գործող անձինք եք։ Ձեր կրթությունը, նորարար միտքը և նույնիսկ ձեր քննադատական հայացքն այն է, ինչ պետք է պետական համակարգի ավելի արդյունավետ և նպատակային դառնալու համար, և հենց մասնակցային կառավարման մեխանիզմներն են այն գործիքը, որի միջոցով այս ներուժը կարող է վերածվել կոնկրետ արդյունքի»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ծրագրի մասնակից երիտասարդներին։
Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին դառնալ որոշումների կայացման իրական մասնակից, իսկ պետական մարմիններին՝ ավելի ճշգրիտ արձագանքել հանրային կարիքներին։
«Համայնքներում մենք հաջողել ենք մասնակցել բյուջետավորմանը, որը, կարծում եմ, այս տարիների մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է, և այն պարզապես ֆինանսական գործիք չէ։ Սա վստահության կամուրջ է քաղաքացու և պետության միջև։ Երբ դուք մասնակցում եք որոշում կայացնելու գործին, դուք դառնում եք այդ որոշման տերը։ Մենք ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ դուք ոչ թե ուղղակի տեսնում եք փոփոխությունները, այլ հենց դուք եք այդ փոփոխությունների հեղինակը»,-նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ կոչ անելով երիտասարդներին օգտագործել այս հարթակը։
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն էլ նշեց, որ, օրինակ, 2021 թվականին ՀՀ քաղաքացիները, մասնավորապես, երիտասարդները քիչ էին հետաքրքրված կառավարման գործընթացներով։

«Արդեն 5 տարի անց ես հասկանում եմ, որ էական փոփոխություններ ենք կարողացել ապահովել քաղաքացիների մասնակցության հետ կապված հարցերում՝ ներառյալ ՏԻՄ գործունեության հետ կապված մասնակցայնություն ապահովելու մասով։ ՀՀ համայնքները սկզբից՝ առանց Կառավարության ֆինանսական կտորի, իրականացնում էին մասնակցային բյուջետավորման ծրագիրը, և առաջին տարին այդ տողը բյուջետավորված է միայն համայնքային բյուջեներում։ Երբ հասկացանք, որ ծրագիրը հաջողությամբ առաջ է գնում, ՀՀ կառավարությունն առաջին տարում հատկացրեց 500 միլիոն դրամ՝ 4 համայնքների մասով, հետագայում արդեն 1 միլիարդ դրամ, 2 միլիարդ դրամ, և հիմա մենք մի քանի տասնյակի հասնող համայնքների մասնակցություն ունենք այս պրոցեսի մեջ»,-ասաց Դավիթ Խուդաթյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ մասնակցային բյուջետավորման ծրագիրը պետք է դառնա համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ամենախոշոր ծրագրերից մեկը։
«Պլանավորում ենք առաջիկայում հետզհետե հիմնական ֆինանսական կտորը Կառավարությունից ուղղել մասնակցային բյուջետավորման ծրագրին, այն պարզ տրամաբանությամբ, որ սա թիրախային ծրագիր է․ այսինքն՝ իրականացվում են կոնկրետ այն ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ, որոնք ընտրում են քաղաքացիները և քաղաքացիների հետաքրքրության թիրախում են։ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է ծրագրի հաջող իրականացմամբ, հետաքրքրված է երիտասարդների մասնակցության խթանմամբ, և առաջիկայում կկարողանանք նաև ավելի մեծ ծրագրեր իրականացնել՝ ավելի լայն աշխարհագրությամբ»,-մատնանշեց ՏԿԵ նախարարը։
ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյան էլ իր խոսքում կարևորեց ծրագրի իրականացումն ու որոշումների կայացման գործում երիտասարդների մասնակցությունը։

«Մասնակցության բարձրացմանը ԿԳՄՍՆ-ն միանշանակ կաջակցի, և կարծում եմ, որ Հայաստանի ամբողջ տարածքով ստեղծված մեր երիտասարդական կենտրոնների ցանցը կդառնա նման մի հարթակ՝ այս ծրագրերը կյանքի կոչելու և առաջնորդելու համար»,-ասաց նա։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Լարս Հեննիգը՝ ընդգծելով, որ ընդհանրապես աշխարհում երիտասարդների զգալի մասը զգում է, որ գործում է առանց որևէ լիազորությունների՝ իրեն համարելով խիստ անհատական և հասարակության համար պատասխանատու չլինելով, ինչը հայկական երևույթ չէ, այլ երևույթ է, որը գոյություն ունի առնվազն ամբողջ արևմտյան աշխարհում՝ նաև Գերմանիայում։

«Ժողովրդավարական համակարգերը պետք է լուծեն այս մարտահրավերը։ Կարծում եմ, որ սա սկսելու լավագույն վայրը տեղական մակարդակով բյուջետային գործընթացն է։ Այս ներառումը կարող է կառուցել վստահություն և պատասխանատվություն, որը երբեմն բացակայում է։ Կարծում եմ՝ այս համագործակցությունը ընդգծում է, որ մեր ընդհանուր պարտավորությունն է՝ խրախուսել քաղաքացիական ներգրավվածությունը և խթանել քաղաքացիների մասնակցությունը որոշումների կայացմանը, ինչպես նաև հաղթահարել այս մարտահրավերը, որի մասին նշեցի»,-ասաց Գերմանիայի փոխդեսպանը։
Միջոցառմանը ներկա պաշտոնյաները պատասխանեցին նաև ծրագրի մասնակից երիտասարդների հարցերին։
Ծրագրի մեկնարկային հանդիպման նպատակն էր ընդհանուր պատկերացում ձևավորել նախաձեռնության նպատակների, շրջանակի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Ծրագրի մեկնարկը տալիս են ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ։
