Հանրային տրանսպորտում ուղեվարձերի վերահսկողության փոփոխություններից հետո հավաքագրվող գումարը կրկնապատկվել է
3 րոպեի ընթերցում

Վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո հանրային տրանսպորտում օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որն ուղղվում է տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը և համապատասխան այլ խնդիրների լուծմանը, դարձել է մոտ 65 միլիոն դրամ։
«Արմենպրես»-ի՝ հանրային տրանսպորտում ուղեվարձերի չվճարման խնդրի ու դրա վերահսկողության վերաբերյալ հարցին ի պատասխան, այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Իրականում, վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո մենք արձանագրում ենք, որ հանրային տրանսպորտում օրական միջինում հավաքագրվող 37 միլիոն դրամը, որն ուղղվում է մեր հանրային տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը և տրանսպորտի հետ կապված այլ խնդիրների լուծմանը, դարձել է մոտ 65 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ մենք որոշակի խնդիր ունեինք այդտեղ, որի մասին գիտեինք և որոշակի հանդուրժողականություն ցուցաբերում էինք, քանի որ համակարգը նոր էր ներդրված։ Դեռևս ունենք տեխնիկական խնդիրներ և հարցեր, բայց գալու էր այն օրը, որ վերահսկողական մեխանիզմների և խստացման միջոցով մենք այդ հավաքագրումն իրականացնելու ենք, և հիմա տեսնում ենք հենց այդ պրոցեսը»,-ասաց Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց պայմանագրային պարտականությունները իրականացնող բոլոր աշխատակիցներին, վարորդներին, ինչպես նաև նրանց աջակցող ուղևորներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չվճարողից դարձել են վճարող։ Դա շատ կարևոր քայլ է, և իրականում մեր գիտակցության մեջ շատ բան, կարծում եմ, պետք է փոխվի, որովհետև որևէ ծառայությունից օգտվելու համար մենք պետք է հասկանանք՝ պարտավոր ենք վճարել, որպեսզի այդ ծառայությունը շարունակի մնալ որակով և ունենանք հնարավորություն հարկ եղած ժամանակ նոր ավտոբուսների գնում իրականացնել, հին ավտոբուսները փոխարինել»,-հավելեց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ շուտով 45 նոր տրոլեյբուս կլինի Երևանում, բացի այդ, հայտարարվել է 170 նոր ավտոբուսի գնման մրցույթ։
«Այս ամենը շարունակական ապահովելու համար պետք է կարողանանք նաև մեր վարքի մեջ որոշակի փոփոխություններ անել, ուզում եմ արձանագրել, որ 2 շաբաթվա աշխատանքը շատ կոնկրետ և շատ մեծ արդյունքներ է տվել, և կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ մոտավորապես 37 միլիոնը երբ դառնում է 65 միլիոն, համարյա կրկնակի աճ՝ իրականում մեծ արդյունք է»,-եզրափակեց Ավինյանը։
