Վարչապետը նոր Սահմանադրության ընդունումը կարևորում է նաև քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից

6 րոպեի ընթերցում

Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Փաշինյանը շեշտել է, որ քրեական ենթամշակույթի քայքայիչ ազդեցությունը մեր իրականության մեջ բավարար չափով գնահատված չէ, և այն իր էությամբ հակասոցիալական, հակապետական և հակամարդկային ենթամշակույթ է։

«Դրա դեմ պայքարը առաջին հերթին կրթական և քաղաքակրթական գործիքներով պետք է կիրառվի, բայց և իրավապահ համակարգը պետք է ավելի ու ավելի կենտրոնանա այս խնդրի դեմ գործնական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու վրա»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ քրեական ենթամշակույթն այսօր մեր բազմաթիվ խնդիրների պատճառն է։ «Այդ թվում ներհայաստանյան հարաբերությունների շատ անցանկալի երևույթների վերաբերյալ մտածելիս՝ մենք տեսնում ենք, որ այդ երևույթները ուղղակիորեն կապվում են քրեական ենթամշակույթի հետ, այդ թվում՝ բանակում հարաբերությունների որոշակի ձևախեղումներ, երիտասարդության շրջանում հանրային հարաբերությունների որոշակի ձևախեղումներ։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ խնդրի լուծման համար կարևոր և էական նշանակություն ունի պետության և պետական ինստիտուտների կայացումը։ Եվ այստեղ էլ է նոր Սահմանադրության ընդունումը շատ էական, որովհետև, ըստ էության, քրեական ենթամշակույթի գաղափարաբանական հիմքը դիմադրությունն է պետությանը, պետական կարգին, օրինականությանը։ Այս նրբությունը շատերը չեն արձանագրում։ Քրեական ենթամշակույթի համար գողանալը նորմալ բան է՝ բոլոր մակարդակներում։ Քրեական ենթամշակույթի համար անձից գողանալը, պետությունից գողանակը, ընկերոջից գողանալը նորմալ բան է։ Իսկ իրավակարգը՝ Սահմանադրությունը, ընդհակառակը՝ ասում է, որ գողանալ չի կարելի և գողանալը պետք է բերի պատասխանատվության»,- ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ մեր իրականության մեջ պատմական ճեղք կա։

«Այդ պատմական ճեղքը հետևյալի մասին է։ Մեր վերջին հարյուրամյակների պատմական փորձը մեզ ասում է, որ ուրիշներն են մեզ համար սահմանել մեր ապրելու կանոնները։ Եվ մենք այս պատմական հիշողությունն ու այդ պատմական տպավորությունը դեռ չենք հաղթահարել։ Ինչո՞ւ, որովհետև չենք արձանագրել, և դա տեղի էլ չի ունեցել, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ժողովուրդն է իրավակարգի ստեղծման աղբյուրը։ Մեր պատմական հիշողությունը մեզ հետևյալն է ասում, որ Պարսկական կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հետո Օսմանյան կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ, հետո Ռուսական կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ, հետո Խորհրդային կայսրությունը մեզ պարտադրեց ապրելու որոշակի կանոններ։ Հայաստանի Հանրապետության դեպքում ուրիշ բան տեղի ունեցավ։ Ինչ-որ խումբ մարդիկ հավաքվեցին ու գրեցին Սահմանադրության տեքստ, հետո կազմակերպեցին հանրաքվե, որտեղ հանրաքվեի արդյունքում Սահմանադրությունը չստացավ ժողովրդի անհրաժեշտ ձայնը, բայց այն հռչակվեց ընդունված։ Ստացվեց, որ էլի ուրիշները մեզ համար սահմանեցին ապրելու կանոններ։ Եվ նաև քաղաքական այս իրավիճակում է, որ Հայաստանում հնարավոր չի լինում այդ քրեական ենթամշակույթը ոչնչացնել և վերացնել կամ առնվազն բերել մի մակարդակի, որ նկատելի չլինի։ Ինչո՞ւ, որովհետև ուրիշների կողմից հաստատված իրավակարգը ժողովրդի լեգիտիմությունը չի ստացել, իսկ ուրիշները տվյալ դեպքում հայաստանյան իրականությունից են։ Հետևաբար, այդ իրավակարգին դիմադրությունը քրեական ենթամշակույթի տեսքով ստանում է որոշակի ըմբռնում մեր հասարակության և իրականության մեջ։ Իրավակարգին դիմադրելն ընկալվում է որպես առավելության նշան, այնպես, ինչպես, օրինակ, Օսմանյան կայսրությունում էր այդպես ընկալվում՝ ենթագիտակցական մակարդակով։ Սրանք չափազանց լուրջ խնդիրներ են։ Եվ մենք շատ դեպքերում մեր պետական և հանրային պրոբլեմների հետ քրեական ենթամշակույթի և այս համատեքստի հետ ուղիղ կապը չենք տեսնում, բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք առերեսվենք այս խնդրի հետ»,- նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ քրեական ենթամշակույթը հիմնականում գրավիչ է դառնում տղաների համար, որովհետև հիմնական թիրախ խումբը տղաներն են։ Ինձ համար Հայաստանում ակնհայտ է մի երևույթ, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում աղջիկները, կանայք տեսանելիորեն ավելի բարձր մրցունակություն են ստանում։ Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ կանանց դերը Հայաստանում մեծանում է, կանանց մրցունակությունը կրթության և մնացած բոլոր ոլորտներում մեծանում է, բայց այստեղ խնդիրն այն է, որ տղաների մրցակցային վիճակը խաթարվում է առաջին հերթին քրեական ենթամշակույթի բերումով, երբ որոշակի խոչընդոտներ և պատնեշներ են դրվում, այդ թվում՝ քրեական ենթամշակույթի ազդեցությամբ, կրթության և տղաների միջև, իրավակարգի և տղաների միջև։ Եվ սա լրջագույն խնդիր է, որի հետ մենք պետք է առերեսվենք, և որը պետք է հաղթահարենք։ Եվ այստեղ էլ ես լուծումները ենթագիտակցական և սոցիալ-հոգեբանական մակարդակում տեսնում եմ նոր Սահմանադրության ընդունմամբ»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

Հայերեն English

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը

Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League - Rabat 2026»-ին

Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները