Թատերական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել «Տգեղը» բեմադրությունը
4 րոպեի ընթերցում
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում օրերս կայացել է «Տգեղը» ներկայացման առաջնախաղը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պիեսի հեղինակը գերմանացի ժամանակակից դրամատուրգ Մարիուս ֆոն Մայենբուրգն է։ Բեմադրությունը հագեցած է նորարարական լուծումներով, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից թատրոնի գեղարվեստական մտածողությանը։
«Տգեղը» ներկայացումն ուղղված է ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակմանը և սոցիալական կարևոր թեմաների անդրադարձին՝ դիտարկելով անհատի ինքնության, հասարակական ընկալումների և ժամանակակից աշխարհի արժեքային հակասությունների հարցերը։
Ժամանակակից մի քաղաքում, որտեղ արտաքին տեսքն ամեն ինչ է, մակերեսի տակ թաքնված է ինքնության մոլուցքով ապրող մի աշխարհ։ Լեթեն իրեն միշտ համարել է սովորական մարդ, մինչև բացահայտվում է ցնցող ճշմարտությունը․ շրջապատի աչքում նա անտանելի տգեղ է։ Գեղեցկության առևտրայնացումն առաջ է բերում խորքային հարցեր, որոնք վերաբերում են ինքնությանը, անհատականությանը և հասարակության՝ արտաքինի նկատմամբ մոլուցքին։ Սուր հումորով և սոցիալական հնչեղությամբ այս սատիրան բացում է ժամանակակից մարդու ամենացավոտ վախերը՝ կապված հաջողության, ճանաչման հասնելու և կատարյալ լինելու հետ։ Այն ստիպում է և՛ ծիծաղել, և՛ մտածել։
Ստեղծագործական կազմում են բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյանը, բեմանկարիչ Դիանա Լևոնյանը։ Դերերում են Կարեն Առաքելյանը, Արսեն Ազիզյանը, Մարիա Գևորգյանը, Արսեն Ներսիսյանը։
Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի տնօրեն, դերասան Արսեն Ազիզյանը, անդրադառնալով նոր ներկայացմանը, ընդգծում է դրա սոցիալական և հոգեբանական խորությունը։
«Այս ներկայացումն ինքնաճանաչման բարդ ուղու և արժեքների թերի ընկալման մասին է։ Ռեժիսորական ինքնատիպ մեկնաբանությունը մեզ թույլ է տալիս հմտորեն օգտագործել բեմական պայմանականությունը՝ է՛լ ավելի սուր և տեսանելի դարձնելով այն խնդիրները, որոնք այսօր արդիական են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում»,-նշում է նա։
Ազիզյանի խոսքով՝ թատրոնի հիմնական շարժիչ ուժը երիտասարդական ավյունն է։
«Մենք աշխատում ենք երիտասարդ ստեղծագործողների հետ, որոնք բերում են թարմ ու առողջ գաղափարներ։ Ունենք բազմաթիվ նոր ծրագրեր, որոնք մոտ ապագայում կստանան իրենց շոշափելի մարմնավորումը բեմում»,-ամփոփում է թատրոնի տնօրենը։
Բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյանը խոստովանում է, որ ստեղծագործությունը գրավել է իրեն հենց առաջին ընթերցումից.
«Սիրում եմ ընթերցել դանդաղ՝ թույլ տալով, որ յուրաքանչյուր միտք բյուրեղանա, ստիպի կտրվել իրականությունից ու նորովի վերադառնալ տեքստի տարածք, սակայն այս պիեսն ընթերցեցի մեկ շնչով՝ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում: Որոշումս ակնթարթային էր ու հստակ. ես պետք է բեմադրեմ սա»:
Ռեժիսորի բնորոշմամբ՝ գործն աչքի է ընկնում բազմաշերտությամբ և արդիականությամբ։
«Հեղինակին հաջողվել է ստեղծել հզոր ու ազդեցիկ տեսարաններ, որոնք արտացոլում են մերօրյա իրականությունը: Երիտասարդ դերասանների հետ միասին ներդրել ենք մեր ողջ ներուժը, որպեսզի ստանանք մի արդյունք, որը կհուզի և տպավորի հանդիսատեսին»,-նշում է բեմադրող ռեժիսորը։
Նախագիծն իրականացվել է Հայաստանի Գյոթե ինստիտուտի «Թարգմանելով թատրոնը․ գերմանական նոր թատերգություն» նախագծի շրջանակում։ Ներկայացման մեջ ընդգրկված են նաև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները։