Հավասարակշռելով պարտապանի և պարտատիրոջ շահերը. արգելադրված գույքը տնօրինելու ինչ հնարավորություններ են ընձեռվել

7 րոպեի ընթերցում

Հայաստանում 2026 թվականից պարտապանը կարող է արգելադրված գույքը, օրինակ՝ բնակարանը, մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդը վաճառել կամ տալ վարձակալության:  Սահմանվել են նաև էլեկտրոնային աճուրդը վիճարկելու հիմքերը, փոխվել է կատարողական ծախսի հատուցման չափը: Նոր օրենքի կարմիր թելն է՝ հարկադրանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, բարեխիղճ ու կարգապահ քաղաքացին չպետք է տուժի:  

«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքով սահմանված փոփոխություններն է ներկայացրել իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կատարողական վարույթի մասին» օրենքի համահեղինակ Տիգրան Մարկոսյանը:

Նախկինում արգելանքի առկայությունը ենթադրում էր տնօրինման բացարձակ սահմանափակում, այսինքն՝ պարտապանը, որի  գույքի վրա արգելանք էր կիրառվել, այդ առնչությամբ որևէ հնարավորություն չուներ:  

«Նոր օրենքի մշակման շրջանակում մենք մեր առջև խնդիր էինք դրել հավասարակշռելու պարտապանի և պարտատիրոջ շահերը: Այս տեսանկյունից նախատեսվեցին, նաև արգելանքի տակ գտնվելով հանդերձ, գույքի թույլատրելի տնօրինման հնարավորություններ պարտապանի համար՝ չվնասելով կատարողական վարույթի նպատակները, որն է պարտատիրոջ պահանջների բավարարումը»,-ասաց Մարկոսյանը:

Թույլատրելի տնօրինման առաջին հնարավորությունն այն է, որ մինչև հարկադիր աճուրդը պարտապանը հնարավորություն ունի հարկադիր կատարողի թույլատրմամբ վաճառել գույքը՝ համապատասխան գնի պահպանման պայմաններով, այսինքն՝ ինչպես կիրացվեր աճուրդում: «Եթե ինքն իր հերթին կկարողանա գնորդ գտնել ավելի լավ գնով, այդ դեպքում այս հնարավորությունը տրված է պարտապանին: Անկախ նրանից, թե դա որքանով իրականության հետ աղերս ունի, սակայն շատ անգամ քաղաքացիներից լսում ենք դժգոհություններ, թե հարկադիր կատարողը կազմակերպեց կամ որևէ մեկը էժան գնով վաճառեց իրենց ունեցվածքը: Այս հնարավոր մեղադրանքներն այլևս հնարավոր չի լինի ներկայացնել, քանի որ, եթե այդ գույքն իրականում հնարավոր էր վաճառել բարձր գնով, ապա պարտապանը կձեռնարկի և կվաճառի»,-ասաց Մարկոսյանը:

Նոր օրենքով նաև թույլ է տրվել արգելանքի տակ գտնվող գույքը հանձնել վարձակալության: Օրենքի համահեղինակը նկատեց՝ երբեմն վերջնական լուծումը կարող է տևել տարիներ: «Տարբերակ կա, որ գույքն ուղղակի անշարժ վիճակում մնա, և կա տարբերակ, որ օգտագործվի, և իր հերթին որոշակի շահույթ գեներացնի: Սակայն կա պայման, որ գույքի վիճակը դրա արդյունքում չպետք է տուժի: Եթե ի սկզբանե արժեր օրինակ 100 միավոր, օգտագործման արդյունքում չպետք է դառնա 50՝ դրանով վտանգելով պարտատիրոջ պահանջների բավարարում ստանալու հնարավորությունը»,-ասաց Մարկոսյանը:

Ընդ որում, անկախ տնօրինման թույլատրման եղանակներից՝ բոլոր դեպքերում վճարումները պետք է իրականացվեն հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին: Նույնիսկ վարձակալության դեպքում վարձավճարը պետք է մուծվի դեպոզիտ հաշվին:

Անդրադառնալով կատարողական ծախսի հատուցման չափերի վերաբերյալ հարցին՝ օրենքի համահեղինակը նախ ընդգծեց. «Այս օրենքի և հարակից օրենսդրական փաթեթի շրջանակում կարմիր գծով անցնում է մի միտք, որ հարկադրանքը պետք է լինի ծայրագույն միջոց: Մենք պետք է ամեն ձևով խթանենք, որ մեր պարտապաններն ինչ-որ պահից ուղղվեն, կատարեն կատարման ենթակա ակտերի պահանջները: Այս տրամաբանությունը դրված է կատարողական վարույթ հարուցելու պահից ընդհուպ մինչև վերջին գործողությունը: Եթե ապացույցներ կբերվեն, որ հարուցման փուլում էլ կամովին կատարել է, հատուցում չպետք է տեղի ունենա»:

Օրենսդրորեն սահմանված է, որ, եթե կատարողական վարույթը հարուցելու պահից X ժամկետում պարտապանը գումարն ինքնուրույն կմուծի, կատարողական վճարները կլինեն ավելի փոքր: Եթե քաղաքացին ինքնուրույն կմուծի կատարողական վարույթ հարուցելու պահից երկշաբաթյա ժամկետում, կամ գումարները կգանձվեն անկանխիկ հաշիվներից, ապա գումարը կլինի 2 տոկոս, եթե դրանից հետո՝ ապա 4 տոկոս: Եթե այդ ընթացքում կողմերը կգան փոխընդունելի լուծման, պետությունը սա ևս կդիտարկի ինքնուրույն կատարման տրամաբանություն ունեցող գործողություն: Այդ դեպքում կկիրառվեն նույն դրույքաչափերը: «Եթե կանխիկ միջոցների բռնագանձման մասին է խոսքը, այսինքն՝ հարկադիր կատարողը գնացել է պարտապանի գտնվելու վայր, գումար է հայտնաբերել, բերել է, այդ դեպքում կկիրառվի բռնագանձված, վճարված գումարի 5 տոկոս դրույքաչափը: Ամենաբարձր տոկոսն այն դեպքում է, երբ հարկադիր կատարողը ստիպված է բացահայտել պարտապանի գույքային կազմը, այնուհետև դնել աճուրդի: Աճուրդի դեպքում արդեն բռնագանձված գումարի 10 տոկոսի չափով կլինի»,-ասաց Մարկոսյանը:

Նախկին օրենսդրության համեմատ՝ դրույքաչափերի էական փոփոխություններ են կատարվել: Մարկոսյանի խոսքով՝ պարտապաններին փոխանցում են մի հստակ ուղերձ՝ առավելագույնս համագործակցել, դրսևորել իրավահպատակ վարքագիծ, ինչի արդյունքում միայն շահելու են: Եվ հակառակը՝ որքան բարդացնեն կատարողական վարույթը, այնքան բացասական հետևանքներ են վրա հասնելու՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն:

Օրենքով ևս մի կարևոր ոլորտ է զարգացվել: Պետություն-մասնավոր անձ հարաբերությունները հիմնականում պետք է ուղեկցվեն էլեկտրոնային հարթակներով: Իսկ կոնկրետ ոլորտում էլեկտրոնային հարթակն անձնական գրասենյակն է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գրանցվել, «ԵսԵմ» համակարգի միջոցով նույնականացվել և ունենալ կատարողական վարույթների մասին ողջ ինֆորմացիան: Հնարավորություն կա նաև պարտավորությունները վճարել այդ համակարգի միջոցով, որի դեպքում արգելանքը վայրկյան առաջ կվերացվի:

Խոսելով օրենքի հիմնական նպատակից՝ համահեղինակը շեշտեց. «Սա մարդակենտրոն, իրավունքի շահը ամրապնդող օրենսդրական կարգավորումների շրջանակ է, որտեղ մենք առաջին հերթ ենք մղել մարդկանց կարգապահությունն ու բարեխղճությունը: Բնականաբար, բարեխիղճ ու կարգապահ քաղաքացին չպետք է տուժի, եթե նույնիսկ նա պարտապանի կարգավիճակում է, նրա շահերն առավելագույնս պետք է երաշխավորվեն»:  

Օրենքը սահմանում է նաև հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչելու մեխանիզմներ: Մարկոսյանը ներկայացրեց, թե աճուրդը ինչ դեպքերում և ինչ ժամկետում կարելի է վիճարկել: Օրենքի համահեղինակը ներկայացրեց նաև, թե կատարողական վարույթի շրջանակում հարկադիր կատարողը պարտապանի գույքի կազմը պարզելու ինչ միջոցներ է ունենալու:

Մանրամասները կարող եք դիտել և լսել վիդեոփոդքասթում

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26