Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում անցել են լեփ-լեցուն դահլիճում
2 րոպեի ընթերցում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկավ Սանկտ Պետերբուրգում՝ ներկայացնելով «Վերջին կանգառ» ներկայացումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 12-ին Երկաթուղայինների մշակույթի պալատում կայացած բեմադրությունը համախմբել է շուրջ 800 հայ հանդիսատեսի՝ դառնալով մշակութային նշանակալի իրադարձություն։

Ներկայացումը պատմում է ԱՄՆ-ում բնակվող հայկական ընտանիքի մասին, որը կանգնած է հայրենիք վերադառնալու կարևոր որոշման առջև։ Սյուժեն բացահայտում է մարդկային հարաբերությունների բարդություններն ու կյանքի բեկումնային պահերը։
Բեմադրության հեղինակն ու բեմադրիչը Թամար Հովհաննիսյանն է։ Դերերում են Արթուր Կարապետյանը, Ռուզան Գասպարյանը, Ռոբերտ Ղամբարյանը, Անի Քոչարյանը, Արև Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, Արմեն Կարապետյանը և Լաուրա Բաբայանը։

«Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ։ Դահլիճում հուզիչ մթնոլորտ էր տիրում, իսկ հանդիսատեսը մեծ ուշադրությամբ էր հետևում յուրաքանչյուր դրվագի՝ կարոտով ունկնդրելով հայերեն խոսքը։ Երեկոն վերածվեց մշակութային վերամիավորման խորհրդանշական պահի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Թատերասերները սիրված ներկայացումն առաջիկայում դիտելու հնարավորություն կունենան ապրիլի 22-ին Էջմիածնում՝ Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Երևանյան բեմում այն կլինի մայիսի 10-ին: