Չինաստանը շահագրգռված է Հորմուզի նեղուցի շուտափույթ բացմամբ, որովհետև Մերձավոր Արևելքում նույնպես ունի կենսական շահեր. չինագետ

5 րոպեի ընթերցում

Չինագետ Մհեր Սահակյանի կարծիքով՝ Չինաստանը մի շարք հետաքրքրություններ ունի Մերձավոր Արևելքի երկրներում և նրան նախևառաջ հետաքրքրում են տարածաշրջանի էներգակիրները, որոնք անհրաժեշտ են սեփական տնտեսությունը զարգացնելու համար։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Մհեր Սահակյանն անդրադարձավ Մերձավոր Արևելքում Չինաստանի շահերին և այնտեղ ընթացող հակամարտության նկատմամբ չինական կողմի մոտեցումներին։  

«Չինաստանն իր էներգակիրների զգալի մասը վերցնում է հենց Պարսից ծոցի երկրներից՝ Իրանից, Քուվեյթից, Սաուդյան Արաբիայից և այլ պետություններից, ուստի սեփական տնտեսության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն, ինչի պահպանումը պաշտոնական Պեկինի համար չափազանց կարևոր է։ Դա կապված է նաև համապարփակ անվտանգության հետ։ Երկրորդ հանգամանքն այն է, որ եթե Չինաստանը ներկրում է էներգակիրներ, ապա նրա համար կարևոր է լոգիստիկ կապուղիների անխափան աշխատանքը, որովհետև Չինաստանը հսկայական ծավալներով իր ապրանքները վաճառում է մերձավորարևելյան շուկաներում։ Այս պատերազմն այդ առումով առաջացնում է զգալի խնդիրներ, քանի որ փակվել է Հորմուզի նեղուցը»,- ասաց Սահակյանը։  

Նա հավելեց, որ Պեկինը շահագրգռված է նեղուցի շուտափույթ բացմամբ և հակամարտության խաղաղ լուծմամբ։ Ըստ նրա՝ Չինաստանին առաջնահերթ հետաքրքրում է տնտեսական անխափան կապը տարածաշրջանի հետ, ինչը հնարավոր է միայն խաղաղ պայմաններում։

«Պաշտոնական Պեկինն առհասարակ ցուցաբերում է չեզոք մոտեցում, քանզի ռազմավարական համագործակցություն ունի թե՛ արաբական երկրների, թե՛ Իրանի հետ, հետևաբար փորձում է շատ զգույշ խաղալ ու դիրքավորվել՝ չկորցնելով իր գործընկերներին։ Թեև Իրանն ու Չինաստանն ունեն ռազմավարական բնույթի սերտ համագործակցություն, Իրանը նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և ԲՐԻԿՍ-ի անդամ է, սակայն նշված երկու պետությունների հարաբերությունները չեն վերաճել դաշնակցական մակարդակի։ Կան որոշակի տարաձայնություններ։ Օրինակ՝ Իրանը հարվածում է արաբական երկրներին, որոնք ևս Չինաստանի գործընկերներն են, և փակ է պահում Հորմուզի նեղուցը, որով, ի թիվս այլոց, նավարկում են չինական նավերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարելիք այցին, չինագետն ընդգծեց, որ օրակարգում անշուշտ կլինի Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի քննարկումը, Իրանի հետ կապված խնդիրները, սակայն  երկու կողմերն էլ, ըստ նրա, ունեն նաև իրենց հարաբերություններում առկա խնդրահարույց հարցեր՝ սկսած տեխնոլոգիաների առքուվաճառքից, տնտեսական սուր հակասություններից, վերջացրած մաքսային սակագներով։

«Հորմուզի նեղուցի բացման հարցը նույնպես կարևոր է։ Թրամփը հայտարարեց, որ եթե իրանական կողմը զիջումների չգնա, ապա իրենք էլ իրենց կողմից բլոկադայի կենթարկեն Հորմուզի նեղուցը։ Բայց դա ամենևին չի բխում Չինաստանի շահերից։ Նույնիսկ եթե Իրանը դեմ չէ չինական նավերի ելումուտին, այդուհանդերձ, պատերազմական գործողությունների պարագայում բնականոն նավարկության մասին խոսք լինել չի կարող։ Ի դեպ, վառելիքի գները թանկացել են նաև Չինաստանում։ Վերջին տարիներին պատժամիջոցների պատճառով Իրանից էներգակիրների ներմուծումը Չինաստան եղել է սահմանափակ, սակայն չինական կողմն ունի այլընտրանքային տարբերակներ և ամբողջովին կախված չէ միայն Մերձավոր Արևելքից։ Չինաստանը ՌԴ-ի հետ արդեն իսկ ստեղծել է համագործակցության հզոր պայմանագրային դաշտ։ Կան նավթամուղներ ու գազամուղներ, որոնք Ռուսաստանից անմիջականորեն էներգակիրներ են մղում դեպի Չինաստան։ Վերջինս զարգացնում է հարաբերությունները նաև Կենտրոնական Ասիայի մյուս հարևան երկրների հետ՝ գնումներ կատարելով նաև աֆրիկյան պետություններից»,- մանրամասնեց Սահակյանը

Նրա դիտարկմամբ՝ չինական և ամերիկյան  տնտեսությունները զգալիորեն փողկապակցված են համաշխարհային տնտեսության հետ, հետևաբար երբ էներգակիրների գները բարձրանում են, նույն երևույթը տեղի է ունենում նշված գերտերություններում։ ԱՄՆ-ն այսօր աշխարհում էներգակիրներ արտադրող ամենամեծ երկրներից մեկն է և արտահանում է Եվրոպա ու այլ տարածաշրջաններ, բայց նույնիսկ այդ պարագայում վառելիքի թանկացումներն ԱՄՆ-ում դարձել են անխուսափելի՝ պայմանավորված համաշխարհային շուկայում առկա իրադրությամբ։ 

Խոսելով մերձավորարևելյան հակամարտության հանգուցալուծման գործում Չինաստանի միջնորդական դերակատարության մասին՝ Սահակյանը նշեց, որ Չինաստանն այդ հարցում էլ միայնակ հանդես չեկավ, աշխատեց Պակիստանի հետ, հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որը պարունակում էր Հորմուզի նեղուցն անհապաղ բացելու կետ։  

«Առհասարակ այս հարցում չարժե Չինաստանի դերը թերագնահատել կամ գերագնահատել»,- եզրափակեց չինագետը։    

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին