Հայաստան

Որևէ մեկը սիրուն աչքերի համար երաշխավոր չի դառնում․ ԱԳ նախարարը՝ խաղաղության երաշխավորների մասին

2 րոպեի ընթերցում

Որևէ մեկը սիրուն աչքերի համար երաշխավոր չի դառնում․ ԱԳ նախարարը՝ խաղաղության երաշխավորների մասին

Միջազգային հարաբերություններում որևէ երկիր սիրուն աչքերի համար երաշխավորություն չի ստանձնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով խաղաղության գործընթացում երաշխավորների թեմայի շուրջ քննարկումներին։

Միրզոյանը նշեց, որ ընդդիմությունը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է քաշում երաշխավորների թեման։

«Այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Մինչ այդ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, հիմա խոսում են խաղաղության մասին, բայց՝ երաշխավորներով»,- ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ միջազգային հարաբերություններում երաշխավորները միշտ առաջնորդվում են սեփական շահերով։

«Սառը հաշվարկների աշխարհում ոչ մեկ ոչ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և նաև իր զինվորների արյունը չի թափում, ծախսերը չի անում»,- ընդգծեց նախարարը։

Նա հավելեց, որ պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ նույնիսկ երաշխավորված և ստորագրված համաձայնությունները խախտվել են՝ երբեմն հենց այդ երաշխավորների կողմից։

Միրզոյանի գնահատմամբ՝ ներկայում առկա խաղաղությունը արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ պահպանվելով տարածաշրջանային լարված պայմաններում։

«Խաղաղությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ այն շահավետ է երկու կողմերին»,- ընդգծեց նա։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի նպատակը Ադրբեջանի հետ փոխշահավետ համագործակցության համակարգի ձևավորումն է, որը կխթանի երկարաժամկետ խաղաղության պահպանումը։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում