Նոր Սահմանադրության ընդունումը բացառապես ՀՀ ներքաղաքական օրակարգի հարց է․ Արթուր Հովհաննիսյան
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող հայտարարություններին, թե վերջնական խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Հովհաննիսյանն ընդգծել է՝ Հայաստանի իշխանությունները դեռևս 2019 թվականից բազմաթիվ անգամներ խոսել են նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։
«Նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես Հայաստանի ներքաղաքական օրակարգի հարց է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է պատգամավորը։
Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար որևէ նախապայման չի դնում, որովհետև դա փակուղի տանող ճանապարհ է։
«Թե գերիների վերադարձի հարցը, թե Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը հնարավոր է լուծել խաղաղության պայմաններում, և մենք գնալու ենք այս օրակարգով, ինչի մասին բազմիցս խոսել ենք։ Մենք որևէ նախապայման չենք դնում, որովհետև նախապայման դնելը, ըստ էության, փակուղի տանող ճանապարհ է և խնդիրները չլուծելու մասին է»,- ասել է Հովհաննիսյանը։
Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանական կողմը դրանից հետո հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրի այն ժամանակ, երբ Հայաստանը կփոխի իր Սահմանադրությունը՝ պնդելով, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հերքել են Բաքվից հնչող պնդումները, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։