Շուրջ 173 մլն դրամ՝ Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման ծրագրին. այն ընդունվեց Երևանի ավագանու նիստում
2 րոպեի ընթերցում

Երևանի Աթենքի փողոցին հարող Հրազդանի կիրճի սկզբնամասից շուրջ 5.5 կմ հեռավորության վրա գտնվող հատվածում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի։ Ծրագրի իրականացման համար կհատկացվի 172 մլն 608 հազար դրամ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, ինչպես նաև սպորտային և տարբեր միջոցառումների անցկացման հարթակներ ու կինոդիտման տարածքներ։ Դրանք կծառայեն որպես սոցիալական շփման և հանգստի համար բարենպաստ միջավայր։
«Ծրագրով նախատեսվում է նաև բարելավել տրանսպորտային և հետիոտնային ենթակառուցվածքները, ինչի արդյունքում կիրճի հասանելիությունը կդառնա ավելի հեշտ և անվտանգ»,- նշեց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ նախագիծը Հրազդանի կիրճի վերակազմակերպման ընդհանուր հայեցակարգի մի մասն է։ Նրա խոսքով՝ արդեն առկա են մի շարք կոնկրետ ծրագրեր, և տվյալ նախագիծը մոտ ապագայում կմեկնարկի, քանի որ ընտրված է իրականացնող կազմակերպությունը։
«Ասիական զարգացման բանկի գործընկերների աջակցությամբ արդեն մշակվել է կիրճի ամբողջական վերակենդանացման հայեցակարգ, որը ներառում է մի շարք բաղադրիչներ, և տվյալ ծրագիրը ներառված է այդ ընդհանուր շրջանակում։
Բացի այդ, նախատեսվում է իրականացնել ևս երկու առաջնային ծրագիր, որոնցից մեկը ներառում է լայնածավալ քայլուղու և հեծանվուղու կառուցում։ Նախագիծն առաջարկվել է նաև մասնավոր գործընկերների կողմից՝ նրանց մասնակի ֆինանսական մասնակցությամբ»,-նշեց քաղաքապետը:
Երևան քաղաքի ավագանու նիստում նախագիծն ընդունվեց քվեարկության արդյունքում՝ 38 կողմ, 2 դեմ և 16 ձեռնպահ: