Հայաստան

Երևանը կհյուրընկալի մանկական ուրոլոգիայի միջազգային գիտաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին

5 րոպեի ընթերցում

Երևանը կհյուրընկալի մանկական ուրոլոգիայի միջազգային գիտաժողով՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին

Ապրիլի 30-ին Երևանում տեղի կունենա «Մանկական ուրոլոգիայի միջազգային գիտաժողով»-ը՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին Հայաստանից և արտերկրից (ԱՄՆ, Ռուսաստան և ԱՊՀ երկրներ)։

Գիտաժողովը կդառնա տարածաշրջանում այս ոլորտի խոշոր մասնագիտական հարթակներից մեկը՝ նպատակ ունենալով խթանել մանկական ուրոլոգիայի զարգացումը, փորձի փոխանակումը և ժամանակակից բժշկական մոտեցումների ներդրումը։

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական վիրաբուժական թիմը, Առողջապահական ինստիտուտի կողմից մանկական ուրոլոգիա նեղ մասնագիտացման դիպլոմների ստացման արարողությանը, 2025թ․

Միջոցառման կազմակերպիչն է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը, որտեղ վերջին տարիներին ձևավորվում և ակտիվորեն զարգանում է մանկական ուրոլոգիայի մասնագիտացված ուղղությունը։

Գիտաժողովին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ աշխարհի առաջատար բժշկական կենտրոններից, այդ թվում՝

  • Եվգենի Մինեվիչը (Ցինցինատիի մանկական հիվանդանոց, ԱՄՆ),
  • Վիտալի Դուբրովը (Բելառուսի Հանրապետության գլխավոր մանկական ուրոլոգ),
  • Իլյա Կագանցովը (Բարձր տեխնոլոգիաների բազմապրոֆիլ բժշկական կենտրոն "Բելոոստրով", ՌԴ),
  • Սայդանվար Ագզամխոջաեվը (Տաշքենդի մանկական բժշկական ինստիտուտ, Ուզբեկստան),
  • Սիմոն Պոլոյանը (Կրասնոյարսկի Ի.Ս. Բերզոնի անվան միջշրջանային թիվ 20 կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբուժական կենտրոնի ղեկավար, ՌԴ)։
Վ․Դուբրովն ու Ի․Կագանցովը մանկական վիրաբուժական թիմի հետ 2026թ․ փետրվարին կայացած մասնագիտական այցի ընթացքում 

Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն մանկական ուրոլոգիայի արդիական թեմաներ, այդ թվում՝ միզուղիների բնածին արատներ, ֆունկցիոնալ և օբստրուկտիվ խանգարումներ, ինչպես նաև ժամանակակից վիրաբուժական մոտեցումներ՝ ներառյալ լապարոսկոպիկ և ռոբոտային միջամտությունները։

Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի վաղ ախտորոշմանը և միջդիսցիպլինար մոտեցմանը, որոնք առանցքային նշանակություն ունեն երեխաների առողջության պահպանման գործում։

Մանկական ուրոլոգիայի զարգացումը՝ որպես ռազմավարական ուղղություն

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական ուրոլոգիայի մասնագիտական թիմը կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ և զարգացնում ոլորտը՝ միջազգային փորձի ինտեգրմամբ։

«Մանկական ուրոլոգիայի զարգացումը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական հնարավորություններ, այլև շարունակական կրթություն և փորձի փոխանակում։ Նման գիտաժողովները հնարավորություն են տալիս համախմբել տարբեր երկրների փորձը և բարձրացնել բժշկական օգնության որակը»,— նշել է «Ուիգմոր»-ի մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ Կարեն Մելքումյանը։

Կարեն Մելքումյան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ

Նրա խոսքով, նման նախաձեռնությունները նպաստում են նաև Հայաստանի դիրքավորմանը՝ որպես տարածաշրջանային մասնագիտական կենտրոն։

Միջազգային համագործակցություն և կրթական ծրագրեր

Գիտաժողովը «Ուիգմոր»-ի կողմից իրականացվող համակարգային աշխատանքի մի մասն է, որն ուղղված է միջազգային համագործակցության զարգացմանը և բժիշկների շարունակական կրթությանը։

Վիտալի Դուբրով, Բելառուսի Հանրապետության գլխավոր մանկական ուրոլոգ

«Կարևոր է, որ նման նախաձեռնությունները իրականացվում են տարածաշրջանում։ Դրանք հնարավորություն են տալիս բժիշկներին քննարկել բարդ դեպքերը և ներդնել ժամանակակից մոտեցումներ առօրյա պրակտիկայում»,- ընդգծել է Բելառուսի Հանրապետության գլխավոր մանկական ուրոլոգ Վիտալի Դուբրովը։

Վ․Դուբրովը մանկական վիրաբուժական թիմի հետ 2026 թ․-ի փետրվարին կայացած մասնագիտական այցի ընթացքում 

Գիտաժողովը նախատեսված է մանկական ուրոլոգների, մանկական վիրաբույժների, մանկական նեֆրոլոգների, ուրոլոգների և հարակից մասնագետների համար։

Մասնակցությունն անվճար է, մասնակիցներին կտրամադրվի 6 ՇՄԶ կրեդիտ։

📍 Միջոցառման վայրը՝ «Holiday Inn Yerevan» հյուրանոց (Ամիրյան 2)

🗓Ամսաթիվ՝ ապրիլի 30

🔗 Գրանցում 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում