Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին
19 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցին իր պատմաճարտարապետական, պատմական ու պատմամշակութային բացառիկ տեղն ունի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլ նաև բովանդակ Հայաստանի հուշարձանների շարքում։
Այն թեև համարվում է 9-րդ դարի կառույց, որի հիմնադրումը կապվում է Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանի ու նրա կին Մարիամ Բագրատունու զավակ Սահակ իշխանի անվան հետ, սակայն եկեղեցու բակում մինչ օրս պահպանված անվավերագիր որոշ քառակող, կլոր կամ բազմանիստ քարակոթողներ այլ բանի մասին են փաստում՝ այս կառույցի պատմությունը տեղափոխելով շատ ավելի վաղ ժամանակներ։ Եկեղեցու կուռ ու բավականին ամուր հիմքը ևս ավելի շատ հիշեցնում է հեթանոսական տաճարների անխորտակ հիմքերը, որոնք բաղկացած էին հսկայական սրբատաշ քարաբեկորներից։

Նորատուսի տարածքում պահպանված հնագույն դամբարանները, կիկլոպյան ամրոցները, շեների ավերակները հաստատում են մեր կարծիքն առ այն, որ մինչ այս շքեղ կառույցի հիմնումը այստեղ եղել է գործող կամ ավերված սրբավայր, որը նոր շունչ է առել Սահակ իշխանի ու նրա հաջորդների ժամանակներում։
Ի դեպ, Սահակ իշխանը հարազատ եղբայրն էր Գրիգոր Սուփան իշխանի, ում հովանավորությամբ ու ջանքերով Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում վեր է խոյացել հռչակավոր Կոթավանքը, Մաքենիսում՝ Մաքենյաց վանքը, որոնք հանդիսացել են ինչպես պատմաճարտարապետական գլուխգործոցներ, այնպես էլ՝ նշանավոր հոգևոր կենտրոններ ու դպրատներ։

Վեհաշուք եկեղեցին վեր է խոյացել Հայաստանում արաբական լծի թոթափումից հետո, երբ Բագրատունյաց արքայատոհմը խնամիական կապերով կապվել է Սյունյաց հզոր իշխանապետության տերերի հետ, երբ մեկտեղվել են հայ ժողովրդի ու նախարարական առանձին տների ուժերը, և հայոց հայրենիքը բռնել է վերելքի, տնտեսական ու կրթամշակութային զարգացման ուղին։
Նորատուսն այդ ժամանակներում էլ համարվել է Հայաստանի ու Գեղարքունյաց աշխարհի իշխանանիստ բնակավայրերից մեկը՝ գտնվելով Դվին-Պարտավ քարավանային ճանապարհի հանգույցներից մեկում։
Ինչպես «Նորատուս» փաստագրական ու հանրագիտարանային նշանակության գրքում վկայում է պատմաբան, վիմագրագետ Սուրեն Սաղումյանը, Սահակ իշխանը, կառուցելով Սուրբ Աստվածածին եկեղեցին, այն դարձնում է եպիսկոպոսանիստ, ու այդուհետ, ութ դար շարունակ, Նորատուսը համարվում է Գեղարքունյաց գավառի վարչական, առևտրատնտեսական, մշակութային ու հոգևոր կենտրոնը։
Միջնադարյան հայ նշանավոր պատմիչ, պետական ու եկեղեցական գործիչ Ստեփաննոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակ իշխանը մահացել է 910-ական թվականներին ու թաղվել Նորատուսի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, արևմտյան դռան մուտքի ձախակողմյան պատի տակ։
«Հիրավի, եկեղեցու արևմտյան պատի տակ , մուտքից ձախ, այժմ էլ ընկած է սեղանաձև մի խոշոր տապանաքար, դարին բնորոշ պարզ հորինվածքով ու զարդանախշերով՝ խաչքարի հովանու տակ, որը վերագրվում է Սահակ իշխանին։ Իսկ դամբարանը վաղուց ևեթ իսպառ ոչնչացված էր, եթե հարկավ, եղել է այդպիսի շենք։ Հասակով մեկ կանգնած, ձախ ձեռքը վեր պարզած բարձրաքանդակով մի խաչքար, 111 սանտիմետր բարձրությամբ, 65 սանտիմետր լայնությամբ և 20 սանտիմետր հաստությամբ, կա Սևանա կղզու հյուսիսային լանջի ստորոտի ծառերի տակ՝ 10-րդ դարին յուրահատուկ տառաձևերով արձանագրված․ «ՍԱՀԱԿ ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ»։ Ու թեև հիշատակագիրը հոգևորականի է սազում, բայց քանդակի մանրամասները՝ թասակով ու տաբատով, աշխարհիկ-իշխանականի են։ Հավանական է, որ խաչքարը կղզի է բերվել Նորատուսից և այն վերաբերում է Սահակ իշխանին։ Ըստ երևույթին, 910-ական թվականների վերջերին Նորատուսում մարել կամ իրավազրկվել է Սյունյաց նախարարական տոհմը, և Նորատուսը Գեղարքունիք գավառի հետ Աշոտ Երկաթի օրոք մտել է Բագրատունյաց թագավորության կազմի մեջ»,-եզրակացնում է Սուրեն Սաղումյանը։

Ճիշտ է, Նորատուսի եկեղեցու դռան մոտ գտնվող տապանաքարը վիմագիր արձանագրություն չունի, սակայն իր վրա կրող պատկերաքանդակները միանգամայն արտացոլում են իշխանական մարդու առօրյան, ասպազենը, հանդերձանքը, անգամ՝ ծառաներին։ Ու չի բացառվում, որ վերը հիշատակված խաչքարը հենց այս տապանաքարի կողքից տեղափոխված լինի Սևանա կղզի։
Սեդրակ Բարխուդարյանն իր հեղինակած «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ վերծանել է Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա ու բակի խաչքար-տապանաքարերին պահպանված 28 արձանագրություն։ Սուրեն Սաղումյանի աշխատասիրությամբ այստեղ վերծանվել է ևս 14 վիմագիր արձանագրություն, որը նախկինում դուրս է մնացել հրատարակիչների ուշադրությունից, իսկ եկեղեցու հարավային պատին պահպանված արձանագրության բովանդակությունը վերաիմաստավորվել ու ճշգրտվել է։ Այսքանով հանդերձ, ինչպես փաստում է Սուրեն Սաղումյանը, թե՛ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, թե՛ պատմական գերեզմանոցում առկա են շուրջ 80 վիմագիր արձանագրություններ, որոնք դեռևս ընթերցված չեն ու սպասում են իրենց հետազոտողներին ու բացահայտողներին։

Սեդրակ Բարխուդարյանի վկայությամբ՝ Նորատուսի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 996 թվականին կերտված մի խաչքարի արձանագրությանը, որը հենց իր նախաձեռնությամբ տեղափոխվել ու պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այդ խաչքարը կանգնեցված է եղել հենց Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Ըստ Սուրեն Սաղումյանի վկայության՝ Նորատուսի վարչակառավարական անձնակազմի և հարկապարտույթային հարաբերությունների վերաբերյալ չափազանց կարևոր ու բացառիկ տեղեկություններ է հաղորդում եկեղեցու հարավային պատի մեջ եղած արձանագրությունը, որը ճիշտ չի մեկնաբանվել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցի ու Երվանդ Լալայանի մոտ։ Վավերագրի իմաստը մանրազնին քննությամբ բացահայտել է Սուրեն Ավագյանը իր «Վիմական արձանագրությունների բառաքննություններ» աշխատության մեջ։ Իսկ ի՞նչ է ասում այդ վավերագրությունը․ «ՅԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԱՅՍ ԳԻՐ Ե ՆՈՐԱՏՈՒՈՑ ՇԱՀՆԱՅԻՍ, ԻՆԱՅԻՍ ԴԵՄԵԹԱՐՍ ՇԱՀ և ԱՅԾԱՅՍ Ի ՎԵՐ ԿԱԼԱՔ ԱՎԱԳԻՆ ԱՐևԻՆ ՀԱՄԱՐ՝ ՈՉ ԳԶՐԻՆ ՏԱՆ ՀԱԿ, ՈՉ ՉԱՓՈՂԻՆ։ Ա․ ԵԶՆ ՄԻՒՍԱԼՈՒՄ ԳԶԻՐՆ ԼԾԵ, ․Ա․ ԵԶՆ ՄԻՒՍԱԼՈՒՄ ՉԱՓՈՂՆ։ ՎԿԱՅ ԳՐԻՍ ԱՍՏՈՒԱԾ ՈՒ ՍԱՅՆԽՈՐԴՆ։ ՈՐ ԽԱՓԱՆԵ ՆԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ ԽՓԵԼ։ ԵՍ ԹՈՒՆԿՍ ԳՐԵՑԻ»։

«Դժվարընկալ ու չմեկնաբանված հատվածների ստորև ներկայացված վերծանությամբ վերջնականապես պարզվում է վավերագրի հիմնիմաստը, այն է՝Շահնա Ինան ու դեմեթարը, Ավագ Զաքարյանի բարեհաճությամբ, զիջել են չափողի՝ եկամուտների, բերքի, կալվածքների շահույթների հաշվառող աշխարհագրի և գզիրի՝ շահնայի ու դեմեթարի կարգադրությունները, հրամանները ի կատար ածողի օգտին բնակչության եկամուտներից ՝ շահից և այծեկաշու պարկեր մատուցելու պարտականությունից։ Սակայն, ի հատուցումն այս շահութազրկության, գյուղացուն պարտադրվում է սեփական լծկաններով մեկ օր, բնականաբար, ձրի, անհատույց, վարուցանք կամ մի այլ հարկադիր գործ կատարել այդ սպասավորների համար։ Կոռային այս պարտույթը տարածված էր ոչ միայն Նորատուսում, իսկ այս իրավավճիռը կայացվել է 1230-ական թվականներին, երբ նույն Ինան և իր կին Սանդուխտը գնում են Ագարակ գյուղատեղին Արծվաքարի դոլակներ կոչվող հնավայրի տարածքում ու կառուցում ցայժմ պահպանվող եկեղեցին»,-գրում է Սուրեն Սաղումյանը։
Հավելենք, որ հիշատակված Ագարակ գյուղատեղի տարածքում պահպանված եկեղեցին նույն Սալոյի վանքն է, որը հստակ երևում է Գավառ-Մարտունի մայրուղու արևմտյան բարձունքին, Սևանա լճի ափին։
Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատին առկա է արևային ժամացույց՝ շրջանագծ եզրերում Ա․Բ․Գ․Դ․Ե․Զ․ Է․ Ը․ Թ․ Ժ․ ԺԱ․ ԺԷ տառերով ու տառակապակցություններով, որոնք արտահայտում են թվային արժեքները։ Վեցերորդ դարից սկսած՝ հայոց հոգևոր կառույցների հարավային պատին տեղադրվող արևի ժամացույցներն ունեցել են կիրառական նշանակություն ու հանդիսացել են հարդարանքի յուրահատուկ միջոց։

Սուրբ Աստվածածին եկեղեցու ներսում դարերի ընթացքում կատարվել են թաղումներ, ուր ամփոփվել են հոգևոր հայրերի աճյունները։ Սակայն դրանց շարքում ամփոփված տապանաքարերից մեկի վրա կին է պատկերված։ Ինչպես վկայում է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայելը, մի կողմից սա անսովոր, անգամ արտասովոր դեպք է, քանի որ կանանց թաղումները սրբավայրերում հայ եկեղեցու կողմից արգելված է եղել, մյուս կողմից էլ այս փաստը գալիս է հաստատելու այն իրողությունը, որ Նորատուսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եղել է կանանց մենաստան, որտեղ ծառայության մտած կույսերից մեկի մարմինն էլ ամփոփվել է այստեղ։

Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայրերն ու հավատավորները, բնական է, տեսել են բազմաթիվ ու բազմապիսի ասպատակություններ, բնական աղետներ, որոնց պատճառով էլ ընդհատվել է հոգևոր այս կառույցի գործունեությունը։
Այսպես, Հովհաննես Շահխաթունյանցի վկայությամբ, Գեղարքունյաց աշխարհը 1751-1787 թվականներին ենթարկվել է լեզգիների ձեռնարկած արյունալի չորս արշավանքներին, որոնք ամայացուցիչ են եղել գրեթե բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Նորատուսի համար։ Լեզգի հրոսակներից պաշտպանվելու նպատակով ժողովուրդը հավաքվել ու փորձել է պատսպարվել եկեղեցու ներսում ու տանիքին։ Սակայն ավարառու դահիճները հրով այրել են եկեղեցին ու հրո ճարակ դարձրել անպաշտպան ժողովրդին։ Այդ ոճրագործության հետքերը բացվել են միայն այն ժամանակ, երբ 1830 թվականին Արևմտյան Հայաստանից վերաբնակության եկած հայ գաղթականները մաքրել են եկեղեցու ներսը հողի հաստ շերտից՝ այն վերանորոգելու ու հավատի տուն դարձնելու նպատակով։ Հողի տակից նորաբնիկ հայերը դուրս են բերել տղամարդկանց, կանանց ու երեխաների այրված ոսկորներ, որոնք կենդանի այրվել են եկեղեցու մեջ։
«Հարց է ծագում․ ներգաղթից 10 տարի հետո գյուղում որոնումներ կատարող վիճակի առաջնորդին ովքե՞ր էին պատմում ավանդազրույցը, որը գրանցված չէր ոչ մի տեղ։ Իհարկե, ոչ եկվորները։ Հետևցնելի է ուրեմն, որ այդ դառը հիշողությունների մորմոքն անթեղած պահում էին նահատակների շառավիղները՝ հին նորատուսցիները, և այն հաղորդում բարեխիղճ պատմաբաններին։ Այս դիտարկմամբ ևս կարելի է կռահել, որ Նորատուսը չի ամայացել, և հուսանք, որ ի հայտ կգան ավելի վստահելի փաստարկներ բնակավայրի չընդհատվող, շարունակական կյանքի, հին ու նոր նորատուսցիների միավորման, միաձուլման մասին»,-եզրակացնում է Սուրեն Սաղումյանը։
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմությանն ու պատմամշակութային արժեքներին անդրադարձ են կատարել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը և Երվանդ Լալայանը՝ նկարագրելով թե՛ պատմական անցքերը, թե՛ վիմագրությունների բովանդակությունները և խաչքար-տապանաքարերի կառուցվածքներն ու քանդակները։

Նրանք ևս վկայել են լեզգիների աշխարհավեր արշավանքների ու գործած ոճիրների մասին։ Մեսրոպ Սմբատյանցի ներկայացմամբ՝ «Եկեղեցին մեծահռչակ աղոթարան եղած պետք է լիներ բազմության կրոնավորաց, ըստ որում շրջապատումն ուներ զանազան հին մաքուր քարով շինվածքներ, որոնց մեջ արժանի տեսության է մի ուսումնարանն կամ սեղանատունն միաբանից՝ 20 քայլ երկայնությամբ և 10 քայլ լայնությամբ, բայց որմունքն կիսականգուն։ Եկեղեցվո մեջ և չորս կողմումն կան մասնավոր գերեզմանոցներ նախնյաց՝ խաչքարերով զարդարված, որոնց մեջ անվանի էր խաչքարն Մելիք Բարեքսեի, որ կանգնած էր այն մեծադիր, կարծր ու կոպիտ, 3 գազ երկայն և գազուկես լայն գերեզմանաքարի գլխավերևն, որն իբր թե զարդարված էր աննշան անշուք կենդանյաց պատկերներով»։
Ասել է, թե 1860-ական թվականներին Նորատուսում հնագիտական ուսումնասիրություններ կատարելու եկած Մեսրոպ Սմբատյանցն անձամբ տեսել ու արձանագրել է եկեղեցուն կից միաբանների ուսումնարանի կամ սեղանատան կիսականգուն վիճակը։
Մեսրոպ Սմբատյանցն արձանագրել է նաև եկեղեցու ներսի վիմագրերի, ինչպես նաև՝ Արևի ժամացույցի գոյությունը։
«Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարսպապատ է, որի մեջը և շուրջը կան բավականաչափ խաչարձաններ և հասարակ տապանաքարեր։ Ամենից ավելի ուշագրավ է մի տապանաքար, 3 մետր երկարությամբ, 76 սանտիմետր լայնությամբ 1,08 մետր հաստությամբ։ Սրա երեսին նկարված է մի գավազան, որի երկու կողմը գրված է․ «Ես մելիք Ոհկես տապանս շինեցի հօր իմում մելիք Պարէքին»։ Այս արձանագրության վերև քանդակված է մի ռնգեղջյուր, որ կռվում է յուր վրա ցատկած վագրի հետ, իսկ ներքևում՝ մի եղջերու՝ ոտների տակ մի վիշապ»։ Այս տապանաքարի արևմտյան կողմը կանգնեցված է մի մի խաչքար, որի ճակատին գրված է․ «Կամավն Աստծոյ, ես Մելիք Բարէքս կանգնեցի զխաչս վասն փրկութեան հոգվոյ իմոյ։ Մելիքսեթ կամզող․ Բարէքին է խաչս։ Իսկ խաչքարի թիկունքին գրված է․ «Կամավն Աստծո, ես, մելիք Բարէքս, եղբայրն իմ Ստեփանոս քահանէն, որդին իմ Գունկչայ բեկն, հայրն իմ Գունդուզ աղեն, եկինք Գանձակայ, շինեցինք կարմունճս, շինեցինք շրջապատս, կանգնեցինք զխաչերս, որք երկրպագէք, յիշեցեք ի Քրիստոս»,-վկայում է Երվանդ Լալայանը։
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում մի քանի դար շարունակ ամփոփվել են ունևոր դասի կամ հոգևորականության ներկայացուցիչներ։

Այդ մասին փաստում են Սեդրակ Բարխուդարյանի «Դիվան հայ վիմագրության» աշխատության մեջ վերծանված վիմագրերը:
Պետրոս աբեղայի խաչքարը թվագրվում է 1459 թվականով, Եղիսաբեթի խաչքարը՝ 1555 թվականով, Ալսհդատինի խաչքարը՝ 1277 թվականով, Հակոբճանի խաչքարը՝ 1580, Տեր Առաքելի խաչքարը՝ 1586, Աբրահամի և կողակից Խանաղի խաչքարը՝ 1595, Ակոբի խաչքարը՝ 1606 թվականներին։ Մի խաչքարի վիմագրություն էլ փաստում է, որ այստեղ հանգչում է նաև հռչակավոր Մելիքսեթ կազմողի աճյունը․ «Սուրբ Խաչս բարեխոս Գրիգորին և Մելիքսեթ կազմողին»։
Խաչքարերից մեկն էլ դարերին է փոխանցել Յոհանես կազմողի անունը։
Վիմագրություններում արձանագրված են նաև Մելիք Բլբուլի կին Շահզադի, Տեր Ովանեսի, Սահակի, Մխիթարի, Ումրշատի, Շահսուլթանի, Մարտիրոս քահանայի, Էտարի, նրա ծնողներ Դիվատուրի, Մարքրտի, Քասպարի անունները։
Իրենց վրա մի քանի դարերի պատմություն կրող այս խաչքար-տապանաքարերը միաժամանակ քանդակագործության շքեղ նմուշներ են, որոնք հիացնում են իրենց զարդամոտիվներով, գեղագիտական ճաշակով ու մտահղացումներով։
Ճարտարապետական հորինվածքով Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր սրահով կառույց է, որը 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։

1830 թվականից հետո Գեղարքունյաց աշխարհում հաստատված արեւմտահայ գաղթականները եկեղեցին ծածկել են գերաններով եւ դարձրել գործող հավատի տուն՝ կառույցի հատակը մաքրելով հողի շերտից, ավերածություններից ու այնտեղ կենդանի այրված մարդկանց ոսկորներից:
Սուրբ Աստվածածինը, սակայն, նորից կիսավեր վիճակի վերադարձել է խորհրդային անաստվածության տարիներին:
Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նորատուսցիները շարունակ մտածել են եկեղեցին իր նախկին շքեղ տեսքի մեջ վերականգնելու ուղղությամբ, ինչը, բարեբախտաբար, տվել է իր ցանկալի արդյունքը։ Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի եւ համայնքապետարանի աշխատակիցների կազմակերպչական ջանքերի շնորհիվ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հետ համագործակցությամբ Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարությունը սկսվեց 2010 թվականից, Նորատուսում ծնված, բայց արտերկրում բնակվող Հայկ Մաղաքելյանի բարերարությամբ: Միջոցների սղության պատճառով, սակայն, շինարարությունն ընդհատվեց որոշակի ժամանակահատվածում եւ վերսկսվեց նորատուսցի Խաչիկ Կարապետյանի բարերարությամբ:
Բացի եկեղեցու վերականգնումը, բարեկարգվեց նաեւ նրա տարածքը, ստեղծվեց ժամանակակից ու գեղեցկատես պուրակ:
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին բացվեց եւ վերաօծվեց 2019 թվականի սեպտեմբերին՝ ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի եւ Մայր Աթոռի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։
Այս հայրենանվեր ձեռնարկների շնորհիվ այսօր Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին դարձել է Հայաստանի զբոսաշրջային ամենագրավիչ կառույցներից մեկը, որտեղ այցի են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ թե հայաստանից, թե՛ աշխարհի տարբեր երկրներից՝ ծանոթանալու Հայաստանի բազմադարյան պատմությանն ու պատմամշակութային արժեքներին։
Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցին միաժամանակ դարձել է ուխտագնացության կենտրոն ու սրբավայր թե Հայաստանում, թե աշխարհի տարբեր ծագերում բնակվող հայերի համար։