Կրթություն

Երևանում կանցկացվեն «Teach For All» Եվրոպական համաժողովը և «Mindx» միջազգային կրթական ֆորումը

5 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվեն «Teach For All» Եվրոպական համաժողովը և «Mindx»  միջազգային կրթական ֆորումը

«Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ  մարտի 23-25-ը Երևանում կանցկացվի Եվրոպական տարածաշրջանի  ղեկավարների և կրթության ոլորտի առաջատար փորձագետների համաժողով «Teach For All» համաշխարհային ցանցի շրջանակում: Մարտի 27-28-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա   «Mindx» միջազգային կրթական համաժողովը, որը բաց է հանրության համար և կմիավորի տեղական ու միջազգային փորձագետների՝ քննարկելու կրթության զարգացման հեռանկարները, համաշխարհային միտումներն և ժամանակակից մարտահրավերները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց  «Դասավանդի՜ր  հանուն Հայաստանի» կրթական   հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը՝ նշելով, որ Հայաստանում ներկայում առկա է  700 թափուր ուսուցչական հաստիք ՝ հիմնականում գյուղական համայնքներում և սահմանամերձ բնակավայրերում: Միևնույն ժամանակ, աշխատատեղերի շուրջ 89 տոկոսը կենտրոնացված է Երևանում, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում մարզերի համար: Այս պայմաններում «Դասավանդի՜ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը նպատակ ունի լրացնել հնարավորությունների այդ բացը՝ համայնքներում ներգրավելով պայծառ երիտասարդներին:

Ծրագրի շրջանակում ամեն տարի 50 երիտասարդ մասնագետներ գործուղվում են տարբեր համայնքներ՝ երկու տարի դասավանդելու տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն, կենսաբանություն, քիմիա և կրթության համար առանցքային նշանակություն ունեցող այլ առարկաներ:  

«Մասնակիցների ընտրությունը կատարվում է բազմաշերտ գործընթացով: Չնայած տարիքային սահմանափակում չկա՝ դիմորդների մեծ մասը համալսարան  ավարտած երիտասարդներ են: Նրանք անցնում են 7 շաբաթ տևող  առաջնորդության դպրոց, ստանում մեթոդաբանական պատրաստվածություն և համապատասխան  հավատարմագրում, որից հետո դառնում են տվյալ դպրոցի աշխատակիցներ: Հիմնադրամը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն՝ կենցաղային ծախսերի, այդ թվում՝բնակվարձի փոխհատուցման համար»,-ասաց հիմնադրամի առաջխաղացման գծով տնօրեն Վարդան Փարթամյանը:

Ծրագրի ուսուցիչների համար ատեստավորումը պարտադիր է: Առարկայական փորձագետների աջակցությամբ նրանք պատրաստվում են, հանձնում են քննությունները, ինչի արդյունքում բարձրանում է նաև նրանց աշխատավարձը: Հիմնադրամը  սերտ համագործակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ՝թափուր հաստիքների տեղաբաշխման և կրթության որակի բարձրացման ուղղությամբ:

Ծրագրում ընդգրկված են նաև ԼՂ-ից տեղահանված ուսուցիչներ, որոնք, շարունակելով իրենց մասնագիտական ուղին, ներգրավվել են տարբեր համայնքներում և դարձել նախաձեռնության ակտիվ մասնակիցներ:

Երկու տարվա ավարտից հետո մասնակիցները դառնում են շրջանավարտ- դեսպաններ: Այս պահին հիմնադրամն ունի 550 շրջանավարտ, որոնցից մոտ 70 տոկոսը շարունակում է իր գործունեությունը կրթության ոլորտում՝ աշխատելով դպրոցներում, կրթական կազմակերպություններում ինչպես նաև պետական համակարգում: Կան նաև ուսուցիչներ, որոնք մնացել են իրենց  համայնքներում և այնտեղ  շարունակել իրենց գործունեությունը:

Բացի հիմնական ծրագրից, իրականացվում է «Սերունդ» դպրոցի վերափոխման նախաձեռնությունը, որի շրջանակում շրջանավարտները դպրոցներում աշխատում են սոցիալ- հուզական ուսումնառության և կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ՝ ձևավորելով ավելի աշակերտակենտրոն մշակույթ:  

Գործում է նաև «Կայծ» կրթական ստարտափների ինկուբատորը, ինչպես նաև հանրային քաղաքականության լաբորատորիան, որի առաջարկած մի շարք  լուծումներ  վերջին տարիներին  ընդունվել են կառավարության կողմից:

Հիմնադրամը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի հետ՝ իրականացնելով մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական ծրագիր: Այն նախատեսված է 30 մասնակցի համար, որոնցից 10-ը՝ ուսուցիչ առաջնորդների համար: Ծրագիրը միավորում է  տեղական և արտերկրի մասնագետների փորձառությունը՝ նպաստելով կրթության ոլորտում նոր որակի ձևավորմանը:

«Հիմնադրամի գործունեության առանցքում մեկ սկզբունք է ՝յուրաքանչյուր երեխա, անկախ բնակության վայրից, արժանի է լավագույն կրթության, և այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է համադրել մասնագիտական գիտելիքն ու առաջնորդության կարողությունը»,-եզրափակեց Վարդան Փարթամյանը:

Լուսինե Ջալալյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում