Իրան

Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան

3 րոպեի ընթերցում

Իսրայելը թիրախավորել է Բեյրութը, «Հեզբոլլահ»-ը՝ իսրայելական Ռամաթ Դավիդ ավիաբազան

Իսրայելի բանակը երկու ավիահարվածով թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաս շրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Բացի այդ, վերսկսվել են Իսրայելի ավիահարվածները Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հրեյքի ուղղությամբ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի բանակի խոսնակը Հադաս թաղամասի բնակիչների տարհանման հրաման է տվել նախքան բնակավայրին հարվածելը։

Խոսնակը նաև նշել է, որ տարհանման հրաման է տրվել Լիբանանի հարավում գտնվող 59 գյուղի բնակիչներին։

 «Մենք շուտով կգործենք «Հեզբոլլահ»-ի գործունեության դեմ», - նշել է նա։

«Հեզբոլլահ»-ին պատկանող «Ալ-Մանար» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Լիբանանի մայրաքաղաքի վրա Իսրայելի կողմից վերսկսված ավիահարվածների ընթացքում թիրախավորվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Ան-Նուր» ռադիոկայանի շենքը։

Իսրայելական Yedioth Aharonot թերթը հաղորդել է, որ «Հեզբոլլահ»-ը կարճ ժամանակ առաջ 15 հրթիռային հարված է հասցրել Իսրայելի հյուսիսային հատվածին։

Իսրայելի ներքին ռազմաճակատի հրամանատարությունը հայտնել է, որ Վերին Գալիլեայում տագնապը դադարեցվել է Լիբանանից արձակված չորս հրթիռներ որսալուց հետո։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ մարտի 3-ի լուսաբացին անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիդ ավիաբազայի ռադարային կայաններն ու կառավարման սենյակները։

Հայտարարության մեջ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ պատասխան հարվածն ուղղված էր ռազմական օբյեկտների դեմ, ոչ թե քաղաքացիական անձանց, «ինչպես անում է թշնամին»։

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելին, որն էլ պատասխան ռազմական գործողություններ է սկսել Լիբանանում։ Լիբանանի իշխանություններն արգելել են «Հեզբոլլահ»-ի ռազմական գործողությունները երկրում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում