Երևանում կանցկացվեն «Teach For All» Եվրոպական համաժողովը և «Mindx» միջազգային կրթական ֆորումը
5 րոպեի ընթերցում
«Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մարտի 23-25-ը Երևանում կանցկացվի Եվրոպական տարածաշրջանի ղեկավարների և կրթության ոլորտի առաջատար փորձագետների համաժողով «Teach For All» համաշխարհային ցանցի շրջանակում: Մարտի 27-28-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա «Mindx» միջազգային կրթական համաժողովը, որը բաց է հանրության համար և կմիավորի տեղական ու միջազգային փորձագետների՝ քննարկելու կրթության զարգացման հեռանկարները, համաշխարհային միտումներն և ժամանակակից մարտահրավերները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը՝ նշելով, որ Հայաստանում ներկայում առկա է 700 թափուր ուսուցչական հաստիք ՝ հիմնականում գյուղական համայնքներում և սահմանամերձ բնակավայրերում: Միևնույն ժամանակ, աշխատատեղերի շուրջ 89 տոկոսը կենտրոնացված է Երևանում, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում մարզերի համար: Այս պայմաններում «Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը նպատակ ունի լրացնել հնարավորությունների այդ բացը՝ համայնքներում ներգրավելով պայծառ երիտասարդներին:
Ծրագրի շրջանակում ամեն տարի 50 երիտասարդ մասնագետներ գործուղվում են տարբեր համայնքներ՝ երկու տարի դասավանդելու տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն, կենսաբանություն, քիմիա և կրթության համար առանցքային նշանակություն ունեցող այլ առարկաներ:
«Մասնակիցների ընտրությունը կատարվում է բազմաշերտ գործընթացով: Չնայած տարիքային սահմանափակում չկա՝ դիմորդների մեծ մասը համալսարան ավարտած երիտասարդներ են: Նրանք անցնում են 7 շաբաթ տևող առաջնորդության դպրոց, ստանում մեթոդաբանական պատրաստվածություն և համապատասխան հավատարմագրում, որից հետո դառնում են տվյալ դպրոցի աշխատակիցներ: Հիմնադրամը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն՝ կենցաղային ծախսերի, այդ թվում՝բնակվարձի փոխհատուցման համար»,-ասաց հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը:
Ծրագրի ուսուցիչների համար ատեստավորումը պարտադիր է: Առարկայական փորձագետների աջակցությամբ նրանք պատրաստվում են, հանձնում են քննությունները, ինչի արդյունքում բարձրանում է նաև նրանց աշխատավարձը: Հիմնադրամը սերտ համագործակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ՝թափուր հաստիքների տեղաբաշխման և կրթության որակի բարձրացման ուղղությամբ:
Ծրագրում ընդգրկված են նաև ԼՂ-ից տեղահանված ուսուցիչներ, որոնք, շարունակելով իրենց մասնագիտական ուղին, ներգրավվել են տարբեր համայնքներում և դարձել նախաձեռնության ակտիվ մասնակիցներ:
Երկու տարվա ավարտից հետո մասնակիցները դառնում են շրջանավարտ- դեսպաններ: Այս պահին հիմնադրամն ունի 550 շրջանավարտ, որոնցից մոտ 70 տոկոսը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ աշխատելով դպրոցներում, կրթական կազմակերպություններում ինչպես նաև պետական համակարգում: Կան նաև ուսուցիչներ, որոնք մնացել են իրենց համայնքներում և այնտեղ շարունակել իրենց գործունեությունը:
Բացի հիմնական ծրագրից, իրականացվում է «Սերունդ» դպրոցի վերափոխման նախաձեռնությունը, որի շրջանակում շրջանավարտները դպրոցներում աշխատում են սոցիալ- հուզական ուսումնառության և կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ձևավորելով ավելի աշակերտակենտրոն մշակույթ:
Գործում է նաև «Կայծ» կրթական ստարտափների ինկուբատորը, ինչպես նաև հանրային քաղաքականության լաբորատորիան, որի առաջարկած մի շարք լուծումներ վերջին տարիներին ընդունվել են կառավարության կողմից:
Հիմնադրամը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի հետ՝ իրականացնելով մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական ծրագիր: Այն նախատեսված է 30 մասնակցի համար, որոնցից 10-ը՝ ուսուցիչ առաջնորդների համար: Ծրագիրը միավորում է տեղական և արտերկրի մասնագետների փորձառությունը՝ նպաստելով կրթության ոլորտում նոր որակի ձևավորմանը:
«Հիմնադրամի գործունեության առանցքում մեկ սկզբունք է ՝յուրաքանչյուր երեխա, անկախ բնակության վայրից, արժանի է լավագույն կրթության, և այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է համադրել մասնագիտական գիտելիքն ու առաջնորդության կարողությունը»,-եզրափակեց Վարդան Փարթամյանը:
Լուսինե Ջալալյան