Հայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ

5 րոպեի ընթերցում

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրությունից, աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել է ժայռարվեստում և հայոց մշակույթի հարակից ոլորտներում պահպանված հնագույն պատկերացումները։

Այս աշխատությունը Կարեն Թոխաթյանի շուրջ 40 տարվա ուսումնասիրությունների արդյունք է։ Հեղինակը նշում է՝ ժայռապատկերները պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր են և ունեն գիտաճանաչողական մեծ նշանակություն։

«Հայաստանում հնուց ի վեր ծագած ժայռագրությունը, հարատևելով որպես հաղորդակցության միջոց, ապահովել է սերունդների կապը, կենսափորձի, մտածելակերպի և մշակույթի անխզելիությունը, ուրույն պատկերագրությամբ փոխանցել անցյալի խորհուրդը»,– ասել է հեղինակը:

Նրա խոսքով՝ գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են․

«Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք

Հրատարակված ժայռապատկերներ

Հնագիտական գտածոներ ու հուշարձաններ

Լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր

Անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր»,– նշված է ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կարեն Թոխաթյանը ժայռապատկերները հիմնականում ուսումնասիրել է տեղում։ Աշխատության մեջ դիտարկվել է Հայաստանում արդեն հայտնաբերված և 1986-2025 թթ. իր գրանցած՝ լուսանկարած ու ճշգրիտ տեղորոշած շուրջ 6000 նոր գտնված ժայռապատկեր․ Գեղամա լեռներում՝ 3500, Արագածում՝ 1000, Թեքսարում՝ 750, Սյունիքի ու Քարվաճառի լեռներում՝ 500, և մոտ 250 ժայռապատկեր ու վերապրուկ՝ հարթավայրային ցածրադիր մասերում։

Քննության է առնվել գրեթե 90 բնակելի, պաշտպանական, ծիսապաշտամունքային, ոռոգման և երկնադիտական կառուցվածք, քարակոթող, որսադարան, քարհանք և այլ միավորներ: Հնագիտական ու ճարտարապետական, լեզվական ու մատենագրական, հնաստղագիտական ու տոմարական, բանահյուսական ու ազգագրական նոր նյութերի ներառման, արդիական մոտեցումների կիրառման շնորհիվ մի շարք էական աղերսներ են բացահայտվել ժայռարվեստի և պատմամշակութային մյուս ոլորտների միջև, մեկնաբանվել դրանց իմաստաբանական ու ծագումնաբանական կապերը և ձևավորման նախադրյալները:

Մշակվել և գիտական շրջանառության են դրվել ժայռապատկերի բացարձակ թվագրման աստղագիտական եղանակներ: Առաջինի օգնությամբ հասակագրվել է 10 աստղաքարտեզ (4600 ± 200 տարի):

Համեմատական նյութի ներառմամբ ցույց են տրված ժայռապատկերների և հայ մշակույթի հարակից ոլորտների իմաստաբանական աղերսները, որով վկայվում է դրանց արարողների էթնոմշակութային միասնականությունը և հայ ժողովրդի՝ իր բնօրրանում հարակայությունը:

Տիեզերաբանական բովանդակության ժայռապատկերների և հնաստղագիտական կառուցվածքների վերլուծությամբ լուսաբանված են կոթողների թվագրման և օրացույցի սկզբնավորման հիմնահարցեր:

Ժայռապատկերները դիտարկված են հնադարյան պաշտամունքի, արվեստի և գիտության ձևավորման խնդիրների ծիրում` ներառյալ միջնադարյան հայ իմաստասիրական մտքի նվաճումները: Աշխատության մեջ սահմանված են «Ժայռապատկերաբանություն» գիտաճյուղի հիմունքները:

Գիրքը նախատեսված է պատմագիտության, հնագիտության և ազգագրության, աստղագիտության և տոմարի, գրի, բնական գիտությունների պատմության, ինչպես և այլ ոլորտների մասնագետների և հնագույն մշակույթով հետաքրքրվողների համար:

«Հայաստանի ժայռապատկերները» գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ։

Հայերեն

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը