Մերձավոր Արևելք

Գերմանիայի նախագահ Շտայնմայերն այցելել է Բեյրութի ավերիչ պայթյունի վայրը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի նախագահ Շտայնմայերն այցելել է Բեյրութի ավերիչ պայթյունի վայրը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը փետրվարի 17-ին՝ Լիբանան կատարած այցի երկրորդ օրը, այցելել է Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած ավերիչ պայթյունի վայրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է dpa գործակալությունը։

Շտայնմայերը և նրա կինը զրուցել են պայթյունի ականատեսների հետ։

Գերմանիայի տնտեսական աջակցության հնարավորությունների մասին հարցին Շտայնմայերը պատասխանել է, որ «համոզված է, որ Լիբանանն ունի հիմնարար ռեսուրսներ և բավականաչափ գրավիչ է օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար»։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Լիբանանի կառավարությունը նախ պետք է համապատասխանի Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներին և մշակի օտարերկրյա ներդրումների կառավարման ստուգելի մոտեցում։

Գերմանիայի նախագահը Լիբանանից կմեկնի Հորդանան, որտեղ փետրվարի 18-ին կհանդիպի Աբդուլլահ II թագավորի հետ։

Բեյրութի նավահանգստում պայթյունի հետևանքով զոհվել էր ավելի քան 220 մարդ, այդ թվում՝ երկու գերմանացի, մի քանի հազար մարդ վիրավորվել էր։ Պայթյունը որոտացել էր ամոնիումի նիտրատի բռնկման պատճառով։ Վտանգավոր նյութը տարիներ շարունակ պահվել էր նավահանգստում՝ առանց որևէ անվտանգության միջոցառումների։ Պայթյունը երբևէ գրանցված ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից մեկն էր, որի համար դեռևս ոչ ոք չի դատապարտվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում