Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավված են շուրջ 21 հազար մասնակից, 77 միավոր տեխնիկա
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերում 2026 թվականի ապրիլի 26-ի առավոտյան ժամերից մեկնարկել և ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, շաբաթօրյակին ներգրավված են Գեղարքունիքի մարզպետի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի և Սևանի համայնքապետարանների աշխատակազմերի, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, պարեկային ծառայության, «Սեւան Ազգային պարկի», հանրակրթական և առողջապահական հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ։
Մարզային շաբաթօրյակի ախատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է շուրջ 21 հազար մասնակից, գործի է դրվել 77 միավոր տեխնիկա, 4034 գործիք։
Կուտակված աղբից մաքրվում են բնակավայրերի մայթեզրերն ու ճանապարհաեզրերը, պուրակներն ու զբոսայգիները, հուշարձանների, հիմնարկ-ձեռնարկությունների բակային տարածքները, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, լվացվում են հուշարձանները եւ շենքերի ճակատները։
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզպետի աշխատակազմից նշանակված պատասխանատուները կազմակերպում և վերահսկում են մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպման գործընթացը։
Մաքրման աշխատանքների հետ մեկտեղ համայնքների բնակավայրերի ներսում՝ մայթեզրերին ու հիմնարկ-ձեռնարկությունների բակային տարածքներում իրականացվում է ծառատունկ։