Մարզեր

Սյունիքի Հարժիս գյուղում նոր չափանիշներով մոդուլային դպրոց է կառուցվել

8 րոպեի ընթերցում

Սյունիքի Հարժիս գյուղում նոր չափանիշներով մոդուլային դպրոց է կառուցվել

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը (ՃՇՀԱՀ) Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում հյուրընկալվեց Հարժիս գյուղի նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոցում և ծանոթացավ կրթահամալիրի առանձնահատկություններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուսունողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանգամանորեն ներկայացրեց կառուցապատման աշխատանքների բնույթը, դրանց ոճական և քաղաքաշինական յուրահատկությունները։ Նրա տեղեկացմամբ՝ նախատեսված է Հայաստանում կառուցել նմանատիպ 300 դպրոց, Հարժիսի մոդուլային դպրոցի նախագիծն առաջիններից մեկն էր։   

«Այստեղ իսկապես ստեղծվել է բարեկարգ միջավայր։ Ե՛վ շինարարության, և՛ կրթության տեսանկյունից դպրոցն ապահովված է անհրաաժեշտ բոլոր պայմաններով։ Նախագծի համաձայն՝ այստեղ գործելու է նաև նախակրթարան։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին սաների թվաքանակը 74 է։ Ամեն ինչ արված է, որպեսզի տեղում կազմակերպվի ավելի լավ ու արդյունավետ դասապրոցես»,- ասաց Վարդանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ երբ մենկարկեց ՀՀ կառավարության «300 դպրոց» ծրագիրը, Հարժիսի մոդուլային դպրոցի կառուցապատումը դարձավ առաջին նախագծերից մեկը։ Դպրոցաշինական աշխատանքներում կատարվել են զգալի փոփոխություններ, իրականացվել է վերահատակագծում։ Հաշվի առնելով փորձն ու աշակերտների, ուսուցիչների արձագանքները՝ նմանատիպ դպրոցներն արդեն կառուցվում են բոլորովին այլ նախագծով։

ՃՇՀԱՀ պատվիրակության անդամներն անմիջականորեն ծանոթացան դպրոցի ինժեներական ենթակառուցվածքներին, կառուցապատման հետաքրքիր, արդիական լուծումներին և ֆունկցիոնալ առանձնահատկություններին, որոնք կիրառվել են կրթահամալիրի բոլոր հատվածներում։ Օրինակ՝ գործում է առանձին օդափոխություն խոհանոցային հատվածում և մյուս բաժանմունքների ընդհանուր համակարգում։ Խոհանոցն ու բուժկետն ունեն ելումուտի առանձին դռներ։

Ճարտարապետներն ու շինարարները մտածել են, թե ֆունկցիոնալ ինչ հատակագծային լուծումներ կիրառեն, որպեսզի շահագործումը լինի հնարավորինս հարմարավետ ու արդյունավետ։ Դպրոցի արտաքին պատերը երեսպատված են հատուկ ջերմակայուն ու երկարակյաց կոնստրուկցիաներով, որոնք անհրաժեշտության դեպքում հեշտությամբ փոխվում են։ Դպրոցում գործում է հակահրդեհային համակարգ, կան տարհանման համար նախատեսված ելքեր։ Տեղադրված է մաքրման ժամանակակից անհատական կայան, որտեղ կոյուղուց եկող ջուրը մաքրվում է և այն կարելի է օգտագործել ոռոգման նպատակով։

«Այստեղ կիրառվել են նաև էներգաարդյունավետությունը բարձրացնող մեթոդներ։ Բոլոր պարփակող պատերը ջերմամեկուսացված են, որպեսզի կրճատվեն դպրոցի շահագործման ծախսերը։ Ինքանաբավությունն ապահովելու նպատակով նմանատիպ բոլոր դպրոցների տարածքում տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ՝ նպաստելով ամբողջական էներգասնուցմանը։ Որտեղ գազամատակարարում չկա, ջեռուցումն իրականացվում է էլեկտրական կաթսաների միջոցով։ Մեկ տարվա ցիկլից հետո դպրոցի ամբողջ կոմունալ ծախսերը կազմում են ընդամենը մեկ միլիոն դրամ, մինչդեռ մեկ բնակարանի տարեկան կոմունալ ծախսերը կարող են ավելի շատ լինել։ Դպրոցի ընդհանուր ծախսերի հաշվեկշիռը ճիշտ հաշվարկելով՝ հնարավոր է ինքնաբավությունն առավելագույն չափով մեծացնել»,- ասաց Վարդանյանը։

