Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ ՍԴ դատավորի պաշտոնում քաղաքական անաչառություն դրսևորելու հարցին
2 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը քաղաքական պաշտոնից հետո ՍԴ դատավորի պաշտոնում աշխատելու հարցում քաղաքական կողմնապահության ռիսկեր տեսնում է, սակայն կարևոր է համարում ՍԴ դատավորի երդմանը հավատարիմ մնալը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդանյանն ասաց Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնում իր ընտրության հարցի քննարկման ընթացքում:
«Ես արդեն 7 տարի է խորհրդարանում եմ, և մեզնից յուրաքանչյուրը գտնվում է երդման ներքո և այդ երդման տեքստում կա հստակ պահանջ՝ պահպանել ՀՀ Սահմանադրությունը, երդման պահից սկսած ես դու ստանձնում պարտավորություններ և, անկախ քո քաղաքական կողմնորոշումից, նախասիրություններից, դու պարտավոր ես գործել քո երդմանը համապատասխան»,- ասաց Վարդանյանը:
Վլադիմիր Վարդանյանը հավելեց՝ մի շարք եվրոպական երկրներում նաև օրենքի պահանջ է, որ սահմանադրական դատարանների անդամների մի մասը պետք է լինեն նախկին խորհրդարանականներ:
Վլադիմիր Վարդանյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2019-ից մինչև օրս Ազգային ժողովի պատգամավոր է, զբաղեցնում է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հայաստանի Հանրապետության նախագահը: