Սերունդներ, որոնք հիշողություն են կրում. Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների չսպիացող պատմությունը

4 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց  էլ վերապրածների ժառանգները շարունակում եմ կրել իրենց նախնիների հիշողությունն ու ցավը՝ փոխանցելով այն սերնդեսերունդ։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աստղիկ Ներսեսյանը պատմեց իր պապի՝ Ենովք Ներսեսյանի պատմությունը, ով 1915 թվականին Օսմանյան ճիրաններից հրաշքով փրկված մուսալեռցիներից մեկն էր։ 15 տարեկան էր Ենովքը, երբ սկսվեցին ջարդերն ու նա էլ իր համագյուղացիների հետ մասնակցեց Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերին, որտեղ և վիրավորվեց։

Նրան և իր համագյուղացիներին այդ ժամանակ հաջողվեց  փրկվել ֆրանսիական նավատորմի օգնությամբ։

1919-ին լույս տեսած իր հուշերում ֆրանսիական նավատորմի ծովասպա, թարգմանիչ Շառլ-Տիրան Թեքեյանը, որը գրող Վահան Թեքեյանի զարմիկն էր  և հատուկ դեր է խաղացել այս փրկագործության մեջ, պատմում է թուրքական ճիրաններից Մուսա լեռան հայերի փրկության մասին:

Վիրավոր Ենովքը ֆրանսիական նավով հասնում է Պորտ-Սայիդ նավահանգիստ, որտեղ որոշ ժամանակ մնալուց հետո նորից հետ է վերադառնում։

21 տարեկանում իրադարձությունները նորից կրկնվում են։ Ենովք Ներսեսյանը նորից հայտնվում է ֆրանսիական նավի վրա, հասնում Պորտ-Սայիդ և  հենց այստեղ էլ սիրահարվում է Օսմանյան ճիրաններից մազապուրծ եղած իր ապագա կնոջը՝ մուսալեռցի  ուսուցչուհի Մարիամ Շարբաթյանին։

1939 թվականին նրանք հաստատվում են Լիբանանի Այնճար ավանում, ունենում 7 զավակ, 21 թոռ։

1947 թվականին ընտանիքը  հայրենադարձվում է Հայաստան։

Պապիկի մասին պատմությունները Աստղիկ Ներսեսյանը լսել է իր տատիկից, քանի որ պապիկը ծանր հիվանդ էր և չէր կարողանում խոսել, միայն լաց էր լինում, երբ խոսք էր գնում 1915 թվականի դեպքերի մասին։

«Հիմա էլ ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս  ցավ ու պարտքի զգացողություն ունեմ»,-նշում է Աստղիկ Ներսեսյանը։

Ենովք Ներսեսյանի անձնական իրերը ընտանիքի անդամները հանձնել են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։

Խոտորջուր հայաբնակ գյուղաքաղաքը Էրզրումի նահանգի հայաշատ կենտրոններից էր: «Արմենպրես»-ի մյուս զրուցակիցը՝ խոտորջուրցի Վերգինե Գևորգյանը, պատմեց իր պապի հոր՝ Գալուստի պատմությունը, ում երկու երեխաները՝ Մանասն ու Երվանդը, ևս հրաշքով են փրկվել 1915 թվականի ջարդերից։

«Մեր ապուպապը մի լավ թուրք ընկեր է ունենում, ով 1915 թվականին գիշերով գալիս է Գալուստենց տուն  և հայտնում, որ վատ դեպքեր են սպասվում, և որ ինքն ուզում է երեխաներին՝ Մանասին ու Երվանդին փրկել»,-պատմեց Վերգինե Գևորգյանը։

1916 թ. փետրվարին, երբ ռուսական զորքերը գրավում են Խոտորջուրը, թուրքը լուր է ուղարկում և Գալուստին ասում, որ գան իրենց երեխաներին տանեն։

Վերգինե Գևորգյանի խոսքով՝ Խոտորջուրում ջարդերի ժամանակ Ճորոխ գետը շատերի գերեզմանն էր դարձել։

«Խոտորջուրցի աղջիկները թուրքերին կնության չգնալու համար գետն էին նետվում։ Շատերն են զոհ գնացել գաղթի ճանապարհին։ 7-8 հազար խոտորջուրցիներից շատ քչերն են ողջ մնացել»,-պատմեց նա։

Վերգինե Գևորգյանն իր ընտանիքին պատկանող իրերը հանձնել է Ցեղասպանության թանգարան։  Ապրիլի 24-ին նա  արցունքներով է հիշում իր պապերին, իրենց ցավոտ անցյալը։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։

Հայերեն العربية Türkçe

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ

Հայկական քոչարիի պես պետք է ընդհանուր ռիթմ գտնել նաև կենսաբազմազանության պահպանության բանակցություններում. Աստրիդ Շոմեյքեր