Ըստ Ալեն Սիմոնյանի՝ առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար մրցելու են «Ուժեղ Հայաստան»-ն ու Գագիկ Ծառուկյանի ուժը
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժն ԱԺ անցնելու խնդիր ունի, իսկ առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար մրցելու են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանի ուժը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի: Քոչարյանն այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ինքը Դաշնակցության հետ հատելո՞ւ է շեմը, հայտնվելո՞ւ է խորհրդարանում, թե՞ իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսն այլ կուսակցություններ են վերցնելու: Իմ ինֆորմացիայով՝ ինքը միանշանակ այդ խնդիրն ունի»,-ասաց Սիմոնյանը:
Նա նշեց՝ կան մարդիկ, որ ընտրում են իշխանություն, կան մարդիկ ՝ ընդդիմություն: 2021-ին շուրջ 21 տոկոսն ընտրեց Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքը:
«Այսօր ակնհայտ է, որ գալիք ընտրություններին այդ 21 տոկոսի առյուծի բաժինն այլևս Քոչարյանին ձայն չի տալու, տալու է այլ ընդդիմադիր կուսակցության: Սրա մասին Քոչարյանը շատ լավ գիտի։ Ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից 2-ը դժվարությամբ են հատելու: Լինելու է մի որևիցե մեծ ուժ: Դա արդեն ընտրարշավը ցույց կտա: Կարծում եմ, որ կամ նոր ստեղծված «Մեր ձևով»-ի (խմբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն) տարբերակն է, կամ Ծառուկյանի տարբերակն է: Նրանք երկուսով են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար: Երկուսն էլ ձայն են տանելու «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից»,-ասաց ԱԺ նախագահը: