Իրան

Ուիթքոֆը և Քուշները Թրամփին տեղեկացրել են Ուկրաինայի և Իրանի շուրջ ժնևյան բանակցությունների մասին

2 րոպեի ընթերցում

Ուիթքոֆը և Քուշները Թրամփին տեղեկացրել են Ուկրաինայի և Իրանի շուրջ ժնևյան բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները նրան տեղեկացրել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում կայացած բանակցությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում։

«Այսօր նախագահ Թրամփը հանդիպել է իր խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրան տեղեկություններ են հաղորդել Իրանի միջուկային շուրջ բանակցությունների, Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների և հինգշաբթի օրը (խմբ.՝ փետրվարի 19-ին) կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստի վերաբերյալ», - գրել է Ռավիդը X սոցիալական հարթակում։

Փետրվարի 18-ին Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները հաջող են եղել։

«Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների ևս մեկ փուլ։ Կողմերը զգալի առաջընթացի են հասել։ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են առաջընթացի մասին զեկուցել իրենց ղեկավարներին և շարունակել աշխատանքը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Լևիթը հայտարարել է, որ ապագայում սպասվում է բանակցությունների նոր փուլ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նույնպես հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Միևնույն ժամանակ, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ժնևում բանակցությունները դժվար էին, բայց՝ գործնական։

Փետրվարի 17-ին Ժնևում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ Օմանի միջնորդությամբ։ Փետրվարի 17-18-ին Ժնևում տեղի են ունեցել նաև բանակցություններ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում