Գրքի հանդեպ սերը մեր ժողովրդի էության ամենապանծալի դրսևորումն է. Էդվարդ Միլիտոնյանն ամփոփեց կայացած մրցանակաբաշխության արդյունքները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի գրողների միության շենքում Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կայացավ մրցանակների հանձնում գրողներին՝ նախորդ տարվա մրցանակաբաշխության մրցանակակիրներին։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում նշեց, որ ավելի քան 20 տարի Հայաստանի գրողների միությունը հանդիսավոր պայմաններում անցկացնում է այդ կարևոր մրցանակաբաշխությունը, որը երկրորդ կյանք ստացավ կառույցի նախկին նախագահ Լևոն Անանյանի պաշտոնավարման օրոք։  

«Թումանյանի ծննդյան օրն իսկապես դարձավ համազգային տոն՝ սկիզբ դնելով նաև այս մրցանակաբաշխությանը։ Ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում հայերն ամենուր իրար գրքեր են նվիրում և այդ կերպ ջերմացնում միմյանց սրտերը։ Այսօր առավոտից մենք էլ Միության շենքի դիմաց գտնվող գրախանութի բակում տեղադրելով մեծ սեղան՝ բազմաթիվ գրքեր ենք նվիրել անցորդներին։ Մարդիկ ուրախանում էին և պատրաստվում մյուսներին նույնպես նվիրել գրքեր։ Գրքի հանդեպ սերը մեր ժողովրդի էության ամենապանծալի դրսևորումն է։ Այսօր որքան էլ զարգանում են տեխնոլոգիաները, միևնույն է տպագիր գիրքը շատ առումներով գերազանցում է էլեկտրոնային տարբերակին»,- ասաց Միլիտոնյանը։

Նա հավելեց, որ Գրողների միությունը Երևանի քաղաքապետարանի հետ ունի պայմանավորվածություն, որի շրջանակում գրողները պարբերաբար այցելում են հանրակրթական դպրոցներ՝ աշակերտների շրջանում խթանելով գրքերի հանդեպ սերն ու համակրանքը։  

«1970-ական թվականներից հետո այս մրցանակաբաշխությունը որոշ ժամանակ սառեցվեց, այնուհետև վերականգնվեց ու դարձավ ավանդական։ Այս տարի ևս մրցանակաբաշխությունը մեր ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկն էր։ Մրցանակների հանձնման հանձնաժողովը ցուցաբերել է պրոֆեսիոնալ մոտեցում և հարգանք մեր մեծերի հիշատակի հանդեպ, որոնց անուններով էլ կոչվում են մրցանակները։ Առհասարակ, ովքեր ներկայանում են մրցանակաբաշխությանը, պետք է միշտ հաշվի առնեն, թե արդյոք իրենց ստեղծագործություններն արժանի են այն դասականների հիշատակին, որոնց անվան մրցանակները պետք է տրվեն իրենց»,- նշեց գրողների միության նախագահը։

Միլիտոնյանը հայտնեց, որ հենց այդ միտումով էլ ՀԳՄ նախագահության 25 անդամներն ու քննող հանձնաժողովի ներկայացուցիչներն ընտրել են մրցանակակիրներին։ Քվեարկությունը եղել է փակ, ինչն ապահովել է ընտրության անաչառությունն ու օբյեկտիվությունը։      

Եվ այսպես՝

Դավիթ Մուրադյանը «Երևանի սառը ջուրը» գրքի համար արձակ ժանրում արժանացավ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակին։  

Ռաֆ Բարաթյանը «Ընտրանի» գրքի համար և Սամվել Մարգարյանը «Մատյան երջանկության» գրքի համար պոեզիայի ժանրում արժանացան Ավետիք Իսահակյանի անվան մրցանակին։

Արծրուն Ավագյանը «Արմտանի մեծ ընկուզենին. Հակոբ Մնձուրի» գրքի համար հրապարակագրության ժանրում արժանացավ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակին։  

Կարեն Խուրշուդյանը Վոլտերի «Տրակտատ հանդուրժողականության մասին» գրքի թարգմանության (ֆրանսերենից) համար և Լևոն Բլբուլյանը Վլադիմիր Վիսոցկու «Ես, ինչ խոսք, հետ կգամ» գրքի թարգմանության (ռուսերենից) համար թարգմանական գրականության ժանրում արժանացան Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակին։  

Սամվել Կոսյանը «Փոշուց քշվածները» գրքի համար դրամատուրգիայի ժանրում արժանացավ Լևոն Շանթի անվան մրցանակին։  

Ժենյա Քալանթարյանը «Եղիշե Չարենցը իր ժամանակի գրաքննադատության նշանակետում» գրքի համար և Պետրոս Դեմիրճյանը «Եղիա Տեմիրճիպաշյան. կյանքը և գործը» գրքի համար գրաքննադատության ժանրում արժանացան Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակին։  

Էդվարդ Միլիտոնյանը «Կատվի դատը» և «Հայոսը Քարթլոսի մասին» գրքերի համար (գումարը փոխանցվելու է ՀԳՄ գրական անթոլոգիաների տպագրության հաշվին) մանկապատանեկան գրականության ժանրում արժանացավ Վախթանգ Անանյանի անվան մրցանակին։  

Սոկրատ Խանյանը գրական վաստակի համար արժանացավ Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին։  

Բանաստեղծ Լևոն Սահակյանն արժանացավ Վազգեն Սարգսյանի անվան ԵԿՄ մրցանակին։

Մերուժան Տեր-Գուլանյանը «Երդվում եմ Արարատով» գրքի համար արժանացավ Չարենցի անվան Ծաղկաձորի ստեղծագործական տան մրցանակին։  

Ավիկ Իսահակյանը «Ավետիք Իսահակյան. գիտական կենսագրություն» գրքի համար արժանացավ Ավետիք Իսահակյանի անվան Սևանի ստեղծագործական տան մրցանակին։  

Գագիկ Դավթյանը «Սերբական պոեզիա» գրքի համար և Վրեժ Սարուխանյանը «Աշնակ» գրքի համար արժանացան Համահայկական գրական հիմնադրամի մրցանակներին։    

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա