Իրան

Իրանում, Իսրայելում, ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Բահրեյնում պայթյուններ են լսվել, Հորմուզի նեղուցում թիրախավորվել է Օմանի նավթատար նավը

3 րոպեի ընթերցում

Իրանում, Իսրայելում, ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Բահրեյնում պայթյուններ են լսվել, Հորմուզի նեղուցում թիրախավորվել է Օմանի նավթատար նավը

Իրանի մայրաքաղաքում մարտի 1-ին նոր պայթյուններ են տեղի ունեցել։ Իսրայելի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնում տարբեր թիրախների։ Իրանն էլ հարվածներ է հասցրել Իսրայելին և արաբական մի շարք երկրներում ամերիկյան օբյեկտների՝ ի պատասխան երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենիի սպանության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ Թեհրանում պայթյունից հետո ծխի մեծ ամպ է բարձրացել երկինք, գետինը ցնցվել է։ Հարվածը կենտրոնացած է եղել ոստիկանության կենտրոնակայանի, Իրանի պետական հեռուստաընկերության, Հեղափոխական դատարանի և Պաշտպանության նախարարության մասնաշենքի մերձակա տարածքում։

Վնասվել է Թեհրանում Սերբիայի դեսպանատունը, տուժածներ չկան։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանում ռազմական թիրախներին և երկրի ղեկավարությանը հարվածները չեն դադարի։ Իսրայելն արդեն հայտնել է իրանցի 40 ռազմական ղեկավարների սպանելու մասին։

Իսրայելի բանակի խոսնակն էլ հայտարարել է, թե իրենք տեղյակ չեն Իրանի հարավային Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցին ուղղված ամերիկյան կամ իսրայելական հարվածների մասին, որի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 150-ի։

Իրանն էլ շարունակում է պատասխան հարվածներն Իսրայելի ուղղությամբ։ Թել Ավիվում գրանցվել է առաջին իսրայելցի զոհը. գիշերը իրանական հրթիռի հարվածից մեկ կին զոհվել է, 27 մարդ՝ վիրավորվել։

Ի պատասխան իր դեմ հարվածների՝ Իրանը թիրախավորել է նաև Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում և ԱՄԷ-ում ամերիկյան մի շարք  ռազմական օբյեկտներ։

Աբու Դաբիում հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցված անօդաչու թռչող սարքի բեկորից թեթև վիրավորվել են մեկ կին և նրա երեխան։ Դուբայում պայթյուններ են լսվել ՀՕՊ համակարգի աշխատանքից։

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում վնասվել է հյուրանոց։ Ըստ Նեքին գործերի նախարարության՝ թիրախավորվել է Crown Plaza հյուրանոցը։ Տուժածներ չկան։ Բահրեյնի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ խոցվել են Իրանի կողմից արձակված հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Փետրվարի 28-ին թիրախավորվել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կենտրոնակայանը, վնասվել էր երեք շենք։

Քուվեյթն իր հերթին հայտնել է մարտի 1-ին ՀՕՊ համակարգերի կողմից մի շարք օդային թիրախների ոչնչացման մասին։

Կատարը ևս հայտնել է իրանական հրթիռներ և ԱԹՍ-ներ խոցելու մասին։ Տուժածներ չկան։

Օմանն էլ հայտնել է, որ Հորմուզի նեղուցում հարվածի տակ է հայտնվել իր նավթատար լցանավերից մեկը։ Չորս նավաստի վիրավորվել է։ Օմանը, որը Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում միջնորդի դեր էր կատարում, նաև հայտնել է իր Դուքմի նավահանգստի թիրախավորման մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում