Մշակույթ

Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի սահմանները. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Պոեզիայի համաշխարհային օրը

2 րոպեի ընթերցում

Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի սահմանները. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Պոեզիայի համաշխարհային օրը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել բանաստեղծներին Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը մեջբերել է բանաստեղծ Հենրիկ Էդոյանի «Պոեզիան փողոցը չէ, այլ փողոցով անցնող մարդը միայնակ՝ ձեռքերը գրպաններում...» տողերն ու ընդգծել, որ Պոեզիայի համաշխարհային օրը առիթ է վերարժևորելու խոսքի բացառիկ ուժը, որը դարեր շարունակ ուղեկցել է մարդկությանը՝ ձևավորելով մեր միտքը և ինքնագիտակցությունը։

«Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի սահմանները՝ ստանալով նոր ձևեր, դառնալով ոչ միայն գրական տեքստ, այլև գոյության ձև, ներքին ճանապարհ, որի միջոցով մարդը փորձում է հասկանալ ինքն իրեն և շրջակա աշխարհը։  Ահա այս և այլ պատճառներով բանաստեղծության ընթերցումը բավական բարդ է և միաժամանակ հաճելի, որովհետև պահանջում է կենտրոնացում, ներհայեցում, մեզ կանգնեցնում է մեր մտքերի և զգացումների առջև՝ ստիպելով վերաիմաստավորել ամեն ինչ»,-նշել է Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար կարևորում է գրականության և հատկապես պոեզիայի զարգացումն ու տարածումը՝ իրականացնելով մի շարք նախագծեր, այդ թվում՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնը, «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որոնց շրջանակում աջակցում է հայ ժամանակակից բանաստեղծներին՝ խթանելով ստեղծագործական գործունեությունը, հրատարակված ժողովածուների ներկայացումն ու հանրայնացումը։

«Սիրելի՛ բանաստեղծներ և ընթերցողներ, շնորհավորում ենք բոլորիդ Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ։ Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն»,-շեշտել է Ժաննա Անդրեասյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում