Սպորտ

Մեր հնարավորությունների առավելագույն չափը չէ. Հակոբ Սերոբյանը` աշխարհի գավաթի մասին

2 րոպեի ընթերցում

Մեր հնարավորությունների առավելագույն չափը չէ. Հակոբ Սերոբյանը` աշխարհի գավաթի մասին

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի կարծիքով` աշխարհի գավաթի խաղարկության արդյունքը գոհացուցիչ է, սակայն իր սաների հնարավորությունների առավելագույնը չէ:

«Այս անգամ աշխարհի գավաթի խաղարկությունը շատ խառը ստացվեց, ինչը նաև ազդեց մեր հաշվարկների ու վերջնարդյունքի վրա: Մենք այս գավաթի խաղարկությունում 4 ոսկե, 3 արծաթե ու մեկ բրոնզե մեդալ նվաճեցինք: Սա լավ արդյունք է, բայց մեր հնարավորությունների առավելագույն չափը չէ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը:

Մարզիչի խոսքով` գավաթի խաղարկության վերջին փուլում իր հնարավորություններից առավել ցածր հանդես եկավ Մամիկոն Խաչատրյանը: Նրա կարծիքով՝ խորվաթական գավաթի փուլը շատ մեծ կազմ էր հավաքել, քանի որ այս տարվա վերջին խաղարկությունն էր:

Հավաքականի հաջորդ նպատակը օգոստոսին կայանալիք Եվրոպայի առաջնությունում թիմային մասնակցությունն է:

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա 14.583 միավոր է հավաքել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել օղակների վարժությունում. եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ընդ որում՝ Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում