Եվրոպա

Հունգարիան և ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Հունգարիան և ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Միացյալ Նահանգները և Հունգարիան փետրվարի 16-ին Բուդապեշտում քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ մասնակցել է ԱՄՆ-Հունգարիա քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման արարողությանը», - նշվում է գրառման մեջ։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ միջկառավարական համաձայնագիրը նախատեսված է Հունգարիայի և ԱՄՆ-ի միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությունը բարձրացնելու և դրա համար քաղաքական հիմք ստեղծելու համար: Այն կծառայի այս հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացմանը, որը ստորագրվել է 2025 թ. նոյեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:

Հուշագրում, ի թիվս այլ բաների, նախատեսվում է, որ Հունգարիան, բացի ռուսական վառելիքից, Westinghouse ընկերությունից կգնի նաև ամերիկյան միջուկային վառելիք Պակշի ատոմակայանի համար: Մատակարարումների արժեքը, որոնք կարող են սկսվել երեքից չորս տարի հետո, կկազմի մոտավորապես 114 միլիոն դոլար։

Ըստ համաձայնագրի՝ կողմերը նաև նախատեսում են Հունգարիայում ստեղծել միջազգային կենտրոն՝ ամերիկյան տեխնոլոգիաներով փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) արտադրության համար։ Հունգարիայի կառավարությունը պատրաստ է աջակցել 10 ՓՄՌ-ի կառուցմանը՝ մինչև 20 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։

Բացի այդ, ծրագիրը նախատեսում է ամերիկյան տեխնոլոգիաների կիրառում Պակշի ատոմակայանում օգտագործված միջուկային վառելիքի պահեստարանի կառուցման համար, որի արժեքը կկազմի 200 միլիոն դոլար։

Հունգարիա այցից առաջ Ռուբիոն փետրվարի 15-ին այցելել էր Սլովակիա, իսկ մինչ այդ նա մասնակցել էր Գերմանիայում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում