Եթե այդ խումբը Մադագասկարից գար, այս ռեակցիան չէր լինի. Միրզոյանը՝ ԵՄ-ից Հայաստան ուղարկվելիք հիբրիդային արագ արձագանքման թիմի մասին
4 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի դեմ իրականացվող հիբրիդային հարձակումների թելերի մի մասը տանում են Ռուսաստան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն այդ մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Եկեք նախ հասկանանք, թե ինչ է նշանակում հիբրիդային հարձակում։ Եթե փորձենք թարգմանել հիբրիդային բառը, դա «խառնածին» բառն է, այսինքն՝ Հայաստանի դեմ խառնածին գործողություններ են։ Դա կարող է լինել ապատեղեկատվության տարածումը, կիբեռհարձակումները և այլն։ Արվո՞ւմ են Հայաստանի դեմ այսպիսի հարձակումներ, միանշանակ արվում են, ո՞վ կարող է այլ կարծիք հայտնել։ Մի մասը զանգվածային լրատվության միջոցների միջոցով է արվում։ Ձեր միջոցով արվածի մի մասը գիտակցված է արվում, մի մասը պատահաբար ստացվում է՝ լուր է, գալիս է, տարածելու անհրաժեշտություն եք տեսնում»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ունեն իշխանությունները, երբ ասում են, որ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումներ են։
Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունների ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները իրականացվում են Ռուսաստանից՝ Միրզոյանը պատասխանել է.
«Կոնկրետ երկրի անուն տվեցիք։ Կարո՞ղ են այդ սուտ տեղեկատվության թելերի մի մասը տանել մի կոնկրետ երկիր։ Այո,տանում են։ Եվ դուք մի պատկերացրեք կենտրոնացված մի գրասենյակ կամ բարձրագույն իշխանություն, որտեղից ամեն ինչ կազմակերպվում և կառավարվում է։ Կարո՞ղ եք տեսնել Ռուսաստանի Դաշնության պատգամավորների, որոնք Հայաստանի ինքնիշխանության, օրինական ընտրված իշխանության դեմ ասում են բաներ, որի իրավունքը չունեն, որովհետև դա ներքին քաղաքականությանը խառնվել է, կարո՞ղ եք տեսնել տարբեր տրամաչափի պաշտոնյաների այդ գործողությունների մեջ, կարո՞ղ եք տեսնել փորձագիտական շրջանակներից այդպիսի բաներ, վստահաբար կարող եք տեսնել»։
Անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությանը, որ Եվրամիությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի երկիր հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է.
«Սա մեզ համար բավականին անծանոթ երևույթ է, և միաժամանակ աշխարհի ինչ-որ մի մասում այս մասով կա կուտակված փորձ, ինչո՞ւ չհարցնել, ես չեմ հասկանում։ Շրջանակներ կան, որ Եվրամիություն բառը հենց լսում են խրտնում են և մտածում են, որ եկել են մեզ կուլ տան, կտրեն, չգիտեմ, դարավոր բարեկամական կապից։ Հենց ԵՄ լսում են, ծնկները միանգամից թուլանում են։ Եթե այդ խումբը Մադագասկարից գար, ես վստահ եմ, որ այդ ռեակցիան չէր առաջացնի։ Հիմա ես ձեզ ուզում եմ հիասթափեցնեմ և բացահայտում անեմ ձեզ համար։ Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ընտրական գործընթացների հետ կապված տարատեսակ ասպետկտներով Հայաստանն այդ թվում ԵՄ-ից օգնություն խնդրել է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ հարցում նաև ՌԴ-ից աջակցություն չեն խնդրում, Միրզոյանը նշել է՝ եթե ՌԴ-ն ունի սեփական փորձը հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու և պատրաստ է կիսվել, Հայաստանի իշխանությունները դեմ չեն։
«Թող կիսվեն, մենք էլ կտեսնենք, թե ինչ փորձ է»,- եզրափակել է նախարարը։