Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան–Էստոնիա բազմոլորտ համագործակցությունը և նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ ՀՀ վարչապետը նշել է, որ դրա վկայությունն են նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանը։ 

Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության զարգացման, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

Մարգուս Ցահքնան ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Վերջինս նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, նպաստել նաև ՀՀ–ԵՄ փոխգործակցության խթանմանը։ Էստոնիայի ԱԳ նախարարը կարևորել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։

Նիկոլ Փաշինյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի և այլ հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում