Լուսին թռչելը մեզ համար խակ է. վարչապետն անդրադարձավ հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների կարևորությանը

7 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը կապում է հանրության կյանքի որակի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում մարտի 17-ին Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում ունեցած ելույթում նա ընդգծել է հանրության կյանքի որակի շարունակական բարձրացման անհրաժեշտությունը: 

«Հանրային կառավարման ոլորտի աշխատանքի որակը շատ ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ։ Եվ, կարծում եմ, որ այս կապակցվածությունը միշտ չի և ամեն տեղ չի, որ ընկալված է։ Որպեսզի մենք հանրության կյանքը դարձնենք ավելի որակյալ, պիտի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, իսկ որպեսզի ավելի որակյալ դարձնենք հանրային ոլորտի կառավարումը, կա մի գործիք՝  լրացուցիչ ներդրումներն այդ ոլորտում։ Ընդհանրապես մեր մտածողությունը շատ տեղերում արտահամակարգային և արտապետական է, և մենք շարունակում ենք մտածել, թե կարելի է չանել ներդրում և ունենալ լավարկում՝ օրինակ էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության և այլնի վրա, ընդ որում, էնտուզիազմի, էմոցիայի, նվիրվածության գործառույթը երբեք չի կարելի նսեմացնել»,- ասել է վարչապետը՝ հավելելով՝ եթե չկա ենթակառուցվածք, որը էմոցիան և էնտուզիազմը կտրանսֆորմացնի և կդարձնի արժեք, այդ դեպքում էմոցիան և էնտուզիազմը չեն կարող մեծ ազդեցություն ունենալ։

Վարչապետի խոսքով՝ մեր իրականության մեջ հանրային ոլորտը լավարկելու մի ուրիշ խնդիր էլ կա, քանի որ հանրային ոլորտը առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ «Սա կապված է մեր պատմական փորձառության հետ։ Մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ցույց է տվել, որ մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող և խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը՝ որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները, այդ գնացքի նստատեղերն ու վագոններն ընդհուպ ոսկեջրել, բայց եթե ռելսերի վրա պատշաճ ներդրումներ արված չեն, այդ գնացքը կամ պարզապես տեղից չի շարժվի, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը, եկեք խոստովանենք, որ մեր իրականության մեջ շատ հաճախ պատահում է։ Շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում և չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Հետևաբար, հանրային կառավարման նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը մեր ամենակարևոր անելիքներից մեկն է։ Մենք Հայաստանում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի պետական բյուջեն։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ամեն դրամ հարկը այդ քաղաքացուն վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հանրային ոլորտի նորարարության թեմային՝ վարչապետը նախ ներկայացրեց, թե ինչ է նշանակում նորարարությունը իր կարծիքով։ «Ի՞նչ է նշանակում նորարարություն, նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չէ անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ, իսկ նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ սա է պատճառը, որ Հայաստանի կառավարության առնվազն վերջին 1.5 տարվա քաղաքականությունն ուղղված է հետևյալին՝ մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում, այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա և կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի և նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք և նոր ըմբռնում։ Եվ մենք ունենք մի իրավիճակ, երբ հազարավոր պետական ծառայողներ այսօր այդ ներդրումների և ծրագրի շնորհիվ անդրադառնում են իրենց կրթությանը։ Աշխատանքից հետո նրանք կրթական ծրագրերի են մասնակցում՝ բարձրացնելու համար իրենց որակավորումը, բարձրացնելու համար իրենց աշխատանքի որակը, և դա առաջին հերթին արվում է Հայաստանի քաղաքացիների և Հայաստանում ապրող մարդկանց կյանքը բարելավելու համար»,- ասել է Փաշինյանը։  

Նրա խոսքով՝ ցանկացած չլուծված պրոբլեմ, որ այսօր տեսնում ենք, նախկինում հանրային կառավարման ոլորտում չարված ներդրումների հետևանք է։

«Այսօր հանրային կառավարման ոլորտում կան բազմաթիվ պրոֆեսիոնալ և գիտակ մարդիկ, բայց ես ուզում եմ նաև ասել, որ առանձին վերցրած գիտելիքը չի կարող տալ արդյունք, որովհետև գիտելիքը նույնպես պետք է տեղադրված լինի ճիշտ տեղում և ճիշտ համակարգի մեջ։

Մի օրինակ կա, որը ինձ ամենաշատն է տպավորել, երբ դեպի Lուսին ԱՄՆ առաքելության «Ապոլոն» ծրագրի մեկնարկի համար աշխատել է ավելի քան 400 հազար գիտնական։ Սա նշանակում է, որ եթե այդ երկրում լիներ ոչ թե 400 հազար, այլ 250 հազար գիտանական, այդ դարակազմիկ ծրագիրը պարզապես տեղի չէր ունենա։ Մենք, իհարկե, մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել և, ցավոք, այսօր էլ չենք պլանավորում թռչել Lուսին, և դրա համար կա ընդամենը մեկ պատճառ՝ այդ 400 հազար գիտնականի և պրոֆեսիոնալի բացակայությունը։ Որովհետև, եթե լինեին այդ 400 հազար գիտնականները և պրոֆեսիոնալները, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու մենք պետք է հրաժարվեինք Lուսին թռչելուց։ Կներեք կոպիտ օրինակի համար, այսպիսի ասացվածք  կա՝ «Աղվեսի դունչը չի հասնում խաղողին, ասում է՝ խակ է»։ Լուսին թռչելը մեզ համար խակ է, իսկապես խակ է, որովհետև գարունը նոր է բացվել և մրգի հասնելուն դեռ շատ ժամանակ կա»,- եզրափակել է Փաշինյանը։

Հայերեն English Français Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան