ESG-ն այն «տոմսն» է, որը Հայաստանին թույլ կտա մնալ համաշխարհային տնտեսական քարտեզին. տնտեսագետ
14 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսության համար այլևս հրամայական է «կանաչ» տեխնոլոգիաների և այս համատեքստում ESG օրակարգի ներդրումը, քանի որ դա արդեն ոչ թե ընտրության, այլ տնտեսական գոյատևման և մրցունակության պահպանման խնդրի լուծման միջոց է։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում դրա անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Փախլյանն՝ ընդգծելով, որ «կանաչ» հավաստագիր չունենալու դեպքում հայկական արտադրանքն այնքան բարձր կհարկվի Եվրոպայում, որ պարզապես կդառնա անմրցունակ։

- Ի՞նչ է ESG օրակարգը և որո՞նք են դրա հիմնական բաղադրիչները:
- ESG (Environmental, Social, and Governance) օրակարգը բիզնեսի կառավարմանը մոտեցման կամ պետությունների, կազմակերպությունների և ներդրողների կողմից կիրառվող չափանիշների ու քաղաքականությունների համակարգ է, որն ընկերության հաջողությունը՝ ֆինանսական ցուցանիշներից բացի գնահատում է նաև շրջակա միջավայրի, սոցիալական պատասխանատվության և կառավարման չափանիշներով։ ESG օրակարգի իրավական և ինստիտուցիոնալ հիմքը ձևավորվում է միջազգային (ՄԱԿ), տարածաշրջանային (հատկապես՝ ԵՄ) և ազգային մակարդակներում գործող նորմերի, ստանդարտների և կազմակերպությունների համադրությամբ։ Կարևոր է հասկանալ, որ ESG-ն մեկ միասնական օրենք չէ, այլ՝ կարգավորումների, ուղեցույցների և ինստիտուտների համակարգ։
ESG օրակարգը հիմնվում է հետևյալ առանցքային տարրերի վրա․
ա․ բնապահպանական (Environmental - E) բաղադրիչն արտացոլում է ընկերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ենթադրում կլիմայի փոփոխությունների մեղմացման, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, վերականգնվող էներգիայի օգտագործման ու էներգաարդյունավետության, թափոնների կառավարման ու վերամշակման, ջրային ռեսուրսների խնայողության գործողություններ։
բ․ սոցիալական (Social - S) բաղադրիչը վերաբերում է մարդկանց հետ (աշխատակիցներ, հաճախորդներ և հասարակություն) ընկերության հարաբերություններին։ Սա ներառում է աշխատանքային պայմանները, աշխատակիցների իրավունքները, առողջությունն ու անվտանգությունը, գենդերային հավասարությունը, ներառականությունը, հաճախորդների պաշտպանությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (CSR) և նմանատիպ այլ հարցեր։
գ․ կառավարման (Governance - G) բաղադրիչն արտացոլում է ընկերության կառավարման որակն ու թափանցիկությունը՝ ներառյալ էթիկական վարքագիծը, տնօրենների խորհրդի անկախությունը և կոռուպցիայի դեմ պայքարը։
Այսպիսով՝ ESG սկզբունքների կիրառումը բիզնեսում ընկալվում է որպես կայունության և պատասխանատվության ցուցանիշ։
- Որքանո՞վ է դա արդիական և կիրառելի ներկայիս համընդհանուր անհանգիստ և անկանխատեսելի միջավայրում, որը երբեմն ցնցում է համաշխարհային տնտեսությունը և ֆինանսական շուկաները:
