Երևանի Ծարավ աղբյուր թաղամասը նոր մանկապարտեզ կունենա. տրվել է շինարարության մեկնարկը
3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ծարավ աղբյուր թաղամասում հանդիսավոր կերպով դրվել է նոր, 6 խմբանի մանկապարտեզի հիմնաքարը, որը նախատեսվում է շահագործման հանձնել մոտ 10 ամիս անց։
Նախագծի ավարտից հետո հաստատությունը կընդունի շուրջ 180 երեխա՝ ապահովելով ժամանակակից, անվտանգ և կրթական բարձր չափանիշներին համապատասխան միջավայր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մանկապարտեզի կառուցումը հերթական կարևոր քայլն է Երևանի նախադպրոցական ենթակառուցվածքների զարգացման լայնածավալ ծրագրում։
Նա նշել է, որ քաղաքապետարանը ներկայում իրականացնում է 24 մանկապարտեզի շինարարություն, ինչպես նաև մի շարք հիմնանորոգման աշխատանքներ տարբեր վարչական շրջաններում։

«Միայն այս տարի նախատեսված է սկսել 13 մանկապարտեզի հիմնանորոգում։ Վերջին տարիների ընթացքում արդեն հիմնանորոգվել և վերաբացվել է շուրջ 45 մանկապարտեզ։ Այս տեմպով շարունակելով՝ մի քանի տարվա ընթացքում Երևանում բոլոր մանկապարտեզները կլինեն հիմնանորոգված կամ նոր կառուցված»,-նշել է քաղաքապետը՝ ընդգծելով ծրագրի երկարաժամկետ ռազմավարական նշանակությունը։
Ավինյանի տեղեկացմամբ՝ նոր մանկապարտեզներ են նախատեսվում նաև այլ տարածքներում, այդ թվում՝ Նոր Խարբերդում, որտեղ առաջիկայում ևս մեկնարկելու է մեծ խմբանի մանկապարտեզի շինարարությունը։

Քաղաքապետն անդրադարձել է նաև ժամանակավոր լուծում պահանջող խնդիրներին, մասնավորապես Կորեայի ձոր և Կիլիկիա վարչական հատվածներում, որտեղ երեխաները ժամանակավորապես տեղափոխվել են վարձակալված տարածքներ՝ մինչև նախագծման և շինարարության գործընթացների ավարտը։
Ծրագրի տեխնիկական մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը՝ նշելով, որ կառուցվող մանկապարտեզը համապատասխանելու է էներգախնայողության և միջազգային ժամանակակից բոլոր ստանդարտներին։

«Նախագիծը ներառում է նաև բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ինչը թույլ կտա ապահովել հարմարավետ միջավայր երեխաների համար։ Զուգահեռաբար իրականացնում ենք նաև մի շարք այլ մանկապարտեզների հիմնանորոգումներ և բակերի բարեկարգման աշխատանքներ»,-ասել է նա։
Թևոսյանի խոսքով՝ նախորդ տարի ավարտվել է 17 մանկապարտեզի բակերի բարեկարգումը, իսկ այս տարի աշխատանքներ են ընթանում ևս մի քանի տասնյակ օբյեկտներում, որոնք գտնվում են տարբեր փուլերում՝ նախագծումից մինչև ավարտական աշխատանքներ։
Նա նաև ընդգծել է, որ շինարարական հրապարակների կազմակերպման և անվտանգության պահանջները խստացվել են, իսկ փոշու վերահսկման նպատակով կիրառվում են ջրցան մեքենաներ և տեղային համակարգեր։
Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագրերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով ստեղծել անվտանգ, արդիական և լիարժեք հարմարեցված կրթական միջավայր Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Լուսինե Ջալալյան