Ոստիկանների ատեստավորում․ համապարփակ բարեփոխում՝ միտված մասնագիտական աճին և սոցիալական վիճակի բարելավմանը
5 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող ատեստավորման գործընթացը ոչ միայն ծառայողների գիտելիքների և հմտությունների գնահատման մեխանիզմ է, այլև սոցիալական խթան՝ ուղղված աշխատավարձերի բարձրացմանն ու ծառայողական առաջխաղացմանը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովի անդամ Տաթևիկ Թևոսյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության համակարգում ներդրված ատեստավորման գործընթացը ձևավորվում է որպես կարևոր կրթական և սոցիալական բարեփոխում։ Այն միաժամանակ նպատակ ունի բարձրացնել ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը և բարելավել նրանց սոցիալական վիճակը, քանի որ ատեստավորման արդյունքներով պայմանավորված է նաև աշխատավարձի բարձրացումը։
Ավելին, ապագայում ծառայողական առաջխաղացման և այլ փոփոխությունների դեպքում հաշվի են առնվելու ծառայողների ատեստավորման արդյունքները։ Այս պահի դրությամբ ատեստավորման գործընթացն անցել են մոտ հինգ հազար ոստիկանության ծառայողներ, որոնք գրանցում են բավականին բարձր արդյունքներ։
«Ատեստավորումը բաղկացած է մի քանի փուլերից։ Առաջին փուլում ծառայողները հանձնում են մասնագիտական պիտանելիության և ընդհանուր զարգացվածության ստուգող թեստ։ Այս թեստի շրջանակում նվազագույն անցողիկ շեմը կազմում է 20 միավոր, իսկ առավելագույնը՝ 55 միավոր։ Թեստը ներառում է նաև հոգեբանական բաղադրիչ․ եթե անկեղծության մակարդակը հասնում է 10-ի, այն համարվում է չհաղթահարված, ինչպես նաև եթե պիտանելիության մակարդակը 50 և ավելի է, ծառայողը ևս համարվում է չանցած».- մանրամասնեց Թևոսյանը։
Հաջորդ փուլը ֆիզիկական պատրաստականության ստուգումն է, որի ընթացքում ծառայողները հանձնում են նորմատիվներ՝ 100 մետր վազք, 1000 մետր վազք, ինչպես նաև տղամարդիկ՝ պտտաձողի վարժություն, իսկ կանայք՝ համալիր ֆիզիկական վարժություններ։ Կառավարության որոշման փոփոխությունից հետո այս փուլին մասնակցում են բոլոր տարիքային խմբերը՝ անկախ նրանից՝ ծառայողը 50, թե ավելի բարձր տարիքի է։ Անցողիկ շեմը կազմում է նվազագույնը 8 միավոր։
Ֆիզիկական պատրաստվածության ստուգման փուլը հաղթահարելուց հետո իրականացվում է կրակային պատրաստականության ստուգում, որի ընթացքում ծառայողները կատարում են կրակային առաջադրանքներ։ Սահմանված է, որ երեք կրակոցի դեպքում նվազագույն անցողիկ շեմը կազմում է 15 միավոր։
Կրակային փուլին հաջորդում է մասնագիտական գիտելիքների ստուգումը, որը հանդիսանում է ատեստավորման եզրափակիչ փուլը։ Այն ներառում է ոստիկանության ծառայության բնույթին առնչվող բազմաբնույթ հարցեր՝ քրեական իրավունքից, քրեական դատավարությունից, վարչական իրավունքից և այլ ոլորտներից։
«Գնահատման սանդղակը հետևյալն է․ 26 միավորը համարվում է «բավարար», 35 միավորից սկսած՝ «լավ», իսկ 45 միավորից սկսած՝ «գերազանց»։ Գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողները վերջում անցնում են նաև հարցազրույցի փուլ»,- նշեց Տաթևիկ Թևոսյանը։
Ատեստավորման գործընթացում նախատեսված է նաև վերահանձնելու հնարավորություն։ Եթե ծառայողը չի հաղթահարում առաջին՝ ընդհանուր զարգացվածության փուլը, սակայն հաջողությամբ անցնում է մյուս երեք փուլերը, նա կարող է վերահանձնել առաջին քննությունը։ Սակայն եթե ծառայողը ձախողում է, օրինակ, ֆիզիկական պատրաստվածության կամ կրակային պատրաստականության փուլերը, ապա նա դուրս է մնում գործընթացից։ Ընդհանուր առմամբ, երկու քննության ձախողման դեպքում ծառայողը չի շարունակում ատեստավորումը։
Գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով բոլոր փուլերը տեսաձայնագրվում են։ Կառավարության որոշման փոփոխությունից հետո տեսաձայնագրությունները պահպանվում են մինչև ամբողջ գործընթացի ավարտը, ինչը հնարավորություն է տալիս բողոքարկման դեպքերում ապահովել օբյեկտիվ քննություն։
Ատեստավորումը նաև կարևոր մոտիվացիոն գործոն է Ոստիկանության ծառայողների համար։ Այն խթանում է աշխատել սեփական հմտությունների և գիտելիքների վրա՝ ձգտելով ստանալ բարձր գնահատականներ, որոնք անմիջականորեն ազդում են աշխատավարձի բարձրացման վրա։
Այս գործընթացը նաև խթան է հանդիսանում քաղաքացիների համար՝ համալրելու ոստիկանության շարքերը։
«Արդյունքում, ատեստավորումը ձևավորվում է որպես շարունակական գործընթաց, որը միավորում է մասնագիտական զարգացումն ու սոցիալական բարելավումը՝ նպաստելով ավելի արդյունավետ, պատրաստված և ապահովված ոստիկանության ձևավորմանը, որը ծառայում է պետությանն ու քաղաքացիների անվտանգությանը»,- եզրափակել է Թևոսյանը։
Լուսինե Ջալալյան