Մշակույթ

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը տարեդարձը նշել է «Աշնանային բնապատկերների շարք» ցուցահանդեսով

3 րոպեի ընթերցում

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը տարեդարձը նշել է «Աշնանային բնապատկերների շարք» ցուցահանդեսով

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը (Վոլոդյա Մարգարյան), ավանդույթի համաձայն, տարեդարձը տոնել է ցուցահանդեսի բացմամբ։

Նրա ծննդյան օրը՝ ապրիլի 21-ին, նկարիչը «Վալմար» արվեստի սրահում արվեստագետներին ու արվեստասերներին է ներկայացրել «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է Վալմարին, նրան մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական բեղուն գործունեություն:

«Արդեն ավանդույթ է ձևավորվում ամեն տարի ապրիլի 21-ին ներկա լինել Ձեր նոր ցուցադրության բացմանը․ Ձեր ծննդյան օրը մեզ նվեր եք մատուցում՝ նոր ցուցադրությամբ ներկայացնելով նախորդ տարվա աշխատանքը: Ուզում եմ սիրով շնորհավորել նաև ցուցադրության առիթով և մաղթել, որպեսզի Ձեր էներգիան և նոր գործեր ստեղծելու եռանդն անսպառ լինեն։ Շնորհավորում եմ նաև բոլորիս, որ ամեն տարի առիթ ունենք վայելելու Ձեր ստեղծագործությունները»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել անվանի նկարչին ցուցահանդեսի համար:

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և գնահատանքի համար՝ նշելով. «Այսօր ներկայացնում եմ անցյալ մեկ տարվա աշնանային թեմայով ստեղծագործություններս: Ինքս եմ պահանջում իմ ներքնաշխարհից՝ ներկայացնել, թե ինչ եմ արել մեկ տարվա ընթացքում: Ստեղծագործելիս միշտ լսում եմ ներքին ձայնս և փորձում ապրած զգացողություններս հաղորդել ստեղծագործություններիս»:

Ժաննա Անդրեասյանը Վալմարի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել նկարչի ստեղծագործություններին՝ աշնանային նկարաշարին, զրուցել արվեստագետի առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին:

Ցուցադրությանը ներկայացված է Վալմարի 2024-2025 թվականներին ստեղծված Հայաստանի աշնանային բնապատկերների նկարաշարը: Վարպետը պատկերել է հայաստանյան բնապատկերները՝ վաղ աշնանից մինչ ուշ աշուն, և նկարաշարն ամփոփել այս տարվա հունվարին ստեղծած Ծաղկաձորի ձմեռային պատկերով:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է ավելի քան 58 անհատական ցուցահանդեսներով Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական երկրներում, Մերձավոր և Հեռավոր Արևելքում։ Նկարիչը նաև 140 խմբային ցուցահանդեսի է մասնակցել աշխարհի տարբեր երկրներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում