Մերձավոր Արևելք

Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից

3 րոպեի ընթերցում

Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ կեսգիշերին մեկնարկած 10-օրյա հրադադարը ժամանակավոր է, և որ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր չէ դուրս գալ Լիբանանի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է և կշարունակի պահպանել բոլոր այն տարածքները, որոնք մաքրել և գրավել է։ Լիբանանում ցամաքային գործողությունները և Լիբանանի ողջ տարածքում «Հեզբոլլահ»-ի դեմ հարվածները բազմաթիվ նվաճումների են հանգեցրել, բայց դրանք դեռևս չեն ավարտվել», - նշել է Կացը։

Նա նշել է, որ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի կիզակետում է, և որ ռազմական գործողությունները ժամանակավոր են սառեցվել

««Հեզբոլլահ»-ի զենքի ռազմական կամ դիվանագիտական ​​միջոցներով ոչնչացումը եղել և մնում է արշավի նպատակը, որին մենք հավատարիմ ենք», - շեշտել է նա՝ հավելելով, որ ներկայում ԱՄՆ նախագահի անմիջական ներգրավվածության միջոցով ստեղծվել է նաև նշանակալի դիվանագիտական ​​լծակ՝ միաժամանակ ճնշում գործադրելով Լիբանանի կառավարության վրա։

Կացը հայտնել է, որ Լիբանանում սպանվել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 1700 մարտիկ՝ հավելելով, որ այդ թիվը կրկնակի գերազանցում է 2006 թվականի լիբանանյան պատերազմի ցուցանիշը։

Կացի խոսքով՝ Լիբանանի հարավում գտնվող նոր անվտանգության գոտում, որը ձգվում է մինչև Լիտանի գետը, դեռևս կան «Հեզբոլլահ»-ի մարտիկներ և զենքեր։

«Եթե ռազմական գործողությունները վերսկսվեն, անվտանգության գոտի վերադարձող բոլոր բնակիչները ստիպված կլինեն տարհանվել, որպեսզի առաքելությունն ավարտվի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Իսրայելը կհարվածի նաև Լիտանի գետից հյուսիս գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնեցրել են տասնօրյա հրադադարը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնել է հրադադարի խախտումների մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում