Մոսկվան Տոկիոյին նախազգուշացրել է Կիևի համար ռազմական սարքավորման գնմանը միանալու հետևանքների մասին
2 րոպեի ընթերցում

Տոկիոյի հնարավոր մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում Կիևին ռազմական սարքավորում մատակարարելու մեխանիզմին կբարդացնի ռուս-ճապոնական հարաբերությունները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադրություն ենք հրավիրել հաղորդագրություններին այն մասին, որ պաշտոնական Տոկիոն մտադիր է միանալ Կիևի ռեժիմի համար ռազմական սարքավորում գնելու ՆԱՏՕ-ի մեխանիզմին», - ասել է նա փետրվարի 18-ն կայացած ճեպազրույցում։
Զախարովայի խոսքով, թեև «Ճապոնիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչները հերքում են այս հաշվով վերջնական պայմանավորվածության առկայությունը», Մոսկվան «նման որոշումը շատ հավանական է համարում՝ առնվազն ելնելով այն դիրքորոշումից, որը Ճապոնիայի կառավարությունն ունեցել է Ուկրաինայում ստեղծված իրադրության հարցում»։
«Քանիցս ընդգծել ենք, որ Տոկիոյի միանալը հակառուսական նախագծերին, այդ թվում՝ ուկրաինական իշխանություններին աջակցելու նպատակով, ամենևին չի նպաստում ճգնաժամի նախապատճառների վերացմանը», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։
«Այն տեխնիկան, որը ճապոնական փողերով կմատակարարվի Ուկրաինայի զինված ուժերին, հերթական օրինական թիրախը, նպատակը կդառնա Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համար։ Բացի այդ, այս քայլերն էլ ավելի կբարդացնեն ռուս-ճապոնական հարաբերությունները, որոնք Տոկիոյի ջանքերով առանց այդ էլ խորը լճացման մեջ են հայտնվել», - ընդգծել է Զախարովան։