Մերձավոր Արևելք

Իսրայելի ԱԳՆ-ն պարզաբանել է Արևմտյան ափի հողերի գրանցման որոշումը

3 րոպեի ընթերցում

Իսրայելի ԱԳՆ-ն պարզաբանել է Արևմտյան ափի հողերի գրանցման որոշումը

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մերժել է արաբական երկրների քննադատությունը՝ կապված Իսրայելի կառավարության կողմից Արևմտյան ափի հողերի պետական ​​գրանցման գործընթացը սկսելու որոշման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Իսրայելական կողմի խոսքով՝ սա «վարչական միջոցառում» է՝ ուղղված տեղի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։

Մեկնաբանելով Իսրայելի քայլը դատապարտող ութ արաբական և մուսուլմանական պետությունների համատեղ հայտարարությունը՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը կարծիք է հայտնել, որ նրանց պնդումները «փաստացի հիմքեր չունեն և դիտավորյալ մոլորեցնող են»։

Իսրայելը մեղադրում է Պաղեստինի ինքնավարությանն Արևմտյան ափում հողային վեճերի համար։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ անօրինական շինարարությամբ զբաղվում է ոչ թե հրեական պետությունը, այլ պաղեստինցիները։

«Հենց Պաղեստինի ինքնավարությունն է խթանում C տարածքում հողերի անօրինական գրանցման ընթացակարգերը՝ խախտելով օրենքը և գործող համաձայնագրերը», - պնդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչությունը նաև շեշտել է, որ Արևմտյան ափի հողերը գրանցելու Իսրայելի որոշումը կպաշտպանի բոլոր տեղի բնակիչների՝ թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների իրավունքները:

«Այս շաբաթ Իսրայելի կառավարությունը հաստատեց վարչական միջոցառում քաղաքացիական և սեփականության իրավունքի շրջանակներում: Այս միջոցառումը նախատեսված է հողերի գրանցման ընթացակարգերը հնարավոր դարձնելու համար՝ ապահովելով իրավական վեճերը լուծելու համար իրավունքների թափանցիկ և մանրակրկիտ պարզաբանում: Այս քայլը պաշտպանում է թե՛ իսրայելցիների, թե՛ պաղեստինցիների սեփականության իրավունքները»,- պնդում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը:

Փետրվարի 15-ին Իսրայելի կառավարությունը հաստատել է Արևմտյան ափում հողերի գրանցման գործընթացի մեկնարկը։ Սա առաջին նման որոշումն է 1967 թվականից ի վեր, երբ նախկինում Հորդանանի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան ափը Վեցօրյա պատերազմից հետո անցել է Իսրայելի վերահսկողության տակ։

Այս քայլը դատապարտվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ պետությունների կողմից։ Միջազգային իրավունքի համաձայն՝ Արևմտյան ափի տարածքները համարվում են օկուպացված, իսկ այնտեղ Իսրայելի բնակեցման գործունեությունը համարվում է միջազգային իրավունքին հակասող։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում