Առողջության համընդհանուր ապահովագրությունն այլևս անշրջելի իրողություն է. Անահիտ Ավանեսյան
4 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանում այլևս անշրջելի իրողություն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Առողջության համընդհանուր ապահովագրութունն այլևս անշրջելի իրողություն է։ Այն ընդլայնվելով՝ ներառելու է բոլորին»,- ասել է Ավանեսյանը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր ժողովուրդը սպասել և ակնկալել է, որ Հայաստանում հասանելի կլինեն բժշկական ծառայությունները, բայց բոլորը խոսք են տվել և չեն արել։
«Այսօր առողջության համընդհանուր ապահովագրությունը իրականություն է, և պետությունը իր կարևորագույն հանձնառությունը՝ հոգ տանել ժողովրդի առողջության պահպանման, բարելավման և ֆինանսական ապահովության մասով, իրագործում է։ Բայց կարևոր է արձանագրել, որ սա հնարավոր է դարձել միայն իշխանության լեգիտիմության, ժողովրդին լսելու և ժողովրդի աջակցությունն ունենալու շնորհիվ։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը հնարավոր է դարձել միայն պետականության և խաղաղության շնորհիվ»,- ասել է Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը լավագույնս ցույց է տալիս, որ այն, ինչ չի կարող անել անհատը, կարող է անել պետությունը։ «այն ցույց է տալիս, թե ինչպես մեր վճարած հարկերի շնորհիվ մենք մեր վճարածից հազար անգամ ավել արժեք ենք հետ ստանում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր քաղաքացիներին, մեծ ու փոքր ձեռներեցներին, որոնք աշխատում են, բարիք են ստեղծում և, պարտաճանաչ վճարելով իրենց հարկերը, հնարավոր են դարձրել, որ պետությունը հարազատի պես հոգ տանի իր քաղաքացիների համար, երբ դրա կարիքը կա։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, որովհետև միայն նրանց շնորհիվ է, որ մեր քաղաքացիները գոհ ու շնորհակալ են։ Այսօր արդեն առողջության ապահովագրության ներդրման շնորհիվ ունենք միջին բժշկական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում։ Հաջորդիվ, վստահ եմ, շարունակվելու են վարձատրությունների վերանայումները»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարն անդրադարձել է նաև մի քանի նարատիվների, որոնք, նրա խոսքով, մեզ երկար ժամանակ փաթաթվել են և խանգարել են առաջ գնալուն, իսկ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հաջողությունը դրանք ի չիք է դարձրել։
Առաջին այդպիսի նարատիվը, նախարարի խոսքով, այն է, թե պետությունը լավ կառավարիչ չէ.
«Ինչպես տեսնում ենք, պետությունը լավ կառավարիչ է, եթե իշխանությունը լեգիտիմ է, եթե հաշվետու է ժողովրդին, և նման խոշոր ծրագրեր հնարավոր է իրականացնել միայն ու միայն պետության կողմից՝ իհարկե, համագործակցելով մասնավոր ոլորտի հետ»,- նշել է Ավանեսյանը։
Մյուս նման նարատիվը նախարարը համարում է այն, որ առողջապահական համակարգը պատրաստ չէ համընդհանուր ապահովագրության ներդրմանը և հիմա դրա ներդրման համար լավ ժամանակ չէ. «Տարիների աշխատանքը և ներդրումները պատրաստել էին համակարգը, մենք անընդհատ կրթվելով՝ կարող ենք իրագործել մեր բոլոր ամենահավակնոտ ծրագրերը, և հիմա է ժամանակը, որովհետև ժողովուրդը մեզ դրա համար է ընտրել»,- պարզաբանել է նա։
Հաջորդ նարատիվն այն է, թե ապահովագրության ներդրումը կխանգարի առողջապահության ոլորտի՝ որպես տնտեսության կարևոր ճյուղի զարգացմանը։
«Այսօր առողջության ապահովագրության համակարգի շնորհիվ ճիշտ հակառակն է տեղի ունենում։ Ոլորտը բուռն զարգանում է, ներդրումներն, այդ թվում՝ օտարերկրյա, մեծացել են նաև մասնավոր ապահովագրական ընկերություններում»,- ասել է նա։