Սևանցի մարզիկները հաղթել են Մոսկվայում կայացած թաեքվոնդոյի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել են ուսումնամարզական հավաք և GK թաեքվոնդոյի ակումբային առաջնություն, որին մասնակցել են նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիկները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սևանի համայնքապետարանի աշխատակազմից հայտնեցին, որ մարզիչ Դավիթ Թորոսյանի սաներն իրենց լավագույնս են դրսևորել ինչպես հավաքների, այնպես էլ՝ առաջնության ընթացքում:
Ոսկե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Դավթյանը, արծաթե մեդալակիր՝ Էմին Գալստյանը, երրորդ պատվավոր հորիզոնականում են հայտնվել Էրիկ Գալստյանը, Ներսես Ղազարյանը և Դանիիլ Նալբանդյանը:
«Մեր թիմի մարզիչն ու մարզիկները հերթական անգամ բարձր պահեցին Հայաստանի և Սևանի մարզական պատիվը, իսկ առջևում նոր մրցելույթներ են, որոնց սպասում ենք նոր հաղթանակների ակնկալիքով»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։