Կրթահամալիրում կան համակարգչային լսարաններ, իսկ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն առարկաների համար նախատեսված դասասենյակները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներ պարունակող լաբորատորիաներով, ջրամատակարարում ապահովող սեղաններով։ Կառավարության ծրագրի համաձայն՝ կառուցվող, նորոգվող կամ հիմնանորոգվող բոլոր դպրոցները՝ անկախ տեղադիրքից, պետք է ունենան նմանատիպ լաբորատորիաներ, ինչը նախապես սահմանված պարտադիր պահանջ է։ Եթե փորձարկումների ընթացքում առաջանան որոշակի հոտեր ու գազեր, ապա դրանք դուրս կգան հատուկ օդափոխության համար նախատեսված քարշիչ պահարանի միջոցով։ Շինաշխատանքների նախագծման փուլում և կառուցապատման ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները։

«Նմանատիպ բոլոր դպրոցները, նախագծի համաձայն, ունեն համապատասխան գույքով կահավորված մարզադահլիճ և հանդիսաությունների սրահ։ Մարզադահլիճին կից կան հանդերձարաններ ու լոգարաններ։ Հարժիսի կրթահամալիրի շինարարությունը տևեց երկար ժամանակ, որովհետև մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, ըստ որի՝ զրո հանդուրժողականություն ենք ցուցաբերում անորակ աշխատանքների նկատմամբ։ Առաջին շինընկերությունը, որը ստանձնել էր կառուցապատման աշխատանքները, ժամկետների ու որակի խախտման պատճառով փոխվեց, նրա հետ պայմանագիրը խզվեց, ու ներգրավվեց նոր շինարար։ Ճիշտ է կորցրինք ժամանակ, բայց կարողացանք դպրոցը հավուր պատշաճի հասցնել ավարտուն տեսքի»,- ասաց Վարդանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ անորակ շինարարություններից հետագայում խուսափելու համար արվել են ինստիտուցիոնալ քայլեր։ Ըստ այդմ՝ Կառավարության կողմից սահմանված կարգով կգործի վարկանիշավորման համակարգ, որով անցնելու են ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր շինարարական, նախագծային և տեխնիկական վերահսկողություն սահմանող կազմակերպությունները։

«Ցածր վարկանիշ ունեցողներին պարզապես կարգելվի մասնակցել պետական և համայնքային գնումներին, իսկ բարձր վարկանիշ ունեցողները կխրախուսվեն տարբեր եղանակներով։ Օրինակ՝ կնվազեցվեն նրանց բանկային երաշխիքները։ Մենք տեխնիկական հսկողության եվրոպական մոդելը ներդնում ենք Հայաստանում՝ գրեթե բացառելով անորակ շինարարությունը։ Այն անցել է փորձարկման բազմաթիվ տարիներ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում։ Հակակշիռների ինստիտուցիոնալ համակարգն այնպիսին է, որ պետական և համայնքային մարմիններին հընթացս հայտնի է դառնալու, թե կոնկրետ որ օբյեկտում է իրականացվում անորակ աշխատանք։ Համակարգն ավելի շատ ունենալու է վերահսկողական կանխարգելիչ գործառույթ և վերաբերելու է ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կամ համայնքային բյուջեով իրականացվող շինարարությանը»,- հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Նման դպրոցները նախատեսված չեն միայն դասաժամերի համար, դրանք համայնքային յուրատեսակ կենտրոններ են, որոնցից օգտվում են նաև մեծահասակ բնակիչները, եթե խոսքը վերաբերում է մարզական կամ մշակութային միջոցառումներին։ Հարժիսի մոդուլային դպրոցին կից կառուցվել են խաղահրապարակներ ու ջերմոց։ Նմանատիպ դպրոցներում կան նաև ապաստարաններ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են տարբեր իրավիճակներում ծառայել ոչ միայն աշակերտներին և ուսուցիչներին, այլև համայնքի մյուս բնակիչներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում