15 րոպեի ընթերցում
Հայաստանի կառավարությունը ներդնում է ամեն ջանք՝ հնարավորինս շուտ հասնելու վիզաների ազատականացմանը: Հայաստանի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի բոլոր դրույթների իրագործումից, բոլոր աշխատանքների իրականացումից հետո այս հարցով վերջնական որոշումը կկայացնի ԵՄ խորհուրդը:
«Արմենպրես»–ի փոդքասթի տաղավարում Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մանրամասնել է, թե Հայաստանն ինչ անելիքներ ունի, այլ երկրների փորձն ինչ է հուշում, վիզաների ազատականացումից հետո ՀՀ քաղաքացիները քանի օր կկարողանան գտնվել եվրոպական երկրներում, ինչ իրավունքներ ու պարտականություններ կունենան, ինչ հնարավոր ռիսկեր կարող են ի հայտ գալ:
Ի՞նչ հիմնական անելիքներ ունի Հայաստանը, ի՞նչ ուղղություններ է սահմանում գործողությունների ծրագիրը
Փոխնախարարի խոսքով՝ փաստաթուղթը բաղկացած է 4 հիմնական խումբ հարցերից: Առաջինը՝ կենսաչափական փաստաթղթերի անվտանգությունն ու տվյալների անվտանգությունն է: Երկրորդ խումբ հարցերը ներառում են միգրացիոն կառավարմանն առնչվող խնդիրներ, սահմանային կառավարմանն առնչվող խնդիրներ և ապաստանի համակարգին առնչվող խնդիրներ: Երրորդ խումբ հարցերն առնչվում են հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին, առավել դետալային անդրադարձ կա կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, թրաֆիքինգին, անօրինական միգրացիայի կազմակերպմանը, փողերի լվացմանը և մի շարք այլ հարցերի: Հաջորդ խումբ հարցերն առնչվում են հիմնարար ազատություններին՝ հակախտրականությանը՝ խտրականության բոլոր ձևերի բացառման տրամաբանությամբ, Հայաստանի ներսում տեղաշարժի ազատությանը և այսպես շարունակ:

Կենսաչափական անձնագրերն ու նոր նույնականացման քարտերը՝ կարևորագույն անելիքներից մեկը
«Այս մասով շատ էական ու կարևոր ծրագիր է կենսաչափական համակարգի ներդրումը: Ունենք բավականին լավ առաջընթաց: Պետություն-մասնավոր բավականին երկարատև և բարդ գործընկերության արդյունքում ունենք գործընկեր ֆրանսիական կազմակերպություն, որի հետ արդեն հաստատել ենք նույնականացման քարտերի դիզայնի վերջնական տարբերակը: Մեկնարկել է հումքի մեծաքանակ տպագրությունը: Առաջիկայում կներդնենք նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ամբողջական համակարգը»,-ասաց Ղազարյանը:
Նա ընդգծեց՝ կենսաչափական համակարգի ներդրումը պարզ թղթի տպագրություն չէ: «Խոսում ենք ոչ թե պարզ փաստաթղթի, այլ մի ամբողջ ենթակառուցվածքի ներդրման մասին:Պետությունը պետք է ունենա տվյալների պաշտպանության և անձի ինքնության պաշտպանության ամբողջական ենթակառուցվածք: Մենք իրականացնում ենք ոչ թե պարզապես թղթի, պլաստիկի տպագրություն, այլ ներդնում ենք անձի ինքնության կառավարման ողջ ենթակառուցվածքը»,-նշեց փոխնախարարը:
Նոր նույնականացման քարտերի դիզայնն արդեն հաստատվել է: Ղազարյանի վստահեցմամբ՝ անվտանգային բաղադրիչները մի քանի մակարդակ առավել խիստ են: Փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է նույնականացման քարտերի հետ կապված եվրոպական ստանդարտին: Վերցվել են ամենաբարձր միջազգային, եվրոպական ստանդարտները, որ Հայաստանն ունենա անձի ինքնությունը հավաստող այնպիսի փաստաթուղթ, որի կիրառման միջոցով անձը հնարավորություն ունենա թվային միջավայրում օգտվել բոլոր հանրային և մասնավոր ծառայություններից, որոնք կառաջարկվեն օնլայն տիրույթում:
Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, ապա դրանք քաղաքացիներին կսկսեն տրամադրել 2026թ երկրորդ կեսից:
«Ամենայն հավանականությամբ ամռանն արդեն պատրաստ կլինեն: Առաջիկա ամիսներին կքննարկվի անձնագրի դիզայնը»,-ասաց Ղազարյանը:
Հայաստանը ե՞րբ կավարտի բոլոր դրույթների իրականացումը. վերջնական որոշումը կկայացնի ԵՄ խորհուրդը
Փոխնախարարը գործողությունների ծրագրով նախանշված անելիքների ավարտի կոնկրետ ժամկետներ չնշեց, սակայն վստահեցրեց, որ անում են ամեն ինչ, որ այդ օրը հնարավորինս շուտ գա:
«Փաստաթուղթը պահանջում է, որ մենք ամբողջությամբ արդիականացնենք մի շարք ոլորտներում թե՛ մեր օրենսդրությունը, թե՛ մեր ենթակառուցվածքները: Կարող եմ հավաստիացնել, որ Կառավարությունն ամեն ջանք ներդնում է այդ օրը հնարավորինս շուտ տեսնելու համար: Նույնիսկ մինչև գործողությունների ծրագիրը ստանալը, այդ քննարկումների ընթացքում մենք արդեն իսկ մեկնարկել էինք մի շարք ուղղություններով քայլեր՝ թվայնացում, տվյալների կառավարման համակարգերի բարելավում և այլն: Հանրային անվտանգության մասով Ոստիկանությունում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ»,-ասաց Ղազարյանը:
Թե գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումների իրականացումից հետո գործընթացն ինչով պետք է ավարտվի՝ փոխնախարարը պատասխանեց՝ ԵՄ խորհրդի որոշմամբ, երբ առանց վիզայի այցելության երկրների ցանկում կզետեղվի Հայաստանի անունը:
«Այն երկրների փորձը, որոնք անցել են վիզաների ազատականացում, ցույց է տալիս, որ ԵՄ-ն մշտապես պահանջում է միաձայնություն: Ֆորմալ առումով որոշումը կարող է կայացվել 2/3-րդով, բայց չի եղել գեթ մեկ դեպք, որ ԵՄ-ն վիզաների ազատականացում տրամադրի որևէ երկրի՝ առանց միաձայնության: Միշտ ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է կողմ արտահայտված լինեն այդ որոշմանը, որ այն կայացվի: Չեմ կարծում, թե այս դեպքը բացառություն լինի: Ավարտվելու է այդ որոշման այդ ֆորմատով կայացմամբ»,-նշեց փոխնախարարը:
Ղազարյանը Հայաստանի կողմից բոլոր դրույթների կատարման և համապատասխան աշխատանքների կատարման վերաբերյալ փաստարկների ներկայացման պայմաններում խիստ անհավանական է համարում այն սցենարը, որ որոշումը չկայացվի:

ԵՄ-ն հետևելո՞ւ է գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին. ի՞նչ մոնիթորինգային մեխանիզմ կգործի
«Դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում հյուրընկալելու ենք ԵՄ առաջին գնահատման առաքելությունը, որը գնահատելու է օրենսդրության և քաղաքականությունների հետ կապված հարցերը: Որոշ ժամանակ անց փորձագիտական խմբի աշխատանքների արդյունքում կգեներացվի առաջընթացի զեկույցը: Եվ ԵՄ-ն պարբերաբար այդ գնահատման առաքելությունների միջոցով «արտադրելու է» այդ առաջընթացի զեկույցները, թե ինչ քայլեր է արել Հայաստանը»,-ասաց Ղազարյանը:
Այնուհետև պրակտիկ իմպլեմենտացման մասով Հայաստան կժամանի երկրորդ առաքելությունը: Այդ այցերը լինելու են պարբերական:
Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է ընթանում
Ղազարյանը նկատեց՝ Հայաստանը գործողությունների ծրագիրը ստացել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկից 1 տարի անց: Դա բավականին արագ տեմպ է: Օպերացիոնալ բանակցությունները ՆԳ նախարարի գլխավորությամբ մեկնարկել են 2024թ աշնան վերջին, և 2025-ի աշնան վերջին Հայաստանն արդեն ունի այդ գործողությունների ծրագիրը:
Վիզաների ազատականացման այլ երկրների ճանապարհը. որքա՞ն կարող է տևել գործընթացը
ԵՄ-ի հետ նման ճանապարհ անցել և ավարտել են 8 երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան: Փոխնախարարը նկատեց, որ տարբեր երկրներ տարբեր ժամանակահատվածում են անցել այդ ճանապարհը, Վրաստանը՝ 5 տարում, Մոլդովան՝ 4 տարում: «Չենք կարող ասել, որ կա մեկ միասնական մոտեցում, կախված է տեմպից: Մենք ամենայն ջանք գործադրելու ենք, որ մեր տեմպերը լինեն բավականին արագ»,-վստահեցրեց Ղազարյանը:
Վիզաների ազատականացումը ԵՄ-ում մշտական բնակվելու կամ աշխատելու մասին չէ. ՀՀ քաղաքացիները քանի՞ օր կկարողանան գտնվել եվրոպական երկրներում
Ղազարյանը պարզաբանեց՝ վիզաների ազատականացումը նշանակում է մեկ տեսակի վիզայի՝ շենգենյան C տեսակի վիզայի պահանջի վերացում: Այսինքն՝ անձը մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում կարող է 90 օր առանց վիզայի մուտք գործել և մնալ շենգեն գոտու տարածքում:
«Սա չի նշանակում աշխատելու իրավունք, չի նշանակում որևէ հավելյալ իրավունք: Ուղղակի քաղաքացիներն ազատվելու են դեսպանություններ դիմելու, հավելյալ բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնելու տհաճ պրակտիկայից և ունենալու են հնարավորություն՝ առանց վիզայի մուտք գործել ԵՄ: Որևէ հավելյալ իրավունք ձեռք բերել, քան գտնվելն է այդ ժամկետով, չկա այս խոսակցության մեջ»,-ասաց փոխնախարարը:
ԵՄ-ն գործողությունների ծրագրում անդրադարձել է նաև այն հարցին, որ պետք է անդրադարձ կատարի առողջապահական հիմքերով ապաստան հայցելու պրակտիկայի վերացմանը: «Եվ քաղաքացին պետք է ընկալի, որ սա ոչ թե հնարավորություն է՝ գնալու և, այսպես ասած, հանձնվելու, այլ հնարավորություն է օրինապահ կերպով X ժամկետով այցելելու ԵՄ տարածք:Վիզաների ազատականացումը ԵՄ-ում օրինական գտնվելու հնարավորության մասին է»,-նշեց Ղազարյանը:
Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե կկարողանան եվրոպական երկրներում մշտական բնակություն հաստատել: Փոխնախարարը նկատեց, որ շատերն էլ դա ընկալում են աշխատանքի, անվճար առողջապահության հնարավորություն: «Ոչ, մենք զուտ խոսում ենք կարճաժամկետ այցելության՝ C տեսակի վիզայի պահանջի վերացման մասին»,-նշեց նա:
Գործողությունների ծրագիրը Հայաստանի կառավարության ռազմավարական մոտեցումների ամբողջացումն է
Ղազարյանի խոսքով՝ փաստաթղթի դրույթների առումով ԵՄ-ի և Հայաստանի կառավարության նպատակները լիովին համապատասխանում են:
«Մինչև այդ փաստաթուղթը պաշտոնապես Հայաստանին ներկայացնելը, ԵՄ-ի գործընկերները կազմակերպեցին երկու գնահատման առաքելություններ՝ մեզ հետ սերտ համագործակցությամբ: Առաջին առաքելությունն անդրադարձ կատարեց առաջին երկու բլոկներին՝ փաստաթղթերին, միգրացիայի, սահմանների կառավարմանը, ապաստանին, երկրորդ առաքելությունը՝ երրորդ և չորրորդ բլոկներին՝ հանցավորության դեմ պայքար, հանրային անվտանգություն, հիմնարար ազատություններ: Մինչև ԵՄ-ի կողմից այս փաստաթղթի «արտադրությունը», սերտորեն համագործակցել ենք և բազում կետերի շուրջ ներկայացրել ենք մեր դիտարկումները»,-ասաց Ղազարյանը:
Այսպիսով, մինչև գործողությունների ծրագրի՝ Հայաստանին հանձնելը, փորձագիտական խորքային աշխատանք է կատարվել: ԵՄ-ի փորձագետները լսել են հայկական կողմի դիտարկումները:
«Այս բարեփոխումները, որոնք նշված են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, մենք պետք է իրականացնեինք՝ անկախ այն հանգամանքից՝ կլինե՞ր գործողությունների ծրագիրը կամ կլինե՞ր վիզաների ազատականացումը, թե՞ ոչ: Կառավարությունում այս թեմաները, ուղղությունները քննարկվել են տարիներ շարունակ: Սա պարզապես ԵՄ-ի պահանջը, խնդրանքը կամ դիմում չէ, սա մեր ցանկությունն է՝ իրականացնելու այս բարեփոխումները»,-նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ ժամանակակից մարտահրավերների պայմաններում Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ուրվագծել էր դրանց լուծման ուղղությունները կամ առնվազն դրանց առնչությամբ ռազմավարական մոտեցումները:
«ԵՄ-ն, կարծես, հավաքագրած լինի այդ ամեն ինչը մեկ փաստաթղթում և մի քանի հավելյալ դրույթներ առաջադրած լինի, որոնք քննարկվել են հայկական կողմի հետ ու կոնսենսուսային որոշակի լուծումներով զետեղել է գործողությունների ծրագրում: Գործողությունների ծրագիրը մեր ռազմավարական մոտեցումների ամբողջացումն ու ճանապարհային քարտեզը կարծես լինի՝ թե՛ փաստաթղթերի անվտանգության, թե՛ միգրացիայի կառավարման, թե՛ մնացած այլ ոլորտներում: Այս բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են ՀՀ ինստիտուցիոնալ կայացվածության և դիմակայունության համար։ Անկախ այն հանգամանքից՝ մենք կունենայի՞նք վիզաների ազատականացման երկխոսություն, թե՞ ոչ, մենք պետք է դա իրականացնեինք: Հիմա մենք ունենք հավելյալ խթան, որի միջոցով կիրականացնենք այդ բարեփոխումները, թերևս, ավելի արագ»,-ընդգծեց փոխնախարարը:
Գնահատվե՞լ են վիզաների ազատականացումից հետո հնարավոր միգրացիոն հոսքերի ռիսկերը
Փոխնախարարը վստահեցրեց, որ Հայաստանը դիտարկել է ոչ միայն այդ ռիսկերը, այլ նաև արդեն այդ ճանապարհն անցած երկրների փորձը:
Նա բերեց հարևան Վրաստանի օրինակ: Մինչև վիզաների ազատականացումը ԵՄ-ից ապաստան էր հայցում տարեկան Վրաստանի մոտ 15 հազար քաղաքացի: Ղազարյանի խոսքով՝ Հայաստանը երբեք չի ունեցել նման ցուցանիշ: Հայաստանի ամենավատ ցուցանիշը եղել է 2016թ-ին՝ մոտ 8000-ի չափով, դրանից հետո շարունակաբար նվազել է: Կորոնավիրուսի տարածման տարում՝ 2020-ին եղել են 1200-ից մի փոքր ավելի ապաստանի հայցեր: Դրանից հետո փոքր-ինչ աճել է, հիմա 5000-ից մի փոքր ավելի է:
Ըստ նրա՝ վիզաների ազատականացման հաջորդ տարվանից Վրաստանի այդ թիվը կրկնապատվեց: «Այդ խնդիրը նույնականացրել ենք, տեսնում ենք: Բայց մենք կանխարգելիչ գործիքակազմեր ունենք, որ այդ փորձառությունը չկրկնվի: Առաջինը՝ իրազեկման գործողությունները, որ վիզաների ազատականացումը ԵՄ տարածքում օրինական գտնվելու մասին է»,-նշեց փոխնախարարը:
Նա նշեց նաև ԵՄ-ի հետ ռեադմիսիոն համաձայնագրերի պրակտիկ կիրառության մասին: «Մեր կարողությունների զարգացմամբ պայմանավորված՝ մենք նույնականացումները կատարում ենք շատ արագ ու արդյունավետ: ԵՄ ռեադիմիսոն դիմումների պարագայում մենք 90 տոկոսից ավելի դրական արձագանք ունենք: Այսինքն՝ կարողանում ենք 90 տոկոս և ավելի դեպքերում նույնականացնել այն անձանց, ում մասին ԵՄ-ն հարցում է իրականացնում: Այնուհետև անձին տրամադրվում է վերադարձի վկայական: Եվ, եթե անձը կամավոր չվերադառնա, ապա հարկադրաբար արտաքսվում է իր ծագման երկիր»,-ասաց փոխնախարարը:
Մանրամասները՝ վիդեոփոդքասթում
