Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մասնակցել է «TOON EXPO. INVEST 2026» ցուցահանդեսին
1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մասնակցել է «TOON EXPO. INVEST 2026» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ցուցահանդեսի բացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։
Կոմիտեի նախագահն արձանագրել է, որ կառուցապատման աշխարհագրությունը փոխվում է. Երևանին զուգահեռ ակտիվություն է նկատվում նաև մարզերում, ինչի մասին փաստում են կոմիտեի ներդրած կառուցապատման թույլտվությունների թվային հարթակի տվյալները։

«Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ պարզեցնելու, հստակեցնելու և կանոնակարգելու քաղաքաշինական ընթացակարգերը, վերացնելու օրենսդրական բացերն ու ոլորտում գործունեություն իրականացնելու խոչընդոտները։ Մենք հստակ քայլերով գնում ենք դեպի քաղաքաշինության ոլորտի թվայնացում, ինչը կապահովի կառուցապատում սկսելու առաջին փուլից մինչև վերջին փուլի հետագծելիությունը»,- նշել է Վարդանյանը։

Կոմիտեի նախագահը կարևոր է համարել նաև տարբեր երկրներից ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրականացնող կառուցապատողների և արտերկրի անշարժ գույքի շուկաների առաջարկները ցուցահանդեսի այցելուներին ներկայացնելու հնարավորությունը։