Ամասիայում ցանքատարածքների մշակումը կիրականացվի նոր սերնդի ագրոդրոնի օգնությամբ
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ամասիա համայնքի գյուղատնտեսական գործիքակազմը համալրվել է ժամանակակից տեխնիկայով։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը համայնքին է տրամադրել նոր սերնդի գյուղատնտեսական նշանակության ագրոդրոն, որը կարդիականացնի դաշտային աշխատանքների կազմակերպումը։
Ամասիայի համայնքապետարանից տեղեկացնում են, որ այս նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս իրականացնել ցանքատարածքների ու բույսերի ախտահանումն ու սնուցումը թունաքիմիկատներով՝ բացառելով բույսերի կամ հողաշերտի մեխանիկական վնասումը, ինչը հաճախ տեղի է ունենում ավանդական տեխնիկայի կիրառման դեպքում։
Ագրոդրոնն աչքի է ընկնում արդյունավետ աշխատանքով․ ընդամենը մեկ ժամում այն կարող է մշակել մինչև 10 հեկտար տարածություն։ Սա ոչ միայն էապես կբարձրացնի գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը, այլև թույլ կտա գյուղացիական տնտեսություններին խնայել իրենց ժամանակն ու ռեսուրսները։
Համայնքի բնակիչների համար սարքավորման հասանելիությունն ապահովելու նպատակով առաջիկայում նախատեսվում է ավագանու նիստ գումարել։ Նիստի ընթացքում կքննարկվի և կսահմանվի ագրոդրոնի օգտագործման հստակ կարգը, ինչպես նաև կորոշվեն համայնքի բնակիչներին տեխնիկական այս միջոցի տրամադրման պայմանները։