Մշակույթ

Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը

Երևանում փետրվարի 21-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Ժամանակակից երաժշտության փառատոնը։ Երաժշտական այս տոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Փառատոնի ռազմավարական գործընկերն է «GTB» հոլդինգս ընկերությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ մինչև մարտի 17-ը տեղի ունենալիք փառատոնի շրջանակում կանցկացվի 6 համերգ, հանդես կգա 5 մենակատար, կհնչի հայ և արտասահմանցի 16 կոմպոզիտորի 21 ստեղծագործություն։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու համաշխարհային պրեմիերաներ։ Փառատոնի բացման համերգին տեղի կունենա Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան աշխարհահռչակ թավջութակահար, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Մարիո Բրունելլոն, անվանի դաշնակահարներ Աշոտ Խաչատուրյանը,  Հեղինե Ռափյանը, Ռուբեն Կոզինը և ջութակահար Ռոման Կիմը։

Ժամանակակից երաժշտության փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից՝ հայ դասական և արդի կոմպոզիտորական արվեստը հայ ունկնդրին ներկայացնելու և հանրահռչակելու առաքելությամբ։

Փառատոնի գլխավոր նպատակն է հայ կոմպոզիտորական արվեստի ժառանգության պահպանումը։ Այդ ուղղությամբ իրականացվում է հայ կոմպոզիտորական արվեստի ճանաչողության բարձրացմանն ուղղված աշխատանքների մի ամբողջ շղթա՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ձայնագրումից, տեսագրումից և միջազգային հարթակներում թողարկումից մինչև նոտաների թվայնացում և հրատարակում: 

«GTB» hոլդինգս ընկերության հետ գործընկերության արդյունքում “Universal Edition” խոշոր հրատարակչական հարթակը կսկսի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հրատարակումը՝ լուծելով հայ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության պահպանման հարցը և նպաստելով դրանց հանրահռչակմանը միջազգային տիրույթում։ “Universal Edition” հրատարակչական հարթակից օգտվում են աշխարհի բոլոր նվագախմբերն ու մենակատարները՝ ընտրելու ստեղծագործություններ համերգաշրջանների և համերգների համար։ Համագործակցությունը նոր էջ է բացում մեր կոմպոզիտորների համար, որի արդյունքում ժամանակակից ավտոմատ համակարգով պաշտպանվում են կոմպոզիտորների հեղինակային և գույքային իրավունքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում