1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզային այցի շրջանակում այցելել է Գյումրի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը շրջել է քաղաքում և անմիջական զրույցներ ունեցել քաղաքացիների հետ:
Վարչապետը նաև նվագել է «Չամիչով բուլկի» բենդի երիտասարդների հետ և առաջարկել առաջիկայում համագործակցել «Վարչաբենդ»-ի հետ: Բենդի անդամների հետաքրքրությանը, թե երբ է հաջորդ համերգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Նախնական ժամկետ որոշված է ապրիլի 6–ը։ Երկու կատարում ունենաք՝ կարող եք միանալ մեզ»։
Նիկոլ Փաշինյանը եթերում դիմեց Հայաստանի երաժշտական խմբերին՝ առաջարկելով միանալ «Վարչաբենդ»–ի առաջիկա համերգին։
«Սկզբում նպատակադրվում ենք Հանրապետության հրապարակը լցնել, հետո՝ Մարզահամերգային համալիրը»,-նկատեց վարչապետը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7–ին այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր բնակավայրերի քաղաքացիների հետ։
ՀՀ վարչապետը կանգառներ է կատարել Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում, Շիրակի մարզի Մարալիկ, Պեմզաշեն, Արթիկ համայնքներում։