- Թեև տնտեսական ցնցումներն ու ֆինանսական շուկաների տատանումները երբեմն ստիպում են ընկերություններին (երկրներին) կենտրոնանալ կարճաժամկետ կտրվածքով գոյատևման խնդրին՝ ESG սկզբունքների կիրառումն իրականում երկարաժամկետ կայունության և դիմակայունության գրավական է: Այս առումով ESG օրակարգը ոչ միայն արդիական է ներկայիս համընդհանուր անհանգիստ և անկանխատեսելի միջավայրում, այլև ստանում է կենսական նշանակություն։ Եթե փորձենք հարցադրումը պրոյեկտել ընթացիկ ԱՄՆ-Իրան հակամարտության և դրանից բխող զարգացումների վրա, ապա կստացվի, որ ESG օրակարգի շրջանակներում մաքուր և վերականգնվող էներգիայի կիրառման խրախուսումը դառնում է ոչ միայն բնապահպանական առաջնահերթություն, այլև ազգային և էներգետիկ անվտանգության ռազմավարական գործիք:
Ավանդական էներգակիրներից (նավթ և գազ) կախվածությունը պետություններին խոցելի է դարձնում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ցնցումների նկատմամբ: ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության աճը, Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը կամ նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները հանգեցնում են վառելիքի գների կտրուկ տատանումների: Վերականգնվող էներգիան (արևային, քամու, ջրածնային) երկրներին թույլ է տալիս ապահովել իրենց էներգետիկ կարիքները սեփական ռեսուրսների հաշվին՝ նվազեցնելով կախվածությունը «նավթային դոլարից» և տարածաշրջանային հակամարտություններից:
Այս համատեքստում ESG-ն հանդես է գալիս որպես զսպող մեխանիզմ, որն օգնում է համաշխարհային տնտեսությանը դառնալ ավելի ինքնաբավ և պակաս զգայուն Մերձավոր Արևելքում կամ այլ տարածաշրջաններում առճակատումների նկատմամբ: Այն երկրները, որոնք տիրապետում են մաքուր էներգիայի տեխնոլոգիաներին, ձեռք են բերում նոր տեսակի աշխարհաքաղաքական ազդեցություն: Պետությունները սպառվող հանածո պաշարների համար պայքարելու փոխարեն սկսում են մրցակցել տեխնոլոգիական նորարարության դաշտում: Սա կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը՝ նվազեցնելով ավանդական «նավթային հսկաների» դերը համաշխարհային քաղաքականության մեջ:
- Ինչպե՞ս է ESG օրակարգի ամրապնդումը նպաստում կայուն զարգացման տնտեսական մեխանիզմների տարածմանը:
- ESG սկզբունքները ստեղծում են մի միջավայր, որտեղ կայուն զարգացումը դառնում է մրցակցային առավելություն, իսկ դրա բացակայությունը՝ ֆինանսական և գործառնական ռիսկ: Այսպես, օրինակ, ESG ստանդարտները թույլ են տալիս ներդրողներին և բանկերին հստակ տարբերակել կայուն ընկերություններին ռիսկայիններից՝ ներդրումային հոսքերը ուղղելով դեպի կանաչ պարտատոմսեր (Green Bonds, որոնք բացառապես էկոլոգիական նախագծերին նպատակաուղղվող ֆինանսական գործիքներ են) կամ վարկերը տրամադրելով «կայունության» նախապայմանով, որոնց դեպքում վարկային տոկոսադրույքը նվազում է, եթե ընկերությունը հասնում է ESG որոշակի թիրախների (օրինակ՝ CO2-ի արտանետումների կրճատման):
Բացի այդ, եթե նախկինում ընկերությունները կարող էին աղտոտել շրջակա միջավայրը՝ առանց դրա համար վճարելու, ապա ESG օրակարգի շրջանակներում ներդրվող մեխանիզմները, ինչպիսիք են ածխածնային հարկը կամ արտանետումների առևտրի համակարգերը, ընկերություններին ստիպում են բնապահպանական վնասը դիտարկել որպես իրական տնտեսական ծախս: Սա խթանում է էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը, քանի որ «մաքուր» լինելը դառնում է ավելի էժան, քան աղտոտելը:
Եվ, վերջապես, ESG օրակարգը պետություններին տալիս է հստակ թիրախներ՝ ստեղծելու այնպիսի տնտեսական խթաններ, ինչպիսիք են հարկային արտոնությունների տրամադրումը վերականգնվող էներգետիկայի համար կամ պետական գնումների համակարգում՝ ESG հավաստագրեր ունեցող կազմակերպություններին նախապատվություն տալը:
- Կառուցվածքային և ընթացակարգային ինչպիսի՞ փոփոխություններ են առաջացնում տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում ներդրված բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործոնները:
- Տնտեսական գործունեությունում ESG գործոնների ներդրումն առաջացնում է համակարգային տրանսֆորմացիա՝ ստիպելով ընկերություններին վերանայել թե՛ իրենց ներքին կառուցվածքը, թե՛ գործառնական ընթացակարգերը։ Այսպես, օրինակ, ընկերությունների տնօրենների խորհրդի մակարդակով ձևավորվում են կայուն զարգացման ռազմավարության համար պատասխանատու հատուկ կոմիտեներ։ Իսկ դա նշանակում է, որ ESG-ն դուրս է գալիս մարքեթինգի բաժնի տիրույթից և դառնում կառավարչական բարձրագույն օղակի գործառույթ։
Միաժամանակ, ֆինանսական հաշվետվություններին զուգահեռ ներդրվում են ոչ ֆինանսական հաշվետվությունների ստանդարտներ (օրինակ՝ GRI, SASB), և ընկերությունները սկսում են չափել իրենց ածխածնային հետքը, ջրի օգտագործումը և թափոնների քանակը։
Ներդրման փուլում այս փոփոխությունները կարող են դիտարկվել որպես բյուրոկրատական բեռ, սակայն երկարաժամկետ կտրվածքով դրանք ապահովագրում են բիզնեսը անսպասելի տուգանքներից, հեղինակության կորստից և ռեսուրսների թանկացումից։
- ESG սկզբունքների ներդրման անհրաժեշտությունը շատ երկրներում հանգեցրել է մակրոտնտեսական քաղաքականության (դրամական և հարկաբյուջետային) վերանայման: Հատկապես ի՞նչ բնույթի փոփոխության մասին է խոսքը:
- Նախկինում կենտրոնական բանկի կամ ֆինանսների նախարարության համար կարևոր էր միայն, որ տնտեսությունն աճի (ՀՆԱ), իսկ գները լինեն կայուն։ Էական չէր աճի աղբյուրը նա՞վթն է, թե՞ արևային էներգիան։ Ներկայիս իրողություններում քաղաքականությունը փոխվում է․ փողը դառնում է «խտրական», պետությունը սկսում է տարբերակել փողի գինը։ «Կանաչ» և էթիկային համապատասխանող բիզնեսի համար վարկն ու փողը դառնում են ավելի էժան և հասանելի։ Շրջակա միջավայրն աղտոտող կամ ռիսկային բիզնեսի համար պետությունը «թանկացնում» է փողը՝ հարկերի կամ բանկային սահմանափակումների միջոցով։
Կարճ ասած, պետությունը՝ ESG օրակարգին համահունչ այնպես է վերանայում հարկերն ու օրենքները, որ շրջակա միջավայրն աղտոտելը դառնում է թանկ հաճույք։ Այսինքն՝ բնությանը հասցված վնասն այլևս «անվճար» չէ, այն դառնում է բիզնեսի իրական ծախսը։
- Ներդրումային և հարկային ի՞նչ գործիքակազմի միջոցով է հնարավոր խթանել կանաչ ներդրումները:
- «Կանաչ» ներդրումների խթանման գործիքակազմը կարելի է բաժանել երկու պարզ խմբի՝ խրախուսանք, որը փողը դարձնում է ավելի էժան ու հասանելի, ու զսպող բաղադրիչներ, որոնք թանկացնում են շրջակա միջավայրն աղտոտելը։ Նմանատիպ ներդրումային գործիքներից են․
ա․ «կանաչ» պարտատոմսերը (Green Bonds), որոնցով հավաքագրված միջոցները կարող են ծախսվել բացառապես էկոլոգիական նախագծերի վրա (օրինակ՝ արևային կայանի կառուցում)։ Ներդրողների համար սա ավելի քիչ ռիսկային և հեղինակավոր ներդրում է։
բ․ արտոնյալ վարկավորումը, որի դեպքում պետությունը կամ միջազգային կառույցները սուբսիդավորում են վարկի տոկոսադրույքը։ Օրինակ, եթե բիզնեսը ցանկանում է գնել էներգախնայող սարքավորումներ, նա վարկը ստանում է, ասենք, 5%-ով՝ սովորական 12%-ի փոխարեն։
գ․ պետական երաշխիքները, երբ պետությունը ստանձնում է «կանաչ» նախագծերի ռիսկի մի մասը։ Եթե նորարարական «կանաչ» ստարտափը ձախողվի, պետությունը կփոխհատուցի ներդրողի վնասի մի մասը, ինչը խիզախություն է տալիս ներդրողներին։
Հարկային գործիքակազմից են՝ հարկային արտոնություններն ու զեղչերը, արագացված ամորտիզացիան, ածխածնային հարկը (Carbon Tax) և այլն: Սրանց կիրառմամբ ընկերություններին թույլատրվում է սարքավորումների ծախսն ավելի արագ «դուրս գրել» հարկվող եկամտից կամ ավելի քիչ շահութահարկ վճարել, եթե նրանք իրականացնում են «կանաչ» ներդրումներ։ Օրինակ՝ վերականգնվող էներգիայի սարքավորումների ներկրումն ազատվում է ԱԱՀ-ից կամ մաքսատուրքից։ Մինչդեռ ածխածնային հարկը «պատժիչ» գործիք է։ Յուրաքանչյուր տոննա արտանետված CO2-ի համար բիզնեսը վճարում է հստակ գումար, ինչը ստիպում է ընկերություններին ներդրում անել «մաքուր» տեխնոլոգիաներում, որպեսզի պարզապես խուսափեն այդ հարկից։
- Այս առումով ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում. որքանո՞վ է կարևոր և հրատապ ESG օրակարգի ներդրումը մեր երկրում, տնտեսական ի՞նչ էֆեկտ կարող է ապահովել և ի՞նչ քայլեր են կիրառվում կամ պետք է ձեռնարկվեն այն մեզանում արմատավորելու համար:
- Հայաստանի համար ESG օրակարգն այլևս ընտրության հարց չէ, այլ տնտեսական գոյատևման և մրցունակության խնդիր։ Մեր երկիրը տարածքով փոքր է, ռեսուրսներով սահմանափակ և մեծապես կախված է արտաքին շուկաներից, ինչը ESG-ն դարձնում է հենց այն «կամուրջը», որով պետք է անցնի հայրենի տնտեսությունը։ Օրինակ, մեր հիմնական գործընկերներից մեկը՝ Եվրամիությունը, ներդնում է «Ածխածնային սահմանային կարգավորման մեխանիզմ» (CBAM), իսկ դա նշանակում է, որ եթե հայկական արտադրանքը (օրինակ՝ պղինձը, ալյումինը կամ գյուղմթերքը) չունենա «կանաչ» սերտիֆիկատ, այն Եվրոպայում կհարկվի այնքան բարձր, որ պարզապես կդառնա անմրցունակ։ Բիզնեսը պետք է հասկանա, որ ESG-ն ավելորդ ծախս չէ, այլ ներդրում։ Փոքր և միջին ձեռնարկությունները կարիք ունեն գիտելիքի, թե ինչպես չափել իրենց ազդեցությունը բնության վրա։
- ESG օրակարգն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության մրցունակությանը:
- ESG-ն այն «տոմսն» է, որը Հայաստանին թույլ կտա մնալ համաշխարհային տնտեսական քարտեզին։ Եթե հապաղենք՝ մեր ապրանքներն ու ծառայությունները պարզապես կմնան ներքին շուկայի շրջանակում՝ զրկվելով աճի հեռանկարից։ Հայաստանի տնտեսությունն օտարերկրյա ներդրումների կարիք ունի զարգանալու համար: Ժամանակակից ներդրողը (թե՛ մասնավոր, թե՛ ինստիտուցիոնալ) նախքան փող ներդնելը նայում է ընկերության ESG վարկանիշին:
