Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը ՔՊ-ն համարում է խաղաղության կուսակցություն, հիմնական ընդդիմադիր դերակատարներին՝ պատերազմի կուսակցություններ

2 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը ՔՊ-ն համարում է խաղաղության կուսակցություն, հիմնական ընդդիմադիր դերակատարներին՝ պատերազմի կուսակցություններ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն ընտրություն է կատարելու խաղաղության և հնարավոր պատերազմի միջև:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  

«Ես հասկանում եմ, որ այն ուժերին, որ հիմա դահլիճում են, այն ուժերին, որոնք ուզում են խորհրդարան մտնել, պատերազմ է պետք, պատերազմի մասին խոսակցություն է պետք, որպեսզի կարողանան դրա վրա քաղաքական բան կառուցել: Բայց հիմա պատերազմ չկա, խաղաղություն է»,-ասաց Սիմոնյանը:

Նա ընդգծեց՝ արդեն 2 տարի է՝ հակառակորդի կրակոցից սահմաններին մարդ չի զոհվել։

«Հիմա պատերա՞զմ է, թե՞ խաղաղություն է: Խորհրդային միության փլուզումից այս կողմ չի եղել, որ Հայաստանն ու Ադրբեջանն առևտուր անեն, չի եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները երկու կողմից խոսեն խաղաղության մասին»,-նշեց նա:

ԱԺ նախագահի կարծիքով՝ պետք է վախենալ այդ խաղաղությունը ձեռքից բաց թողնելուց:

«ՀՀ գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, խաղաղության կուսակցություն է, մնացածը՝ հիմնական ընդդիմադիր դերակատարները, պատերազմի կուսակցություններ են: Իրողությունը դա է: Եթե մարդիկ ասում են, որ պետք է պահանջ ներկայացնեն, դա կոչվում է պատերազմ»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ Խորհրդային միությունը փլուզվելուց հետո բոլոր տեղերում՝ Միջին Ասիայում, Ուկրաինայում, Հարավային Կովկասի տարածաշրջանում թողել է չլուծված սահմանային հարցեր: «Մեզ էլ ասել է՝ դուք, որ ապրում եք Հայաստանում, միշտ երազեք, որ ձեր տունը միայն այստեղ չէ, այնտեղ էլ է, մենք էլ ձեզ տիրություն կանենք: Նպատակն է, որ մենք միշտ կախված լինենք նրանցից: Այո, կա պատերազմի կուսակցություն, և կա խաղաղության կուսակցություն: Եվ այո, 2026 թվականի ընտրությունը լինելու է խաղաղության և հնարավոր պատերազմի մասին»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում