ԱԳ փոխնախարարը IFRC ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածների խնդիրները
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ապրիլի 27-ին ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (IFRC) գլխավոր քարտուղարի տեղակալ Քսավիեր Կաստեյանոս Մոսկերային:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով ցուցաբերվող հումանիտար աջակցության և զարգացման ծրագրերի կարևորությունը: Զրուցակիցները քննարկել են Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցերը:
Ընդգծվել է փախստականների սոցիալական և տնտեսական իրավունքների լիարժեք իրացման կարևորությունը՝ ապահովելով սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման հարցերում վերջիններիս ներգրավվածությունը:
Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և այս համատեքստում հնարավոր հումանիտար հարցերի հասցեագրման վերաբերյալ: