Պետական պարտքը՝ որպես ապագայի մեջ ներդրում. փոխնախարարը՝ պարտքի ու գնումների ուղղություններով փոփոխությունների մասին
11 րոպեի ընթերցում
Կառավարությունը, պետական գնումների գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը սահմանափակելով, նպատակ ունի գնումների գործընթացը դարձնել ռիսկերից զերծ ու առավել ճկուն: Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա այն կաճի տնտեսությանն ու պետական պարտքի սպասարկման կարողություններին համահունչ, իսկ պարտքով վերցրած միջոցներն ուղղվում են ապագայի մեջ ներդրումների իրականացմանը:
«Արմենպրես»-ի փոդքասթի տաղավարում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է պետական գնումների ոլորտին ու պետական պարտքին:
Պետական գնումների ոլորտում արձանագրած խնդիրները, առաջարկվող նոր օրենքի նախագիծը
Ներկայացված նոր օրենքի նախագծով բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանալու մասնակցել պետական գնումներին, լինելու են սահմանափակումներ:
Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը քննարկել են շատ երկար ժամանակ: Համակարգում շահերի բախման վերացման մեխանիզմ շատ վաղուց որոշակիորեն դրված է եղել: «Բայց ի՞նչ տեսք այն ուներ. եթե, օրինակ, ես գնահատող հանձնաժողովի մեջ եմ և ինձ հետ փոխկապակցված ընկերություն է գալիս, ես պետք է ինքնաբացարկ հայտարարեմ, դուրս գամ հանձնաժողովից, և գործընթացը սովորական ձևով շարունակվի: Այստեղ ռիսկն այն է, որ, եթե ես բարձրաստիճան պաշտոնյա եմ, ապա իմ ազդեցությունները որևէ տեղ չեն կորում»,- ասաց Ավանեսյանը:
Ուստի պետությունը որոշել է գնալ այլ ճանապարհով:
«Սա ավելի շատ միտված է հանրային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելուն»,-ասաց փոխնախարարը:
Ըստ նրա՝ եթե կա անվստահություն, ապա նույնիսկ որոշակի ծայրահեղական մոտեցումներ կարող են և պետք է կիրառվեն, որպեսզի համակարգը մաքրվի: Ժամանակի ընթացքում կարող է այլ միջոցներ կիրառվեն, կարող է ավելի փափուկ մեթոդների գնանք: «Բայց ներկա դրությամբ, հաշվի առնելով նաև մեր պատմական իրավիճակը, հանրությունում և մամուլում տեղ գտնող բազմաթիվ հրապարակումները՝ ճիշտ ենք գտել, որ խնդրի կարգավորման այս ճանապարհն ավելի արդյունավետ կլինի»,-ասաց Ավանեսյանը:
Մրցույթին մասնակցության պայմանները սահմանվում են՝ ըստ ազդեցության 4 մակարդակների: Օրինակ՝ առաջին մակարդակում հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, փոխվարչապետերի, ֆինանսների նախարարի և նրա՝ գնումների ոլորտը համակարգող տեղակալի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի: Ազդեցության երկրորդ մակարդակում ներառված հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի հետ փոխկապակցված մասնակիցներին արգելվում է մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին:
Ազդեցության երկրորդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ Ազգային ժողովի պատգամավորների և համայնքի ղեկավար չհանդիսացող ավագանու անդամների), գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները:
Ինչ վերաբերում է նրան, թե նման դեպքերի ի հայտ գալու պարագայում ինչ պատասխանատվություն է սպասվում, Ավանեսյանը հիշեցրեց, որ մրցույթին մասնակցող ընկերությունը պետք է շահերի բախման բացակայության մասին համապատասխան հայտարարություն ստորագրի: Եզրակացությունը տրամադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, և, եթե պարզվում է, որ իրականում կա շահերի բախում, ապա պայմանագիրը կանգնում է, հետևում են որոշակի գործընթացներ, ընկերության նկատմամբ կիրառվում են տույժեր:
Մրցույթը հայտարարած պետական մարմնի համար այս պարագայում պատասխանատվություն չի նախատեսվել:
«Ապագայում մենք, իհարկե, կփորձենք ներդնել համակարգեր, որոնք ավտոմատ են դա բացառելու»,-նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է մեկ անձից գնումներին, ապա ըստ փոխնախարարի՝ հիմա կառավարելի մակարդակ է այս առումով: «Անցյալ տարի դրամային արտահայտությամբ մեկ անձից գնումները 10 տոկոսից ներքև են եղել: 5 տոկոսից ներքևը նույնիսկ եվրոպական մակարդակներում համարվում է մեկ անձից գնումների ծավալի բավականին լավ մակարդակ»,-նշեց նա:
Ավանեսյանի խոսքով՝ Կառավարության բարեփոխումների արդյունքում բարձրացել է մեկ անձից գնումների կիրառման ճկունությունը, նաև պատասխանատվությունը, մարմինները դեպքերի մեծ մասում ինքնուրույն են որոշում մեկ անձից գնման կիրառման հիմքերը: Մտահոգություններ կան, թե նրանք ինչ ուզեն, կանեն, և մեկ անձից գնումները կաճեն: «Մեզ մոտ հակառակն է. մարմինները շատ լավ գիտեն, որ անձնական պատասխանատվություն են կրում իրենց որոշումների համար, հանրությունը շատ ուշադիր է, թե ինչ է կատարվում և չի թողնում անիմաստ մեկ անձից գնում հայտարարել: Ուստի, ծավալները բավականին ընկել են, վերջին 4-5 տարիների համեմատ այս տարիներին գրեթե եռակի, քառակի ցածր է ցուցանիշը»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ դեպքեր կան, երբ մեկ անձից գնումն ավելի արդյունավետ է, քան մրցակցային ընթացակարգը շուկայի կառուցվածքի առումով, ուստի միայն մեկ անձի գնման փաստը բավարար չէ ասելու, թե դա վատ է:
Պետական գնումների ոլորտում այլ խնդիրներ կառավարությունը ևս նկատել է, որոնց վերաբերյալ լուծումներ է առաջարկում: Օրինակ՝ գնումների գործընթացում արհեստական բանականության կիրառման հնարավորություններ կստեղծվեն: Փոխնախարարը մանրամասները ներկայացրեց փոդքասթում:
Պետական պարտքն ու ծախսման ուղղությունները
Նախորդ տարի պետական պարտքն ավելացել է 13.1 տոկոսով կամ 1.7 մլրդ դոլարով: «Մեծ մասը ներքին պարտքն է: 1.1 մլրդը հենց ներքին պարտքով է: Եվ դա մեր ընդհանուր քաղաքականության մեջ է: Փորձում ենք հնարավորինս դեպի ներքին պարտք գնալ, որովհետև մեր ներքին պարտատոմսերի մեծ մասը ՀՀ քաղաքացիներն են գնում, ուստի կարելի է ասել, որ մենք մեզ ենք պարտք, որը լավ բան է կայունության տեսանկյունից: Դա նաև լավ բան է, քանի որ փոխարժեքի ռիսկերն են համեմատաբար զսպվում: Մեր պարտքի 51 տոկոսը ներքին պարտքն է: Արտաքին պարտք, իհարկե, ևս ներգրավում ենք՝ հիմնականում վարկային միջոցներով, այլ ոչ թե պարտատոմսերով: Իսկ ներքին պարտքի մեծ մասը գանձապետական պարտատոմսերն են»:
Ավանեսյանն անդրադարձավ նաև արտաքին պարտքի ավելացման շուրջ հանրության մոտ առաջացող մտահոգություններին, պարտքով վերցված միջոցների ծախսման արդյունավետությանը: «Երբ խոսում ենք պարտքի արդյունավետությունից, մենք պետք է խոսենք հետևյալից՝ արդյոք կառուցվում են դպրոցներ, արդյոք բանակը վերազինվում է, արդյոք ճանապարհների որակը բարձրացել է, արդյոք գիտնականների ֆինանսավորումն է աճում, արդյոք մեր ուժային ծառայությունները դառնում են ավելի պրոֆեսիոնալ»,-ասաց Ավանեսյանը:
Նա նկատեց՝ ընդդիմադիրները միշտ կարող են ասել՝ ոչ, ամեն ինչ շատ վատ է, անիմաստ պարտք է վերցրել Կառավարությունը: Սակայն փոխնախարարը պնդում է հակառակը՝ մատնանշելով կապիտալ ծախսերի աճը, գնումների համակարգի՝ ավելի արդյունավետ դառնալը, տնտեսական բարձր աճը, փոխարժեքի կայուն լինելը և այլ հանգամանքներ:
«Պարտքով վերցված միջոցներն ուղղվում են ինստիտուցիոնալ բարելավումներին, մեր համակարգերն ավելի պրոֆեսիոնալ են դառնում, մեր ենթակառուցվածքները տարեցտարի դառնում են ավելի որակյալ, մեր շուկաները զարգանում են: Դժվար է ասել, թե պարտքն անկառավարելի է»,-նշեց նա:
Ավանեսյանի խոսքով՝ պարտք-ՀՆԱ ցուցանիշը հիմա մոտ 49 տոկոս է, իսկ Կառավարության պարտք-ՀՆԱ-ն՝ 47.3 տոկոս: Ամենայն հավանականությամբ տարեվերջին կլինի 50 տոկոսի մոտ կամ ավելի ներքև:
Պետական բյուջեի մասին օրենքով՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2026-ի արդյունքում նախանշվել է 52.9 տոկոս:
«Մենք կարծում ենք, որ մեր սահմանած թիրախների մեջ ենք մնալու: Ոչ մի բան այս պահին չի հուշում, որ պետք է ակնկալել, որ մենք թիրախներից պետք է շեղվենք»,-ասաց նա:
Ավանեսյանի խոսքով՝ ներքին պարտքը կրկին մոտ 51 տոկոսի վրա է լինելու: Պետությունը պլաններ չունի այն փոխելու, ավելացնելու: Այս մակարդակը բավարար է այս պահին:
«Իսկ պարտքի մակարդակը մոտավորապես նույնն է մնալու, եթե մեր պրոյեկցիաները ճիշտ լինեն, իսկ մեր պրոյեկցիաները բավականին կոնսերվատիվ են»,-նշեց նա:
Փոխնախարարը նկատեց՝ մարդիկ հաճախ պարտքը դիտարկում են որպես շատ վատ բան: «Եթե ժամանակին մենք մի ավտոմատ էինք առնում և դրանից գոհ էինք, ապա ժամանակակից պատերազմի պայմանները պահանջում են շատ ավելի արդյունավետ սպառազինություն։ Եթե ժամանակին մի կայք էինք ստեղծում և մեզնից գոհ էինք, հիմա արհեստական բանականության մասին ենք խոսում, այս ամենը ներդրում է, ապագայի մեջ ներդրում է: Եվ ասել՝ ապագայի մեջ ներդրումներ չանենք, քանի որ պարտքով ենք անում, սխալ է, իսկ ինչո՞վ անենք: Դա ուղղակի ֆինանսական կառավարման գործիք է: Այո, պետք է ուշադիր լինել, որ չափից դուրս օպտիմիստ չլինենք ապագայի նկատմամբ՝ մտածելով, թե մի կերպ կբերենք այդ փողը: Բայց, երբ պետությունը հստակ իր ռազմավարությունների մեջ ասում է, թե ոնց է տնտեսությունն ու ինստիտուտները զարգացնելու, ասել, թե պարտք պետք չէ բերել, ճիշտ չէ»,-ընդգծեց փոխնախարարը:
Արդյոք պետական պարտքը կշարունակի՞ աճել՝ նա պատասխանեց. «Համաչափ տնտեսությանը, համաչափ՝ մեր պարտքի սպասարկման կարողություններին, համաչափ տնտեսական աճին»:
Մանրամասները կարող եք դիտել և լսել վիդեոփոդքասթում։