ԱՄԷ-ն հայտարարել է, որ հետ է մղել հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ
2 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության խոսնակ Աբդել Նասիր ալ-Համիդին հայտարարել է, որ ԱՄԷ-ն ունի բոլոր պաշտպանական հնարավորությունները և զինամթերքի պաշարներն՝ իրեն պաշտպանելու համար՝ «անկախ տարածաշրջանում լարվածության սրման ժամանակահատվածից և տևողությունից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Խոսնակը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մինչ օրս ԱՄԷ-ն հետ է մղել իր տարածքի ուղղությամբ արձակված հարյուրավոր բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Նշվում է, որ փետրվարի 28-ից ի վեր երկրի ուղղությամբ արձակվել է, ընդհանուր առմամբ, 186 հրթիռ և 812 ԱԹՍ։
Նախարարության խոսնակը նաև նշել է, որ իրանական հարձակումներից առաջացած վնասները, որոնք նա անվանել է «աննշան վնասներ», եղել են կալանման ընթացքում ընկած բեկորներից, այլ ոչ թե երկրի դեմ հաջողված հարձակումներից։
Իսրայելը և ԱՄՆ-ն փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին, որն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին և էներգետիկ օբյեկտներին։
Մինչ այժմ Իրանը հարվածներ է հասցրել տարածաշրջանի ինը երկրի՝ Բահրեյնին, Իրաքին, Հորդանանին, Քուվեյթին, Օմանին, Կատարին, Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Իրանական անօդաչու թռչող սարքը նաև հարվածել է Կիպրոսում գտնվող Մեծ Բրիտանիայի ավիաբազային։
Իրանի ԱԳ նախարարը հարվածները որակել է որպես «օրինական արձագանք ագրեսիայի աղբյուրին և ծագմանը»՝ հավելելով, որ Իրանի հարվածները չպետք է մեկնաբանվեն որպես այդ երկրների վրա հարձակում։