Սպորտ

Հայտնի են Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2026 թվականի մարզային առաջնության հաղթողները

4 րոպեի ընթերցում

Հայտնի են Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2026 թվականի մարզային առաջնության հաղթողները

Արդեն հայտնի են Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2026 թվականի առաջնության հաղթողները, որոնք մարզը կներկայացնեն հանրապետական առաջնությունում։  

«Արմենպրես»-ի թղթակցին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից հայտնեցին, որ դպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով, ամեն տարի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ անցկացվում է մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն:

Առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2026 թվականի փետրվարի 18-24-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսի և Վարդենիկի մասնաճյուղերում:

Փետրվարի 28-ին և մարտի 7-ին Գավառի Պապին Ղանդիլյանի անվան թիվ  2 միջնակարգ դպրոցում կայացել է առաջնության մարզային փուլը, որին մասնակցել են համայնքային փուլի արդյունքում ձևավորված թիմերը՝ շուրջ 80 պատանի շախմատիստներով:

Թիմերն ըստ տարիքային խմբերի ձևավորվել էին հետևյալ համամասնությամբ՝ մինչև 8 տարեկաններ՝ 1 տղա, մինչև 10 տարեկաններ՝ 3 տղա, մինչև 12 տարեկաններ՝ 4 տղա, մինչև 14 տարեկաններ՝ 2 տղա, մինչև 16 տարեկաններ՝ 2 տղա: Ընդ որում՝ մինչև 10 տարեկան պատանիների մրցաշարում մասնակցության իրավունք ունեին առնվազն 3-րդ կարգ ունեցող, մինչ 12, 14 և 16 տարեկան պատանիների մրցաշարում՝ առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստները։

Առաջնությունն անցկացվել է ՖԻԴԵ-ի կանոնակարգի դասական շախմատի կանոնների համաձայն, անհատական կարգով։ Խաղացողին մեկ խաղափուլում յուրաքանչյուր քայլի համար տրվել  է լրացուցիչ 5 վայրկյան:

Մարզային փուլում մինչև 8 և 16 տարեկանների տարիքային խմբերում մրցումներն անցկացվել են շրջանաձև մրցակարգով, իսկ մինչև 10, 12 և 14 տարեկանների տարիքային խմբերում` շվեյցարական մրցակարգով:

Մինչև 8 տարեկանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Արտյոմ Սարգսյանը (Ճամբարակ), 2-րդ հորիզոնականը՝ Ռոբ Անտոնյանը (Մարտունի), իսկ 3-րդ հորիզոնականը` Դավիթ Սարիբեկյանը (Մարտունի):

Մինչև 10 տարեկանների տարիքային խմբում ուժեղագույնն էր Նարեկ Եղոյանը (Վարդենիկ), 2-րդ տեղում էր Նարեկ Մանուկյանը (Վարդենիկ), իսկ 3-րդ մրցանակային տեղում՝ Ալեքս Մխիթարյանը (Վարդենիս):

Մինչև 12 տարեկանների խմբում 1-ին տեղը գրավել է Բաբկեն Մանուկյանը (Գավառ), 2-րդ տեղը՝ Ալեն Գրիգորյանը (Վարդենիկ), իսկ 3-րդ մրցանակային տեղը՝ Լևոն Զախարյանը (Մարտունի): Այս տարիքային խմբում հաջորդ փուլի մասնակցության իրավունք է ստացել նաև Գևորգ Դադոյանը (Գավառ)։

Մինչև 14 տարեկանների տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Վաչե Ավդալյանը (Սարուխան), 2-րդ տեղը գրավել է Սերգեյ Սահակյանը (Ճամբարակ), 3-րդ տեղը՝ Արամ Խաչատրյանը (Մարտունի):

Մինչև 16 տարեկանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Տիգրան Սարիբեկյանը (Մարտունի), 2-րդ տեղը՝ Լևոն Վարդանյանը (Սևան), 3-րդ մրցանակային տեղը՝ Արմեն Ղանադյանը (Ճամբարակ):

Մրցաշարի արդյունքում ձևավորվել է մարզի հավաքական թիմը, որը Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին կներկայացնի Գեղարքունիքի մարզը:

Առաջնության մրցանակակիրներին Գեղարքունիքի մարզպետի անունից հանձնվել են հավաստագրեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում